Գործընթացի մեկնարկը տրված է՝ ոմանք շտապում են, ոմանք՝ բոյկոտում

Գործընթացի մեկնարկը տրված է՝ ոմանք շտապում են, ոմանք՝ բոյկոտում

Թեպետ տարվա քաղաքական կարեւոր իրադարձության՝ Ընտրական օրենսգրքի մշակման հարցը ՀՀԿ-ն եւ նրա քույր կուսակցությունները գաղտնի են պահում, ներքաղաքական դաշտում տոները դեռ չավարտված՝ աժիոտաժն սկսվել է: Քաղաքական որոշ ուժեր շտապեցին անմասն չմնալ գործընթացից եւ հրապարակեցին առաջարկությունների իրենց փաթեթը:



Առաջարկություններ են ներկայացրել Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստանը», Հայ ազգային կոնգրեսը: Խորհրդարանական խմբակցություններից Դաշնակցությունն ու «Բարգավաճ Հայաստանն» էլ, ինչպես նաեւ ՀՀԿ-ն, դեռ տարեվերջին են հանդիպումներ ունեցել Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամներ Վարդան Պողոսյանի եւ Հրայր Թովմասյանի հետ, որոնց վստահված է նաեւ ԸՕ նոր նախագծի մշակումը։ Ավելին՝ մենք տեղեկություններ ունենք, որ երեք ուժերն արդեն որոշակի հարցերում համաձայնության են եկել, մասնավորապես կայուն մեծամասնություն ապահովելու, ռեյտինգային քվեարկության եւ այլնի վերաբերյալ: Կուսակցությունների մեծ մասն սպասում է, մինչեւ, համապատասխան ընթացակարգերին համաձայն, նախագծի նախնական տարբերակը կուղարկվի ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի քննարկմանը: Այդ ժամանակ էլ նրանք հանդես կգան իրենց առաջարկներով, դիտողություններով ու առարկություններով: Չի բացառվում նաեւ, որ լսումներ կազմակերպվեն:



«Երբ քննարկումները կմեկնարկեն ԱԺ համապատասխան հանձնաժողովում եւ լիագումար նիստում, մենք մեր դիրքորոշումը կներկայացնենք»,- մեզ փոխանցեց «Ալյանս» կուսակցության մամլո խոսնակ Վարդան Քոչարյանը: ՎՍԴՀԿ ղեկավար, ԱԺ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն էլ փոխանցեց, որ անմասն չեն մնա, կուսակցությունում արդեն քննարկել են ու հանդես կգան առաջարկներով. «Մեր մոտեցումները շատ չեն տարբերվում մնացած բոլոր քաղաքական ուժերի մոտեցումներից ու պահանջներից. պետք է ամեն ինչ անել, որեւէ սողանցք որ թույլ չտրվի այս օրենսգրքում, որը կնպաստի ընտրությունների կեղծմանը, լցոնումներին»։ Սարգսյանը վստահ չէ, որ կատարյալ Ընտրական օրենսգիրք կմշակվի. «Մյուս կողմից՝ նույնիսկ ամենակատարյալ օրենսգրքի դրույթներն էլ, ցանկության դեպքում, կարելի է շրջանցել, այդուհանդերձ կնպաստենք, որպեսզի այն առավելագույնս թափանցիկություն ապահովի»: Սարգսյանն ընդգծեց ընտրություններից հետո ընտրացուցակների հրապարակման հարցն ընդգրկելու անհրաժեշտության մասին, տեղեկացրեց, որ դրա բաղկացուցիչ կետերի մասին կուսակցությունում մշակումներ են ընթանում, որը, ամենայն հավանականությամբ, կներկայացվի փոփոխություններ իրականացնող հանձնաժողովին: Նոր ԸՕ-ում կայուն մեծամասնություն ապահովելու նպատակով կոալիցիա կազմող ուժերի թվի սահմանափակման եւ այդկերպ տեսականորեն անգամ իշխանափոխության հավանականությունը զրոյացնելու իշխանության մտադրությունների առիթով էլ Սարգսյանը նկատեց. «Կարծում եմ՝ սահմանափակումներ չպիտի լինեն, մանավանդ, որ 2-3 ուժից ավելին չեն ցանկանա մտնել իշխանության կոալիցիայի մեջ»: Սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարողները մտավախություն ունեն, որ ռեյտինգային տարբերակի ներդրմամբ կարող է խեղվել համամասնական ընտրակարգի իմաստը. «Ինձ շատ հետաքրքրում է, թե ինչ կերպ է իշխանություններն այս հարցը լուծելու: Հետաքրքրում է նաեւ, թե ինչ կերպ է ՀՀ քաղաքացի հանդիսացող, բայց երկրից այդ պահին բացակայող քաղաքացիների ընտրելու իրավունքն իրացվելու: Ցուցակները պետք է մաքրվեն, ընդ որում՝ ընդդիմության մասնակցությամբ»:



«Ժառանգությունը» կբոյկոտի գործընթացը։ «Դեկտեմբերի 6-ի հանրաքվեն ցույց տվեց, որ իշխանությունները չունեն քաղաքական կամք՝ որեւէ բարեփոխում իրականացնելու մեր երկրում, սահմանադրական փոփոխությունների հետ կապված մեր առաջարկները չընդունվեցին»,- մեզ փոխանցեց կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ միեւնույն ժամանակ նկատելով, որ «Ժառանգությունը» բազմիցս է դրա վերաբերյալ առաջարկներ ներկայացրել. «Եթե ընդունելու լինեն՝ կընդունեն»: Մարտիրոսյանի համոզմամբ, ցանկացած ԸՕ չի կարող կյանքի կոչվել, եթե բացակայում է քաղաքական կամքը. «Գործող օրենսգրքում էլ գրված չէ, որ վարչական ռեսուրսներ պետք է օգտագործեն, համայնքային իշխանությունները որ պետք է կեղծիքներով զբաղվեն, իշխանությունը պետք է թաղային հեղինակություններին ապահովի, որ վերջիններս տեղամասերում իրենց աշխատանքը տեսնեն»:



«Նոր Հայաստան» շարժման մաս կազմող մեկ այլ՝ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանն էլ նկատեց, որ ընդդիմադիր բոլոր ուժերը պետք է բոյկոտեն, եւ կոնսոլիդացիա տեղի ունենա ընդդեմ իշխանության, այլ ոչ թե «սպասարկեն» ՀՀԿ-ի նախաձեռնությունը: «Նոր Հայաստանն» առաջիկայում քննարկումներ կսկսի այս հարցի վերաբերյալ եւ հանդես կգա դիրքորոշմամբ. «Այն ուժերը, որոնք իրական ընդդիմություն են, պետք է բոյկոտեն»: Չնայած փոքր երկիր է, եւ մարդիկ գիտեն, թե ով է իրական ընդդիմադիր, ով՝ կեղծ, ըստ Մակեյանի, չի խանգարի եւս մեկ թեստ անցկացնել ու «ֆիլտրացիա անել»:



Նշենք, որ Արամ Կարապետյանն էլ դեռ անցած տարի մեզ տեղեկացրել էր, որ ակտիվ մասնակցություն են ունենալու գործընթացին, այժմ նա Հայաստանում չէ, կվերադառնա մոտ օրերս:



«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը կարեւորում Է ԸՕ փոփոխությունների շուրջ քննարկումները։ «Սահմանադրական փոփոխություններից հետո շատ կարեւոր դրույթների հիմնական ձեւակերպումներն ու կարգավորումները թողնված են Ընտրական օրենսգրքին, այդ իսկ պատճառով «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը կարեւորում Է ԸՕ փոփոխությունների շուրջ քննարկումները։ Եվ մեզ համար չափազանց կարեւոր է, որ բովանդակային, հրապարակային քննարկումներ լինեն, եւ կարողանանք իրապես փոփոխություններ կատարել։ Մենք մասնակցելու ենք այդ քննարկումներին, քանզի դեռեւս սահմանադրական փոփոխությունների քննարկումների ժամանակ մեր առաջարկը հնչեցրել ենք պատգամավոր ընտրվելու համար անհրաժեշտ մշտական բնակության ցենզի վերաբերյալ։ Փոփոխված Սահմանադրությունը նախատեսում է 4 տարվա մշտական բնակության պահանջ պատգամավոր ընտրվելու համար, մեր առաջարկն է, որ այդ սահմանափակումը չտարածվի արտասահմանյան առաջատար բուհերում ուսում ստացած անձանց վրա»,- կուսակցության տեսակետը փոխանցեց ԱԴ խոսնակ Անժելա Խաչատրյանը։