27 տարի առաջ այս օրը

27 տարի առաջ այս օրը

1988 թվականի այս օրը Հայաստանը ցնցվեց: Հաշված վայրկյանների ընթացքում երկրի հյուսիսի հարյուրավոր բնակավայրեր վերածվեցին ավերակների, հարյուր հազարավոր մարդիկ մնացին անօթևան, 20 հազար մարդ զոհ գնաց անասելի ուժի երկրաշարժին: Այսպիսի հարված էր պահված խորհրդային տարեգրության վերջին տարիներն ապրող, դեպի իր վերանկախացումը առաջին քայլերն անող Հայաստանին:



Աղետյալ երկրին օգնության ձեռք մեկնեց ողջ աշխարհը, խոստումներ եղան երկու ամսում վերականգնել ավերված քաղաքներն ու գյուղերը: Այդ ամենը, սակայն, ի զորու չէին լինի ամոքել մեծ վիշտը, եթե չլիներ մեր ժողովրդի ապրելու կամքը, և 1988-ի փետրվարով սկսված երթը:



Հայ ժողովուրդը չընկրկեց: Խորհրդային երկրի ղեկավար Գորբաչովը դեռ պետք է զարմացած բացականչեր՝ և այդ վիճակում ինձ Հայաստանում հարցնում էին, թե ինչպես պետք է լուծվի Ղարաբաղի հարցը...



Քսանյոթ տարի է անցել... Վերանկախացած Հայաստանի իշխանությունները աղետի գոտին վերականգնել են ինչպես կարողացել են, ինչքան կարողացել են, բայց դեռ այսօր էլ կան հետևանքները՝ տնակներում ապրող մարդիկ, բնակարանային չլուծվող խնդիրներ, աշխատատեղերի բացակայություն...



Սակայն մարդիկ ապրում են այնտեղ՝ աղետի գոտում, պայքարում են՝ հույսով, որ մի օր նորից կտեսնեն իրենց ծաղկուն քաղաքներն ու գյուղերը, որ մի օր, վերջապես էլ չեն լսի աղետի գոտի բառակապակցությունը: