ՀՀԿ-ի փորձաքարը

ՀՀԿ-ի փորձաքարը

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը շատ ճիշտ է նկատել, որ առաջիկա ՏԻՄ ընտրությունները, հատկապես Վանաձորում եւ Գյումրիում, իսկական փորձաքար են լինելու որոշ կուսակցությունների ու քաղաքական բլոկների համար: Նշված քաղաքներում առաջին անգամ ընտրություններ են անցկացվելու բացառապես կուսակցական ցուցակներով, իսկ դա նշանակում է, որ ընտրողներն իրենց քվեով գնահատական են տալու հենց կուսակցությանը եւ ոչ թե անհատին: Ուստի կուսակցության՝ որպես հավաքական մարմնի շահագրգռությունն է լինելու առաջնայինը:



Իհարկե, միամտություն է կարծելը, որ առանձին անհատներ, որոնք ունեն իրենց ազդեցության շրջանակները, մատը մատին չեն տալու կուսակցությանը ձայն բերելու համար, բայց, ամեն դեպքում, մի բան է ընտրողներին սեփական անձի շուրջ համախմբելը, մեկ այլ բան` կուսակցության: Ահա, այս առումով Հովհաննես Սահակյանը ճիշտ է ասում, որ այդ ընտրությունները փորձաքար են լինելու որոշ կուսակցությունների համար:



Հովհաննես Սահակյանի խոսքում, սակայն, մի քիչ անհասկանալի է «որոշ» բառը: Ինչո՞ւ որոշ եւ ոչ բոլոր կուսակցությունների համար, որոնք հայտ կներկայացնեն մասնակցելու այդ ընտրություններին: Հովհաննես Սահակյանն արդյոք չի՞ առանձնացնում ՀՀԿ-ին: Մի՞թե այդ ընտրություններում ՀՀԿ-ն պրոբլեմ չունի, ինչպես չի ունեցել նախորդ բոլոր ընտրություններում: Կներեք, իհարկե, բայց մենք այդքան լավատես չենք:



Որ ՀՀԿ-ն շատ ավելի մեծ ու լուրջ խնդիրներ է ունենալու 2017թ. խորհրդարանական ընտրություններում, դրանում ոչ ոք չի կասկածում: Այսօր շատ դժվար է մեկ ձեռքի մատների վրա թվարկել այն դրականը, որ այդ կուսակցությունն արել է երկրի եւ ժողովրդի համար. ձախողումներն ու տապալումները բոլոր ուղղություններով են, սոցիալական բողոքը՝ ահագնացող, արտաքին քաղաքականությունից դժգոհությունը՝ անպակաս: Արժե՞ առանձին խավերի հիշատակելը, որոնք ՀՀԿ-ին շատ են սիրում: Մինչդեռ այդ խավերը վերից վար եւ վարից վեր ի վիճակի են լրջորեն ազդել բոլոր տեսակի ընտրությունների ելքի վրա: Եվ ազդում են, պարզապես միշտ չէ, որ ազդեցությունը նյութականանում է քվեների հաշվարկի գործընթացում:



Ընդունված է ասել, որ ՏԻՄ ընտրությունները քաղաքական ընտրություններ չեն, բնույթով ու հոգեբանությամբ էլ խիստ տարբեր են համապետական ընտրություններից: Կարծում ենք` Գյումրիի եւ Վանաձորի պարագայում այդ տեսակետն այլեւս հնացած է եւ ժամանակավրեպ: Դրանք առնվազն քաղաքականացված են այնքան, որքան Երեւանի ընտրությունները, եւ անհաջողությունն այդ ընտրություններում փորձաքար է լինելու ոչ թե որոշ, այլ բոլոր մասնակից կուսակցությունների համար:



Երբ հրապարակվեն ցուցակները, մենք կտեսնենք ու կհամոզվենք, որ դրանք այնքան էլ միատարր չեն: Խոսքը վերաբերում է նաեւ ՀՀԿ ցուցակներին: Դրանցում, վստահաբար, չեն լինելու միայն ՀՀԿ-ականներ: Դա, իհարկե, կներկայացվի որպես ՀՀԿ-ի մեծահոգություն, բայց իրականում ոչ մի կապ չունի ՀՀԿ-ի մարդասիրական նկրտումների հետ: Դա պայմանավորված կլինի ՀՀԿ-ի մտահոգությամբ, որ կար դեռեւս 2012 թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ, երբ Սերժ Սարգսյանն իր ձիանոցը լցրել էր տարատեսակ սբրոդով, ինչ է թե ամեն տեղից մի քիչ ձայն բերի կուսակցությանը:



Գյումրիում ավանդաբար պարտվող ՀՀԿ-ն կհամարձակվի՞ բացառապես ՀՀԿ-ական ցուցակով գնալ ընտրության: Ես չեմ հավատում դրան: Արդեն իսկ խոսք կա, որ այդ ցուցակը գլխավորելու է Սամվել Բալասանյանը` գործող քաղաքապետը, իսկ նա, որքան գիտենք, ամենազտարյուն ՀՀԿ-ականը չէ: Գյումրեցիների մեջ խլրտումներ գցելու համար ՀՀԿ-ն իր ցուցակ կհրավիրի զանազան էքս-ԲՀԿ-ական պատգամավորների ազգուտակին, վերջապես՝ կփորձի կրկնել 2012թ. ԱԺ ընտրությունների հաջողված սցենարը` իր կողմ գրավելով ոչ մի կերպ չմիավորվող չափավոր ընդդիմադիրներին, որոնք, եթե նրանց տիրություն չանեն, կհայտնվեն մրցակից ցուցակներում:



Լավից-վատից ճանաչելով գյումրեցիներին եւ վանաձորցիներին` կարող եմ ասել, որ Շիրակի մարզպետ-Գյումրի փոխհարաբերություններն զգալիորեն տարբեր են Լոռու մարզպետ-Վանաձոր հարաբերություններից: Խոսքը մարզպետների ազդեցության մասին է, որը Վանաձորում զգալիորեն ավելի մեծ է, քան Գյումրիում: Բայց փոխարենը կա մի խիստ էական տարբերություն` Շիրակի մարզպետը դաշնակցական է, իսկ Լոռունը` ՀՀԿ-ական, այն էլ՝ ՀՀԿ մարզային կառույցի ղեկավար: Եվ եթե Վանաձորում ՀՀԿ-ն կարող է լուրջ խնդիրներ չունենալ, ապա Գյումրիում ամեն ինչ չէ, որ պարզ է, չնայած որ գյումրեցիները մարզպետի հետ կապված մեծ «նախապաշարմունքներ» չունեն` որպես «քաղքի» ժողովուրդ: Գյումրիում, փաստորեն, ՀՀԿ-ն չի կարող հույս դնել ոչ կոալիցիոն գործընկերոջ` Դաշնակցության, եւ ոչ էլ երբեմնի գործընկեր Վերածնունդ-ՕԵԿ-ի վրա, քանզի այս երկու ուժերը սեփական ցուցակներով են ներկայանալու ընտրություններին (գոնե այսօր այդպես են ասում): Եվ, ուրեմն, ո՞ւմ վրա է դրել հույսը ՀՀԿ-ն. Վարդան Ղուկասյանի խաղերի՞, Սամվել Բալասանյան տիպարի՞, իսկ գուցե ՀՀԿ-ի հույսն այստեղ Հովիկ Աբրահամյանն ու Սերժ Սարգսյա՞նն են, որոնք ամեն ինչ անում են գյումրեցիների կենսամակարդակը բարձրացնելու, նրանց բնակարաններով ապահովելու, Գյումրին ծովափնյա քաղաք դարձնելու ուղղությամբ: Իսկ Ավետիսյանների ընտանիքի ողբերգությո՞ւնը… արդյոք դա լուրջ գործոն չէ՞, որ գյումրեցին «ոչ» ասի իշխանություններին:



Ես հարգարժան Հովհաննես Սահակյանին կառաջարկեի ամպերից իջնել ներքեւ եւ, մանավանդ Գյումրու ընտրությունների մասին խոսելիս, լինել առավել իրատես: Նաեւ չպետք է մոռանալ, որ առաջիկա ընտրությունները փորձաքար են լինելու առաջին հերթին իշխանությունների համար, այն առումով, որ պետք է ապահովել դրանց թափանցիկությունն ու արդարությունը:



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ