ՀՀ-ն գլուխը չպետք է մտցնի ռուսական մամլիչի տակ. Ռուբեն Մեհրաբյան

ՀՀ-ն գլուխը չպետք է մտցնի ռուսական մամլիչի տակ. Ռուբեն Մեհրաբյան

Հայտնի է դարձել, որ Եվրոպական խորհրդարանը խստացնում է Ռուսաստանի նկատմամբ որդեգրած դիրքորոշումը։ Եվրամիության օրենսդիրները պահանջում են, որ «պատժամիջոցները չեղյալ կհայտարարվեն, երբ Ուկրաինան կվերականգնի հսկողությունը Ղրիմի նկատմամբ»։ Եվրախորհրդարանի բանաձևում տեղ գտած այդ պահանջը օրենսդիրներն ընդունել են երեկվա լիագումար նիստում` քվեների 472 կողմ, 79 դեմ, 33 ձեռնպահ հարաբերակցությամբ։ Փաստաթղթում նշվում է, որ «Եվրախորհրդարանը սատարում է Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը` այդ պետության միջազգայնորեն ճանաչված սահմաններում»։ Բանաձևը, որի առանցքային թեման Ղրիմում մարդու իրավունքների ոտնահարման, մասնավորապես՝ թաթարներին ճնշելու խնդիրն է, հրապարակվել է Եվրախորհրդարանի պաշտոնական կայքէջում։



Ի՞նչ հետեւանքներ կարող է թողնել այդ բանաձեւը ՌԴ-ի եւ այն երկրների վրա, որոնք այսօր զգալի կախվածություն ունեն ՌԴ-ից, մասնավորապես՝ Հայաստանի։
Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը կարծում է, որ Եվրախորհրդարանի կողմից ընդունված բանաձեւն արտացոլում է Եվրոպայում գերակշռող հասարակական կարծիքը, թե ինչպես պետք է վարվել Ռուսաստանի հետ՝ կապված անվտանգության հետ։ «Պատժամիջոցները մտցնելը կապված է նրա հետ, որ Ռուսաստանը խախտել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, ագրեսիա է գործել Ուկրաինայի նկատմամբ, անեքսիայի է ենթարկել Ղրիմը, որը հակասում է թե՛ միջազգային իրավունքի նորմերին ընդհանրապես, թե՛ Ռուսաստանի պայմանագրային պարտավորություններին, որոնք համատեղ ստորագրվել են 1994թ. մի կողմից ՌԴ-ի, Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի միջեւ, եւ մյուս կողմից՝ Ուկրաինայի միջեւ, ըստ որոնց՝ Ուկրաինան հրաժարվում էր իր տարածքում գտնվող միջուկային զենքից, փոխարենը ստանալով տարածքային ամբողջականության պահպանման երաշխիքներ։ ՌԴ-ն խախտել է դա։ Նման բան տեղի է ունեցել 1938թ.։ Բանաձեւն արտացոլում է ԵՄ անդամ երկրներում գերիշխող այն կարծիքը, որ ՌԴ-ն պետք է ամբողջությամբ վերացնի անեքսիայի եւ ագրեսիայի հետեւանքները, որից հետո կարելի է խոսել պատժամիջոցների վերացման մասին»,- ասում է քաղաքագետը։



Ռուբեն Մեհրաբյանը նկատում է, որ թե՛ ՀՀ-ի, թե՛ ԼՂՀ-ի իշխանությունները ժամանակին ադեկվատ չգնահատեցին այս իրավիճակը եւ սկսեցին հաճոյանալ Ռուսաստանին։
Քաղաքագետը հիշեցնում է, որ ՄԱԿ-ում Հայաստանը ժամանակին իրեն պահեց Զիմբաբվեի, Հյուսիսային Կորեայի, Սուդանի եւ նման կարգի պետությունների պես եւ չստանալով օգտակար ոչինչ, փոխարենը ստացավ լիքը խնդիրներ, ինչպես նաեւ փչացրեց հարաբերությունները ոչ միայն Ուկրաինայի, այլեւ՝ այլ հետխորհրդային երկրների հետ։
Հայաստանը, ըստ նրա, պետք է ադեկվատ գնահատի ստեղծված իրավիճակը եւ գլուխը չմտցնի ռուսական մամլիչի տակ, որովհետեւ դրանք կարող են թողնել ծանր հետեւանքներ ոչ միայն ՀՀ իշխանությունների, այլեւ՝ մեր պետության համար։



Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության հայկական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը կարծում է, որ Եվրոպական խորհրդարանի բանաձեւով Ռուսաստանը կորցնում է լուրջ շանս։ Ըստ քաղաքագետի՝ եթե Ռուսաստանը Դոնեցկ եւ Լուգանսկը վերադարձնեին Ուկրաինային, ակնհայտ է, որ ուկրաինացիները չէին անդրադառնա Ղրիմի անեքսիային եւ աչքերը կփակեին։ Եվ, քանի որ, ըստ քաղաքագետի, եվրոպացիները տեսնում են, որ ՌԴ-ն չի գնում զիջումների Դոնեցկի եւ Լուգանսկի հարցում, ապա պետք է ընդունեին նման բանաձեւ։



Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը չի կարծում, որ Հայաստանի վրա կարող է Եվրոպական խորհրդարանի բանաձեւն ունենալ անմիջական ազդեցություն։ Քաղաքագետը հիշեցնում է, որ Հայաստանը Ղրիմի անեքսիայի վերաբերյալ իր դիրքորոշումն արտահայտել է Վ. Պուտինի եւ Սերժ Սարգսյանի հեռախոսազանգի եւ ՄԱԿ-ի ասամբլեայում բանաձեւի քվեարկության ժամանակ։ Քաղաքագետը հիշեցնում է նաեւ, որ Հայաստանը ՄԱԿ-ում ցուցաբերեց ճկունություն՝ կցելով իր այն դիրքորոշումը, որ ողջունում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը։ Դրանից, ըստ նրա, արդյունքը չի փոխվում։ Ըստ նրա՝ ՀՀ-ն կարող է այս դեպքում տուժել անուղղակիորեն, այդ պատժամիջոցները կարող են միայն անուղղակի ազդեցություն թողնել մեր երկրի վրա։



Թագուհի Հակոբյան