Կարեն Անդրեասյանը՝ Զարուհու և Գորիկի արանքում

Կարեն Անդրեասյանը՝ Զարուհու և Գորիկի արանքում

Օմբուդսմենը և Զարուհուն է պաշտպանում, և Գորիկին։



Ոչ նալին, ոչ մեխին։ Կարեն Անդրեասյանը ինչպես միշտ հանդես է գալիս որպես խաղաղության աղավնի, առանց հասկանալու, որ սա մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտին ոչ բնորոշ դեր է։ Ըստ օմբուդսմենի, Զարուհի Փոստանջյանին իրական վտանգ չի սպառնում, իսկ եթե նրա դեմ իրավական գործընթաց սկսվի, ապա ինքը, նաև մյուս իրավապաշտպանները կլինեն նրա կողմքին։ Հիշեցնենք, որ Զարուհի Փոստանջյանը ԱԺ ամբիոնից «սադրիչ» կոչ էր արել․ «Պիտի տապալենք և՛ Սերժ Սարգսյանին, և՛ Հանրապետական կուսակցությունը, պետք է անցնենք Նալբանդյան փողոցով, քանդենք այնտեղի «Բաստիլը»՝ ԱԱԾ, ԿԳԲ, ՆԿՎԴ», իսկ ԱԱԾ-ն արձագանքել էր սրան, հայտարարելով, որ «ցանկացած նման կոչ, առավել ևս գործողություն կատարելու փորձ կկանխվի ՀՀ ազգային անվտանգության ծառայության տրամադրության տակ եղած բոլոր օրինական միջոցներով»։ Ըստ Կարեն Անրեասյանի, սա ոչ թե ընդդիմադիր գործչի հետապնդում է, նրա նկատմամբ պետական մարմնի ճնշում, այլ «հանրային բանավեճ»․ «Սա այն վտանգավոր ձևը չէ, որով կարող է ազատ խոսքը վտանգվել» - հայտարարեց Կարեն Անդրեասյանը կառավարության նիստից հետո։ «ԱԱԾ-ն կարող է մասնակցել հանրային բանավեճերին և քննարկումների, և այս դեպքում ես չեմ կարծում, որ եղել է վտանգ ուղղված սահմնադարկան կարգի տապալմանը։ Այն հոդվածը, որ ակնարկվում էր ԱԱԾ հայտարարության մեջ, ենթադրում եմ, վերաբերում էր սահմանադրական կարգի տապալման կոչեր հնչեցնելուն։ Ես այդ ելույթին կարող եմ այսպիսի մեկնաբանություն անել ՄԻԵԴ-ից։ Այնտեղ ասվում է, որ  եթե անհանգստություն ունեք և ուզում եք սահմանափակել որևէ մեկի խոսքը, պետք է նրա այդ կոչերը լինեն իրական և իրատեսական։ Վստահ եմ, որ տիկին Փոստանջյանի ելույթը որևէ իրական վտանգ չի ստեղծել սահմանադրական  կարգի տապալման առումով, և հետևապես անհանգստանալու և նրա նկատմամբ որևէ իրավական գործընթաց սկսելու կարիք չկա։ Միևնույն ժամանակ ԱԱԾ հայտարարությունը որևէ վտանգ չի ստեղծել տիկին Փոստանջյանի համար»։ Եթե Զարուհու հայտարարությունը այնուամենայնիվ նրա դեմ իրավական գործընթաց սկսելու պատճառ դառնա, ապա դա կլինի, ըստ օմբուդսմենի, իրավունքի և Սահմանադրության կոպիտ խախտում։