Խիզախ կին, ով մեծապես գտնվում է այնտեղ, որտեղ ոտնահարվում են մարդու իրավունքները. Մարուքյանը ներկայացրեց իր թեկնածուին

Խիզախ կին, ով մեծապես գտնվում է այնտեղ, որտեղ ոտնահարվում են մարդու իրավունքները. Մարուքյանը ներկայացրեց իր թեկնածուին

Քիչ առաջ մեկնարկեց ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը, որով պետք է ընտրեն և լիագումար նիստին ներկայացնեն Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուին։



Առաջադրված երեք թեկնածուներն են՝ Զարուհի Փոստանջյանը, ում առաջադրել է անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, Նարեկ Ալոյանը, ում առաջադրել է պատգամավոր Տիգրան ՈՒրիխանյանը, և արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը, ում առաջադրել է ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը։



Առաջինը Էդմոն Մարուքյանը ներկայացրեց իր թեկնածուին։ Նա հիշեցրեց Փոստանջյանի կենսագրությունը, անցած ճանապարհը, թե ինչ կրթություն է ստացել նա, ինչպես է նա ակտիվորեն պայքարել հանուն մարդու իրավունքների։ «Իմ գիտակցության մեջ նա տպավորված է որպես խիզախ կին, ով մեծապես գտնվում է այնտեղ, որտեղ ոտնահարվում են մարդու իրավունքները։ Դրա համար ես առաջարկում են քվեարկել Զարուհի Փոստանջյանի օգտին»,-ասաց Մարուքյանը։



Նրան հարց ուղղեց ՀՀԿ խմբակցությունից Լևոն Մարտիրոսյանը։ «Պարոն Մարուքյան, շատ բարձր եմ գնահատում այն ամենը, ինչ Դուք անում եք, մեծ հարգանք ունեմ Ձեր անձի նկատմամբ, բայց այս դեպքում ուզում եմ հարցնել, թե ըստ Ձեզ՝ ի՞նչն է խանգարում որևէ պատգամավորի պաշտպանել մարդու իրավունքները։ Ի՞նչ հիմա չունի տիկին Փոստանջյանը, որ ունենալու է ՄԻՊ կարգավիճակում»,-հարցրեց Մարտիրոսյանը։



«Ես զարմացած եմ, որ նման հարց է առաջացել։ ԱԺ պատգամավորի սահմանադրական իրավունքների շրջանակը խստորեն տարբերվում է ՄԻՊ առաքելության հետ։ Օրինակ՝ որևէ պատգամավոր չի կարող որևէ քաղաքացու գործն ընդունել վարույթ, և տեղական ինքնակառավարման մարմին առաջարկել վերականգնել խախտված իրավունքը, ինչը որ կարող է անել Մարդու իրավուքնների պաշտպանը։ Ես կարծում եմ՝ տարբերությունն ուղղակի անհամեմատելի է»,-պատասխանեց Մարուքյանը։



Ի պատասխան՝ Մարտիրոսյանը նկատեց, որ իր կարծիքով՝ տիկին Փոստանջյանը հիմա, և տա Աստված նաև ապագայում, լրիվ հնարավորություներն ունի զբաղվելու մարդու իրավունքների պաշտպանությամբ։ Մարուքյանն էլ արձագանքեց․ «Եթե Դուք Ձեր ձայնը տաք նրան, նա ավելի անկաշկանդ կպաշտպանի Մարդու իրավունքների պաշտպանին և ավելի լայն լիազորություններ կունենա այդ հարցում»։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ