ՕԵԿ-ի քարը դրե՞լ եք

ՕԵԿ-ի քարը դրե՞լ եք

Շատ մարդկանց եմ ճանաչում, որոնք, Արթուր Բաղդասարյանին հեռուստաէկրանին տեսնելուն պես, նետվում են դեպի պուլտը, որ ալիքը փոխեն: Ինչ վերաբերում է անձամբ ինձ, ապա ասեմ, որ Արթուր Բաղդասարյանին երկար չտեսնելուց կարոտում եմ: Նաեւ զուտ մարդկային հետաքրքրություն է առաջանում մեջս` տեսնես ի՞նչ եղավ նա, տեսնես ի՞նչ նոր ծրագրեր ունի: Այնպես էլ չէ, որ հատուկ փնտրում եմ, բայց երբ աչքիս մի բան ընկնում է նրա ասածից, կլանում եմ չափավոր ագահությամբ:



Մեր վերջին «հանդիպումը», որն էլ առիթ դարձավ այս նյութի համար, Hraparak.am կայքում էր, որտեղ տեղադրվել էր Բաղդասարյանի «տոնական» հարցազրույցը, նվիրված «Հայկական վերածնունդի» առաջին տարեդարձին: Ինչքան էլ արագ է անցնում ժամանակը: Փաստորեն, լրանում է նաեւ ՕԵԿ-ի մահվան մեկ տարին: Ինչեւէ, ախուվախով ՕԵԿ-ն արդեն հետ չես բերի, բայց մի՞թե «դժբախտ» հորը կարելի է ստիպել մոռանալ զավակին:



Հարցազրույցում Բաղդասարյանը փաստում է, որ «Հայկական վերածնունդը» դա ՕԵԿ-ը չէ, այլ նոր ուժ` նոր տեսլականով ու գաղափարով: Հեշտ չի եղել ՕԵԿ-ից հրաժարվելը, պատմում է Բաղդասարյանը` ստիպելով աչքերիս խոնավանալ: Իր բառերով ասեմ. «Իսկապես՝ մեծ կամք, նեղ քաղաքական ամբիցիաներից վեր կանգնելու պատրաստակամություն էր անհրաժեշտ նման քայլի գնալու համար, առավել եւս, որ մեզ միացած բոլոր կուսակցություններն էլ գտնում էին, որ անհրաժեշտ է հանդես գալ նոր անունով, քանի որ յուրաքանչյուրի համար հոգեհարազատ էր իրենցը»: Եթե այս ամենը հուզական դաշտից բերենք քաղաքական դաշտ, ապա վերոշարադրված մարգարտաշար միտքը պետք է հասկանալ այսպես. «Ոչ մեկը չէր ուզում ՕԵԿ-ի անունը լսել, նրա դրոշի տակ հանդես գալ, եւ մենք քաղաքական կամք ցուցաբերեցինք` մոռանալով «ՕԵԿ» անունը»: Ինչպիսի հումանիզմ` դրսեւորված «ՀՎ»-ի մեջ մտած կազմակերպությունների եւ քաղաքական ուժերի հանդեպ:



Լայնածավալ հարցազրույցի ողջ միջնամասն իրենից հետաքրքրություն չի ներկայացնում: Այդ տարածքում Բաղդասարյանը պատմում է «ՀՎ»-ի մեկամյա հաջողությունների մասին, որոնք, չգիտես ինչու, գրանցվել են բացառապես Հայաստանից ու մեր աչքից հեռու` Ռուսաստան, Եվրոպա, հիմա արդեն Ատլանտյան օվկիանոսն են հատում` ԱՄՆ-ում եւ Կանադայում հաջողություններ արձանագրելու համար: Երկար չպատմեմ, որովհետեւ դա նույնիսկ իմ հարեւան Շմավոնին չի հետաքրքրի, էլ ուր մնաց հայ ընթերցողին: Ուստի միանգամից անցում կատարենք Բաղդասարյանի հարցազրույցի ֆինալին, որով նա հերքել է ամբողջ վերն ասվածը:



Վերջում լրագրողը Բաղդասարյանին խիստ տրամաբանական հարց է տվել` որպես նորաստեղծ, ընդամենը մեկ տարվա կյանք ունեցող քաղաքական ուժի ղեկավարի. «Առաջիկայում լարված տարի է սպասվում 2017 թ. ընտրություններին ընդառաջ: Ի՞նչ կանխատեսում ունեք: Ձեզ թույլ կտա՞ն մտնել ԱԺ»: Արթուր Բաղդասարյանը մի պատասխան է տվել, որ, թող ինձ ներեն «ՀՎ»-ի կազմի մոտ 200 կազմակերպություններն ու կուսակցությունները, չի ենթարկվում ոչ մի մեկնաբանության: Բաղդասարյանի պատասխանը մեջբերում եմ բառացի. ««Հայկական վերածնունդը» ոչ միայն մտնելու է խորհրդարան, այլ նաեւ մտնելու է ծանրակշիռ ազդեցությամբ: Ինչ վերաբերում է թույլ տալ կամ չտալուն, ապա դա չի կարող վերաբերել 20 տարվա կենսագրություն ունեցող խորհրդարանական ուժին, որ վերջին 2 տասնամյակում մշտապես ապացուցել է իր մրցունակությունը՝ անցնելով բարդ քաղաքական ճանապարհ եւ 20 տարի շարունակ լինելով խորհրդարանում ներկայացված ուժ: Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի պետք է այլեւս գիտակցի, որ այս երկրում մեկին որեւէ բան թույլատրելը դա ինքն է` իր անկաշառ եւ վճռական քվեով: Ընդամենը պետք է 2017 թ.-ին մեկ անգամ գնալ ընտրության, կատարել համոզմունքով ընտրություն, եւ վստահեցնում եմ Ձեզ, որ հաջորդ օրը մենք կարթնանանք այլ Հայաստանում»:



Հարգելիներս, բացատրեք, որ իմ հարեւան Շմավոնը հասկանա` ո՞ւմ տա իր անկաշառ քվեն` նորածին «ՀՎ»-ի՞ն, թե՞ 20-ամյա ողորմածիկին, էն, որ անունն ՕԵԿ էր, որպեսզի ինքն էլ արթնանա նոր Հայաստանում:



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ