ՀՅԴ-ն սեփական կամքով «հանձնվում է»

ՀՅԴ-ն սեփական կամքով «հանձնվում է»


ՀՀԿ – ՀՅԴ բանակցության ձգձգումը՝ համագործակցության ձեւաչափի ու պաշտոնների բաշխման շուրջ, արդեն իսկ աշխատում է ի վնաս ՀՅԴ-ի: Թեկուզ այն առումով, որ հանրության լայն շրջանակներում վստահության առումով ՀՅԴ-ի դիրքերը սկսել եմ հիմնովին սասանվել:



Խայծ ցույց տալ, իրեն մոտեցնել ու այնուհետև տալ այն, ինչ հարկ ես համարում:



Մոտավորապես ինտրիգային նման խաղի մեջ է հայտնվել ՀՅԴ-ն:



Ետդարձի ճանապարհները «վառված են» ու ամեն օր նոր կամուրջ է փլուզվում:



Եթե մինչ կոալիցիայի ստեղծումը Արմեն Ռուստամյանը հայտարարեր, որ ՀՀԿ-ն հեղինակություն չունի, ասածի վրա կկենտրոնանար հանրությունը, իսկ հիմա այդ հայտարարությունը հնչում է սին՝ մի՞թե հեղինակություն ունեցողը կարող է կանգնել հեղինակություն չունեցողի կողքին:



Ինչի՞ համար:



Այդքան հեշտ չէ հեղինակություն ստեղծել և եթե Դաշնակցությունը գտնում է, որ ինքը դարավոր հեղինակություն ունի, ինչու՞ ևս մի անգամ վտանգի տակ դրեց իր հեղինակությունը: Չէ՞ որ մինչ այդ ունեցած իր կոալիցիոն գործընկերությամբ «աստղ չավելացավ ուսին», հեղինակություն չստեղծեց: Միայն որոշ առաջնային գործիչների համար բարեկեցիկ կյանք ապահովեց:



Հիմա ա՞յլ բան է ուզում:



Երբ պատասխանատվության ստանձնելու հարց է առաջացել, ազատ գործելու հնարավորությու՞ն է ուզում:



Տրամաբանորեն ճիշտ բան է ուզում, բայց մի՞թե «նախկին կյանքում»
չէր համոզվել, որ նույն թավան է, նույն գազօջախը ու նույն կափարիչը:



Այս պարագայում բնական է հնչում Վահրամ Բաղդասարյանի հայտարարությունը.
«ՀՅԴ-ն իր ոտքով է եկել ՀՀԿ-ի մոտ, և եթե ուզում է կոալիցիա, պետք է ստանձնի երկրի ամբողջ պատասխանատվությունը, եւ ոչ թե միայն այն ոլորտների, որոնք կտրվեն ՀՅԴ-ին»:
ՀՅԴ-ն իր ոտքով ընկել է թակարդը՝ քաղաքական առումով: Վահրամ Բաղդասարյանի խո՞սքը չի՝ ՀՅԴ-ն իր ոտքով է եկել ՀՀԿ-ի մոտ:



Մի քանի պորտֆել վերցրու ու երկրի ողջ պատասխանատվությունը ստանձնիր: ՀՅԴ-ն նույնիսկ ոլորտների պատասխանատվությունը չի կարող ստանձնել, որովհետև տեղյակ է, թե իրեն որքան ազատություն է տրվելու:



Եթե դա փորձած չլիներ, կարելի էր հասկանալ:



Իսկ հիմա, երբ արդեն խոսվում է կոնկրետ պաշտոնների մասին, վկայում է, որ ՀՅԴ-ն հանձնվել ու փորձում է ձևակերպումներ գտնել՝ հանձնվելու հանրային օգտակարության մասին...



ՀՅԴ-ն սեփական կամքով «հանձնվում է»...



Թե դա ում է օգտակար, բախտ կունենանք այս անգամ էլ տեսնելու: 



Հասմիկ Բաբաջանյան