Խոզի գրիպի պատասխանատուն Արմեն Մուրադյա՞նն է

Խոզի գրիպի պատասխանատուն Արմեն Մուրադյա՞նն է

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը վստահեցնում է, որ H1N1 վարակի, կամ ինչպես ասում են, խոզի գրիպի համաճարակ չկա, որ Հայաստանում հիվանդացության շեմը դեռ այնքան էլ բարձր չի, որ համաճարակ հայտարարվի։ «Համաճարակ հայտարարվում է, եթե այդ շեմը 4-ից 5 անգամ ավելի բարձր է լինում, այս պահին մեզ մոտ համաճարակ չկա», - ասում է նախարարը։ Բայց սա քիչ հուսադրող է։ Հանրապետությունում այս պահի դրությամբ 11 մահ կա։ Երեք մարդ մահացել է անցյալ տարի, իսկ 8-ը՝ 2016-ին։ Երևանի և մարզերի հիվանդանոցներում հիվանդների կուտակումներ են։ Դեռ մուտքի մոտից կլինիկաներում դիմակներ են բաժանում։ Հիվանդանոցների դիմելիությունն այնքան մեծ է, որ ներհիվանդանոցային վարակների վտանգ է առաջացել։



Ըստ առողջապահության նախարարի, հիվանդանոցների ծանրաբեռնվածությունից խուսափելու համար երկարացվել են պոլիկլինիկաների աշխատանքային ժամերը։ Դրանք աշխատում են մինչև գիշերվա երկուսը։ Նախարարը վստահեցնում է, որ հիվանդանոցներն ու պոլիկլինիկաները գերազանց են կատարել իրենց աշխատանքը՝ անվճար սպասարկելով բոլորին, որ դրանք բավարար քանակությամբ «Տամիֆլյու» դեղամիջոց են ստացել, որով բուժում են խոզի գրիպը, որ վերջինիս ներկրկման գինը 9000 դրամ է, սակայն կառավարությունն այն անվճար է տրամադրում, և որ այս իմաստով Հայաստանը եզակի երկիր է, որտեղ մոտ 11 հազար դրամ շուկայական արժեք ունեցող «պրեպարատն այս տրվում է անվճար»։ Փաստորեն, լավ է, որ խոզի գրիպ եղավ, թե չէ մեր բացառիկության մասին չէինք իմանալու։



«Հիմնական վիճակագրական տվյալները այսօր առավոտվա դրությամբ սուր շնչառական հիվանդություններով դիմել են 945 հիվանդ, ներառյալ հարբուխը, բրոնխիտները։ 420 հիվանդի մոտ դիագնոզվել է թոքաբորբ։ Մոտ 200-ը նրանցից երեխաներ են, 38 հղիներ, առհասարակ 114 հղիներ են հոսպիտալացվել», - արձանագրում է նախարարը, խորհուրդ տալով կարդալ արտասահմանյան մամուլ, տեսնելու համար, թե ինչ վատ է վիճակը տարածաշրջանի մյուս երկրներում։ Հետևելով առողջապահության նախարարի խորհրդին, համոզվում ենք հակառակում։



Ռուսաստանում, օրինակ, պայքարի հիմնական միջոցը պատվաստումն է։ 2015 թվականի դեկտեմբերի 22-ի տվյալներով Ռուսաստանի բնակչության 43 տոկոսը պատվաստվել է գրիպի դեմ։ Մեզ մոտ պատվաստումներն առաջին հերթին անցկացվել են մանկատներում, ծերանոցներում, հոգեբուժարաններում, բուժհաստատությունների անձնակազմի շրջանում։ Ընդհանուր առմամբ՝ մոտ 15 հազար մարդ։ Բայց զանգվածային պատվաստումների հարց չի քննարկել։ Ուկրայինայում, օրինակ, Օդեսսայում, որտեղ արդեն 15 մահ կա, ախտահանվում է քաղաքային տրանսպորտը։ Բոլոր գազելները սանիտարական մշակման են ենթարկում։ Ադրբեջանում սանիտարական խմբեր են աշխատում Իրանի հետ սահմանային կետերում, անասնաբուժական հսկողությունն է խստացված Թուրքիայի Մեզ մոտ պայքարը զուտ առողջապահության նախարարության վրա է դրված, և տպավորություն է, թե խոզի գրիպի միակ պատասխանատուն այս երկրում նախարար Արմեն Մուրադյանն է։



Սյուզան Սիմոնյան