Պարզաբանում

Պարզաբանում

Հունվարի 13-ին Hraparak.am կայքում տեղադրվել է «Ռադիոյով Հայր Անտոնն էր խոսում» վերնագրով մի նյութ, որտեղ հետգրությամբ նշվում է, որ Գյումրիում գործող «Ռադիո Մարիամ Հայաստան»-ի տնօրենը «Շանթ» հ/ը նախագահ Արթուր Եզեկյանն է: Այնուհետև որպես ինֆորմացիոն աղբյուր վկայակոչելով «խոսակցությունները»` հավելվում է, որ Արթուր Եզեկյանը «Ռադիո Մարիամ Հայաստանը» ղեկավարում է դեռևս 2015 թ.-ի նոյեմբերից: 



«Շանթ» հ/ը պաշտոնապես հայտարարում է, որ նյութում տեղ գտած տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում և տրամաբանությունից դուրս է: Ավելին` «խոսակցությունների» իսկությունը ճշտելու համար նյութի հեղինակը կարող էր զանգահարել ռադիոկայան և հարցնել, թե ո՞վ է տնօրենը կամ դիմել Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն` համապատասխան տեղեկություններ ստանալու համար: 



Ինչ վերաբերում է «Ռադիո Մարիամ Հայաստան»-ի հաղորդումները «Շանթ» ռադիոկայանով եթեր հեռարձակելուն, նշենք, որ կան մի շարք այլ կայաններ ևս, որոնց հետ «Ռադիո Շանթն» ունի պայմանագիր և ապահովում է հեռարձակում: Այդ դեպքում պետք է ենթադրել, որ բոլոր այդ կայանները ղեկավարում է Արթուր Եզեկյա՞նը:



Ի դեպ, հավելենք նաև, որ «Ռադիո Մարիամի» կայքում (www.radiomariam.am) պարզ գրված է, որ այն հիմնադրվել է Իտալիայում` Հռոմի Պապի հովանավորությամբ և հեռարձակվում է աշխարհի շուրջ 70 երկրներում: