Ո՞վ գիտի՝ ինչի՞ համար է պատգամավորը

Ո՞վ գիտի՝ ինչի՞ համար է պատգամավորը

Պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն առաջարկում էր խորհրդարանի կանոնակարգ-օրենքում փոփոխություններ կատարել եւ հասարակության հետ պատգամավորի ամիսը մեկ անգամ հանդիպելու պարտավորություն սահմանել: Նպատակն էր բարձրացնել խորհրդարանի հաշվետվողականության մակարդակը: 



Նախագիծն արժանացավ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի բացասական եզրակացությանը։ Առանց օրենքի էլ հանդիպողը հանդիպում է, չհանդիպողը կշարունակի չհանդիպել. օրենքը չի գործի, ինչպես չեն գործում պատգամավորի մասին սահմանադրական շատ նորմեր:



Խորհրդարանական կուսակցությունները բոլոր մարզերում էլ ունեն գրասենյակներ, բայց դրանք ակտիվ են միայն նախընտրական շրջանում: Պատգամավորը եթե գնա հանդիպման ժողովրդի հետ, մարդկանց մեծամասնությունը գալու է սոցիալական հարցերով՝ գումարի ու աշխատանքի ակնկալիքով, եւ եթե գործարար պատգամավորը հոսանքի վարձը տվեց, ապա ոչ գործարարը միայն խորհուրդ պետք է տա՝ հաջորդ ընտրություններին իրենց ընտրել, որ «լավ լինի»: Ընտրողի հետ ամեն հանդիպում վերածվելու է նախընտրական քարոզարշավի, ինչն արգելված է օրենքով՝ ոչ նախընտրական շրջանում:



Եթե մեր երկրում յուրաքանչյուրն իր գործով զբաղվեր, կունենայինք քիչ խնդիրներ, պատգամավորն էլ քաղաքացուց չէր փախչի: Կրկին վերադառնում ենք թեմային, որ սա համակարգի արդյունք է: Պատգամավորի դերն այսօր անհասկանալի է քաղաքացու համար, ոչնչի համար վարձատրվող պաշտոնյա, որն «աշխատում է» 3 շաբաթը մեկ՝ 4 օրով ու օրական 6 ժամով, մյուս ժամերին զբաղված է բիզնեսի կառավարմամբ:
Մարդիկ ամեն ընտրության խորհրդարան են բերում մեծամասնականով բիզնեսմենի ու նրա երեսը չեն տեսնում 5 տարի. նա էլ ասում է․ «Գնել եմ քո ձայնը, ոնց ուզեմ՝ կտնօրինեմ»: Ո՞ր պատգամավորն է ընտրության ժամանակ խոստանում ամենամսյա հանդիպում, ո՞ր պատգամավորի ծրագիրն են կարդում ընտրողները, ո՞ր ծրագիրն է դառնում իրականություն: Ուրեմն հիմա ինչո՞ւ պահանջել կամ ումի՞ց պահանջել ու ի՞նչ պահանջել:



Եթե վաղը այս նախագիծն ընդունվեր, եւ պատգամավորը գնար գյուղ, մարդիկ կասեին՝ դու ո՞վ ես, որովհետեւ շատերը չգիտեն իրենց պատգամավորին: 2007թ. նախընտրական քարոզարշավի ժամանակ Շիրակի մարզում հարձակվեցին Աղասի Արշակյանի վրա, թե՝ ո՞ւր ես կորել, դու Բուռնաշը չե՞ս: Երբ ասացինք, որ չէ, պարզապես արտաքինից նմանություններ ունի, դժգոհեցին մարդիկ, որ ամեն անգամ ընտրվում է, բայց չի այցելում իրենց:



Մեզ մոտ ամեն ինչ խառնվել է իրար, եւ բնակչությունը չգիտի կամ սխալ գիտի պատգամավորի դերը, պարտականությունները: Քանի որ մեծամասնական ընտրակարգով սովորաբար ընտրվում են գործարարներ՝ հսկայական գումարների ներդրմամբ, խոստումներ տալով, գումար կամ այլինչ բաժանելով, «բարեգործություն» անելով, քաղաքացին մոռացել է, որ պատգամավորի գլխավոր անելիքը դա չէ: Բարեկամս պատգամավոր էր ընտրվել մեծամասնական ընտրակարգով, գյուղացիներն ասում էին՝ «հենա ընտրեցինք, ի՞նչ արեց»: Ասում եմ՝ տասնյակ օրենսդրական նախաձեռնություններով է հանդես եկել: Հակադրվում են՝ «Գյուղն ասֆալտ չունի, առուն լցվում ա տները», ի՞նչ օգուտ իր օրենքներից: Այսինքն, ամեն ինչ իրար է խառնվել, եւ արդյունքում ոչ պատգամավորը գիտի իր անելիքը, ոչ գյուղացին:



Պատգամավորի գլխավոր անելիքն օրենսդրական աշխատանքն է, օրենք հեղինակելը, որոնցով պետք է շարժվի ողջ երկիրը, պետք է կարգավորվի յուրաքանչյուր մարմնի աշխատանքը, որն էլ արդյունքում կկարգավորի մեր կյանքը, պետությունը կշարժվի ժամացույցի պես: Ըստ վիճակագրության, օրենքների 90 տոկոսը կառավարությունն է ներկայացնում, 1-2 տոկոսը՝ նախագահը: Խորհրդարանն ընդամենը դատարկ դահլիճում քննարկում է ու հաստատում: Իսկ այդ օրենքները մնում են անուշադրության մատնված պետության բոլոր օղակների կողմից՝ ամենաներքեւից մինչեւ ամենավերեւ:



Սեւակ ՀԱԿՈԲՅԱՆ