Կպաշտպանեն քաղաքական հայացքների պատճառով տուժած ՀՀ քաղաքացիներին

Կպաշտպանեն քաղաքական հայացքների պատճառով տուժած ՀՀ քաղաքացիներին

Տարեսկզբին ընդդիմության ակտիվիստների նկատմամբ բռնություններն ու քաղաքական հալածանքներն առիթ են տվել, որ «Հիմնադիր խորհրդարանը» մտորի բռնության ենթարկված ՀՀ քաղաքացիներին պաշտպանելու նպատակով նախաձեռնություն ստեղծելու մասին։



«Հիմնադիր խորհրդարան»-ի փոխնախագահ Վարուժան Ավետիսյանը մեր զրույցի ժամանակ նշեց, որ այդ առաջարկությունն արվել է հունվարի 9-ին, Երեւանի Ազատության հրապարակում, որպեսզի արագ արձագանքեն բռնության ենթարկվածներին, նրանց մասին հավաքեն անհրաժեշտ տեղեկատվություն եւ պաշտպանեն նրանց իրավունքները։ Նախաձեռնության հեղինակները, ըստ մեր զրուցակցի, Ազատության հրապարակում մշտապես հավաքվող երիտասարդներն են, որոնք հիմնականում «Նոր Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության անդամներն ու համակիրներն են։



Նախաձեռնության հեղինակներից Արմեն Միքայելյանն էլ մեր զրույցի ժամանակ նշեց, որ իրենք դեռ նոր-նոր են սկսել, ամեն ինչ պրոցեսի մեջ է, իրենք պետք է ցուցաբերեն համակարգված մոտեցում եւ պետք է պաշտպանեն քաղաքական հայացքների պատճառով տուժած բոլոր քաղաքացիներին։ Մեր դիտարկմանը, թե պաշտպանելո՞ւ են նրանք նաեւ քաղբանտարկյալներին, Արմեն Միքայելյանն արձագանքեց՝ բնականաբար։



Արմեն Միքայելյանն ասաց նաեւ, որ իրենց նախաձեռնությունն ավելի շատ ունի կանխարգելիչ նպատակներ, ունեն շատ տարբեր գործիքակազմեր, որոնց մասին առայժմ նպատակահարմար չեն համարում իրազեկել։