Կարծում եմ՝ ճիշտ չի ինչ-որ խմբակցության գերեզմանափոր լինել․ Մելիքյանը՝ Մարուքյանին

Կարծում եմ՝ ճիշտ չի ինչ-որ խմբակցության գերեզմանափոր լինել․ Մելիքյանը՝ Մարուքյանին

ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի նիստում անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ներկայացրեց իր առաջադրած թեկնածուին՝ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին։



Մարուքյանին հարց ուղղեց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը։
«Պարոն Մարուքյան, ամենայն հարգանքով Ձեր նկատմամբ, ուղղակի մի քանի հակիրճ հարցեր ունեմ։ Առաջին հարցը՝ «Ժառանգություն» խմբակցությունում կամ խմբակցությունում գիտե՞ն, որ Դուք Զարուհի Փոստանջյանին առաջադրել եք ՄԻՊ թեկնածու։ Երկրորդը, եթե տեղյակ են, ինչու՞ որևէ մեկը այդ մասին որևէ պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել, չե՞ն ցանկանում պաշտպանել իրենց կուսակցության կամ խմբակցության անդամին, և ինչու՞։ Երրորդ հարցը։ «Ժառանգությունը» և «Լուսավոր Հայաստան» քաղաքական ուժերը որևէ հակասություն ունե՞ն իրար հետ, թե՞ չէ։ Եթե չունեն, ինչու՞ եք ցանկանում, որ «Ժառանգություն» խմբակցությունը ընդհանրապես վերանա՝ դեռևս պատգամավորական գործունեությունը չավարտած։ «Ժառանգություն» խմբակցության միակ վերջին անդամին Դուք ուզում եք տանել Մարդու իրավունքների պաշտպան՝ այդպիսով փակելով «Ժառանգություն» խմբակցությունը։ Կարո՞ղ ա լուրջ եք ընդունել, որ ինքը կարող ա ընտրվի, և դրանով ուզում եք փակել թե՛ կուսակցությունը, թե՛ խմբակցությունը։ Կարծում եմ՝ ճիշտ չի ինչ-որ խմբակցության գերեզմանափոր լինել, չէի ցանկանա, որ այդ գերեզմանափորը Դուք լինեք»,-իր հարցերը շարադրեց ՀՀԿ-ական Մելիքյանը։



Ի պատասխան՝ Մարուքյանը նկատեց․ «Պարոն Մելիքյան, նախ զարմացած եմ, որ փոխադարձ հարգանքով հանդերձ՝ Դուք գերեզմանափորի պիտակ եք ուզում կպցնել ինձ կամ այն քաղաքական ուժին, որ ես ներկայացնում եմ։ Բնականաբար, դա չի ստացվի, որովհետև էս երկրում եթե ինչ-որ գերեզմանափորություն եղել է, դա հաստատ մեր կողմից չի եղել։ Ինչ վերաբերում է Ձեր հարցերին, ապա ես քննարկել եմ տիկին Փոստանջյանի հետ նրա թեկնածությունն առաջադրելու համար, որի հետ կապված ունեմ նրա գրավոր համաձայնությունը։ Սա մեկ։ Երկրորդը, չեմ կարծում, թե ես պետք է քննարկեմ «Ժառանգություն» կուսակցության հետ նրա առաջադրումը, քանի որ, եթե Զարուհի Փոստանջյանն առաջադրվում է, տալիս է համաձայնություն, ապա նա ունի այն քաղաքական ուժի համաձայնությունը, որը նա ներկայացնում է։ Եվ մյուսը, «Ժառանգությունը» և «Լուսավոր Հայաստանը» կարող են տարբեր հարցերի շուրջ տարբեր տեսլականներ ունենալ, բայց ես այստեղ Զարուհի Փոստանջյանին ներկայացրել եմ ոչ թե նրա քաղաքական հայացքների համար, այլ նրա իրականացրած գործունեության համար մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում»։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ