ԲՀԿ-ական պատգամավորը բացատրում է, թե ինչպես եղավ, որ Հովիկ Աբրահամյանի ժամանակ ավելի վատացավ վիճակը

ԲՀԿ-ական պատգամավորը բացատրում է, թե ինչպես եղավ, որ Հովիկ Աբրահամյանի ժամանակ ավելի վատացավ վիճակը

ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանն այսօր ԱԺ ճեպազրույցներն ընդգծեց` մի քանի օր առաջ Ընրական օրենսգրքում փոփոխությունների վերաբերյալ ստորագրված համաձայնությունը կարևորելով։ 



Երկրորդը կառավարության փոփոխությունն էր, որին անդրադարձավ Միքայել Մելքումյանը։



«Եթե հիշում եք, ժամանակին, երբ Հովիկ Աբրահամյանը նշանակվեց վարչապետ, ես ասացի, որ վարչապետը կունենա հաջողություն, եթե գոնե 50 տոկոսով վետո դնելու իրավունք ունենա։ Հիմա ոչինչ չի փոխվել, և ես վերահաստատում եմ իմ ասածը, որ եթե նոր վարչապետը արդարության, անվտանգության համակարգերի հետ կապված չունենա վետոյի իրավունք, ոչինչ չի փոխվի»,-ասաց նա։ Հետո հիշեցրեց, որ տնտեսության վիճակը հիմա չէ, որ վատ է, մեկուկես, երկու տարի է, ինչ վատ է տնտեսության վիճակը։ Նկատենք, որ այդ երկու-երկուսուկես տարին հենց Հովիկ Աբարահմյանի վարչապետության շրջանն է։



Hraparak.am-ը հարցրեց ԲՀԿ-ական պատգամավորին, թե ստացվում է, որ Հովիկ Աբրահամյանի կառավարման տարիների՞ն այդքան վատացավ տնտեսության վիճակը, այն դեպքում, երբ Տիգրան Սարգսյանին էին խիստ քննադատում ու Աբրահամյանի հետ էլ մեծ հույսեր էին կապում, այդ թվում՝ ԲՀԿ-ն։



«Իսկապես Դուք իրավացի եք, մենք Տիգրան Սարգսյանի կառավարման տարիներին խիստ քննադատում էինք, որովհետև հիմքերը հետագա դրվել են հենց իր օրոք։ Տիգրան Սարգսյանը 2008 թվականից է վարչապետ, այդ թվերին էր ճգնաժամ և այլն, և մենք եկանք հասանք 2014 թվական, երբ նշանակվեց Հովիկ Աբրահամյանը։ Այդ ժամանակ արդեն իսկ վիճակը վատացել էր, հիմքերը դրվել էին, բայց էս աստիճան ծայրահեղ չէր, ոնց որ եղել է, հիմա ավելի է ծայրահեղացել, որովհետև տնտեսությունը քաշից ընկել է։ Եվ դուք երբեք չեք տեսել, որ ես չքննադատեմ։ Այն, ինչ հիմա ես ասում եմ, ես երկու-երեք տարի է՝ ասում եմ։ Ինչ պետք էր, չարվեց, բայց թե ինչքանով էր այդ հնարավորությունը տրված՝ անել-չանելու, դա երկրորդ հարցն է»,-ասաց ԲՀԿ-ական պատգամավորը՝ ակնարկելով, թե մենք գիտենք, ամեն դեպքում, որտեղ են ընդունվում մեր հանրապետությունում վերջնական որոշումները։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ