ՄԻՊ թեկնածուին կառաջադրի ԱԺ հանձնաժողովը

ՄԻՊ թեկնածուին կառաջադրի ԱԺ հանձնաժողովը

Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ մարդու իրավունքների նոր պաշտպան ընտրելու համար որոշման նախագիծ են ներկայացրել: ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովն այս ուրբաթ կքննարկի նախագիծը: Հիմք ընդունելով նոր Սահմանադրությամբ պաշտպանի ընտրությանն առաջադրվող պահանջները, պատգամավորներն առաջարկում են մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուի ընտրությունը վերապահել ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովին, որից հետո առաջարկել խորհրդարանին:



Նախագծի հեղինակներն են ՀՀԿ-ական պատգամավորներ Հովհաննես Սահակյանը, Արտակ Դավթյանը, Գագիկ Մինասյանը, Խոսրով Հարությունյանը, Գագիկ Մելիքյանը, Վահրամ Մկրտչյանը, ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը եւ ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանը:
Նրանք ԱԺ են ներկայացրել «ՀՀ ԱԺ 5-րդ գումարման մշտական հանձնաժողովների թիվը, անվանումները եւ գործունեության ոլորտները սահմանելու մասին» 2012թ. մայիսի 31-ի ԱԺՈ-004-Ա որոշման մեջ լրացում կատարելու եւ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրելու համար Ազգային ժողովին թեկնածու առաջարկելու կարգի մասին նախագիծը:



Բանն այն է, որ օմբուդսմենի ընտրությունը կանոնակարգվում է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքով, բայց արդեն ուժի մեջ են փոփոխված Սահմանադրության մի քանի գլուխներ, այդ թվում՝ 10-րդը, որը վերաբերում է ՄԻՊ-ին։ Ընտրության վերաբերյալ այն հետեւյալ սահմանումն է տալիս. «Մարդու իրավունքների պաշտպանին ընտրում է Ազգային ժողովը` իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով»: Իսկ նախկին օրենքում ՄԻՊ-ին ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով, ՀՀ նախագահի եւ ԱԺ պատգամավորների առնվազն 1/5-ի կողմից առաջարկված թեկնածուներից:



Այսինքն, ընտրության մասով հակասություն օրենքի եւ նոր Սահմանադրության միջեւ չկա, բայց հակասություն կա առաջադրման առումով: Սահմանադրությունը սահմանում է, որ թեկնածուն պետք է առաջադրված լինի իրավասու մշտական հանձնաժողովի կողմից:
Պատգամավորների նախագիծն այս նյուանսները կարգավորելուն է վերաբերում: ՄԻՊ օրենքի համաձայն՝ պաշտպանի լիազորությունների վաղաժամկետ դադարման դեպքում պաշտպանի ընտրություններն անցկացվում են պաշտոնը թափուր մնալուց հետո 1 ամսվա ընթացքում: Այս տարվա հունվարի 18-ից պաշտոնապես թափուր համարվեց օմբուդսմենի պաշտոնը, հունվարի 12-ի անակնկալ հրաժարականի դիմումը 18-ին կրկնեց նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը:



Սահմանադրության փոփոխություններից հետո Ազգային ժողովի կանոնակարգը եւ մարդու իրավունքների պաշտպանի մասին սահմանադրական օրենքը պետք է համապատասխանեցվեն Սահմանադրությանը եւ ուժի մեջ մտնեն մինչեւ հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրը՝ փետրվարի 1-ը: Քանի որ Սահմանադրության փոփոխություններից հետո մարդու իրավունքների պաշտպանի ընտրության կարգ դեռեւս սահմանված չէ, նախագծի հեղինակներն առաջարկում են, որ մարդու իրավունքների պաշտպանի ընտրության առաջարկվող կարգը գործի մինչեւ այս գումարման Ազգային ժողովի լիազորությունների ավարտը, որից հետո կգործի նշված սահմանադրական օրենքներով սահմանված կարգը: Նախագծով մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրելու համար թեկնածուի առաջարկումն Ազգային ժողովին լինելու է պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ՝ հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն 1/3-ի գրավոր դիմումով։ Եթե որոշումն ընդունվի, ապա պաշտպանի թեկնածուների վերաբերյալ դիմումները հանձնաժողովի նախագահին կներկայացվեն այն ուժի մեջ մտնելու օրվանից հետո 5 օրվա ընթացքում: Դիմումին կցվելու են պաշտպանի թեկնածուի անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի պատճենները, կենսագրությունը, տեղեկանք վերջին 4 տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսանալու եւ վերջին 4 տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին, ինչպես նաեւ պաշտոնում ընտրվելու համար թեկնածուի գրավոր համաձայնությունը:



Կարեն Անդրեասյանի հրաժարականից ժամեր անց ՄԻՊ բազմաթիվ թեկնածուների անուններ են շրջանառվում: Այդ թվում՝ պատգամավորներ Կարեն Բեքարյանի, Թեւան Պողոսյանի, փաստաբան Արտակ Զեյնալյանի, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի անունները, ինչպես նաեւ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դեկանի տեղակալ, դոցենտ Կարեն Գեւորգյանի։ Թե ով ինքնառաջադրում կանի, ում թեկնածությունները կներկայացնեն ուրիշները, պարզ կդառնա մեկ շաբաթ անց:



Չնայած տեղեկություններ կան, որ ով էլ ընտրվի, լինելու է «անցումային ՄԻՊ», եւ 2017-ի խորհրդարանական ընտրություններից հետո ՀՀԿ-ն սկսելու է նոր խաղ՝ նոր խաղացողներով: