Պուտինը պատասխանեց նաեւ «Հրապարակի» հարցին ԼՂ հակամարտության մասին

Պուտինը պատասխանեց նաեւ «Հրապարակի» հարցին ԼՂ հակամարտության մասին

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր «Ուղիղ կապ Պուտինի հետ» նախագծին հարց էր ուղղել նաեւ «Հրապարակը»` կապված ԼՂՀ հակամարտության կարգավորման՝ Պուտինի անձնական տեսլականի հետ: Իհարկե, հասկանալի պատճառներով, հարցը որոշակիորեն խմբագրվել էր ՌԴ նախագահի օգնականների կողմից, սակայն պահպանվել էր հիմնական բովանդակությունը, որին էլ պատասխանեց ՌԴ նախագահը:



Այսպես «Հրապարակն» իր հարցերում գրել էր.



- Ինչպե՞ս եք անձամբ Դուք տեսնում ԼՂ հակամարտության այս իրավիճակում դեպքերի հետագա զարգացումը,



- Ռուսական ԶԼՄ-ների հրապարակումներից պարզ էր դարձել, որ Դուք արբանյակի միջոցով տեղյակ եք եղել և հետևել եք զորքերի տեղաշարժին: Այդ դեպքում ինչո՞ւ չեք կանխարգելել: 



- Կշարունակի՞, արդյոք, Ռուսաստանը զենք վաճառել Ադրբեջանին:



Այս հարցերից ուղիղ եթերում հնչեց միայն առաջինի պատասխանը, այն է՝ ինչպիսի՞ն է ՌԴ նախագահը տեսնում ԼՂ հակամարտության հետագա զարգացումը: Հարցը խմբագրվել էր և փոխվել էր շեշտադրումը՝ ինչպիսի՞ն է անձամբ ՌԴ նախագահը տեսնում խնդրի կարգավորումը: Ի պատասխան այս հարցի՝ Պուտինը նշեց, որ «ՌԴ-ում ապրում են միլիոնավոր հայեր եւ ադրբեջանցիներ, ում միջեւ նորմալ հարաբերություններ կան, փառք Աստծո, եւ այդպես էլ պետք է լինի»: ԼՂ հակամարտության առնչությամբ ՌԴ նախագահը նշեց, որ Ռուսաստանը շարունակելու է ջանքեր ներդնել, որպեսզի հակամարտությունը կարգավորվի խաղաղ բանակցային ճանապարհով, սակայն նաեւ ընդգծեց, որ խնդրի վերջնական կարգավորումը պատկանում է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարությանը: Ռուսաստանի ղեկավարն իր խոսքում նշեց, որ հակամարտությանը պետք է վերաբերվել բժշկական «Մի վնասիր» հայտնի սկզբունքին համեմատ, եւ պետք է գտնել փոխզիջումային տարբերակ: