Պատկան մարմինները և նորանշանակ նախարարուհին ուղղակի դիվիդենտներ են հավաքում. Արման Սուլեյմանյան

Պատկան մարմինները և նորանշանակ նախարարուհին ուղղակի դիվիդենտներ են հավաքում. Արման Սուլեյմանյան

«Դուրս մեր գրպանից» քաղաքացիական նախաձեռնությունը հիշեցնում է, որ վարորդներին տուգանելու բալային համակարգն առաջարկել են իրենք, սակայն վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքն իրենց չի բավարարում, այսօր լրագրողների հետ հանդիպմանը կանխատեսում էին նաև, որ նոր օրինագիծն ավելի վատ հետևանքներ կունենա:



«Գործընթացը ձևական է, «PR» տեխնոլոգիաներն օգտագործելով պատկան մարմինները և նորանշանակ հարգարժան նախարարուհին, այսպես ասած, ուղղակի դիվիդենտներ են հավաքում, մեծ հաշվով ինքը հարցերին լուծում չի տալիս: Դուք ինքներդ եք հասկանում, եթե դու ուզում ես խնդիրը լուծես, դու պետք է չվախենաս որոշակի քննադատություններից, թափանցիկ լինելուց: Քանի որ գործընթացը թափանցիկ չէ, քանի որ այստեղ չկա գեթ մեկ լրագրող, ով ներկա է եղել այդ որոշումների կայացմանը, ես իրավունք ունեմ կարծելու, որ այդ որոշումը կայացվել է հետևյալ կերպ՝ նստել է նախարարը, մի քանի հոգի ասել են՝ ի՞նչ անենք ձևական, որ ժողովուրդն ասի դե «մալադեց»».- նշում է քաղաքացիական նախաձեռնության անդամներից Արման Սուլեյմանյանը:



«Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամները չեն ժխտում, որ օրինագիծն ամբողջությամբ վատն է, սակայն թերությունները շատ են, օրինակ են բերում համաներումը, որն առաջին հայացքից «բարի գործ» է: «Ինչ վերաբերվում է համաներմանը, ի՞նչ տեղի ունեցավ, մի՞թե մեր այս փողոցները լայնացան, այդ գծերը կարճացան, թող մարդկանց, որոնք միլիոնների հասնող տուգանքներ ունեն, թող առաջարկեին ոչ թե մայր գումարներ վճարել, ԴԱՀԿ-ի գումարները հանած, այլ նաև բողոքարկման մեխանիզմ մտցնեին: Արդարադատության նախարարությունը ոչ մի շահագրգիռ կողմի չի հրավիրել քննարկելու, ոչ մեր նախաձեռնությունների, որ տարբեր վարորդների իրավունքներով զբաղվող հասարակական կազմակերպությունների չեն հրավիրվել».- նշում է Արսեն Պետրոսյանը:



«Մինչև համակարգային փոփոխություններ չլինեն, մենք սա նայում ենք որպես նույն գործընթացի շարունակություն: Եթե նախկինում կարմիր գծերը տրորելու համար տուգանում էին 5 հազար դրամ, հիմա ուղղակի բավարարվելու են նախազգուշացումով: Բայց պատկերացրեք, որ շարունակական նույն բնույթն է լինելու: Եթե մի գործունեության մեջ ձեռնարկատիրական մոտեցում և սուբյեկտիվիզմը նկատի ունեմ, այն մարդկանց, որ նստած են համակարգչի այն կողմը, խախտումներն են արձանագրում, մենք համարում ենք, որ դա օբյեկտիվ չէ»:



Hraparak.am-ի հարցին, արդյոք ի՞նչ են պատրաստվում անել և ի՞նչ ակնկալիքներ ունեն, արդարադատության նախարարության հետ հանդիպու՞մ պահանջեն. «Մենք ակնկալում ենք հասարակական քննարկում կազմակերպել, իշխանությունների կողմից, այդտեղ ներգրավվեն բոլոր շահագրգիռ կողմերը, ովքեր շահագրգռված են տվյալ հարցում: Քննարկումների դեպքում նոր պարզ կլինի, թե ինչ պահանջներ են, որովհետև դրույթները շատ-շատ են».- պատասխանեց Արմեն Եփրեմյանը:



Չնայած քաղաքացիական նախաձեռնության անդամները պնդում էին, որ արդարադատության նախարարությունը հանդիպումներ չի ունեցել ՀԿ-ների հետ, այնուամենայնիվ նշենք, որ դեկտեմբեր ամսին նման հանդիպումներ որոշ կազմակերպությունների հետ եղել են, ինչպիսիք են «Հայաստանի ուղևորափոխադրումների կազմակերպում» ՀԿ-ի, «Ավտովարորդների պաշտպանության լիգա» ՀԿ և այլն: Չնայած ՀԿ-ի անդամները անարդյունավետ էին գնահատում այդ հանդիպումները: