Ոչ թե տակից, այլ բացահայտ անում եմ այն, ինչ անում եմ

Ոչ թե տակից, այլ բացահայտ անում եմ այն, ինչ անում եմ

ՀՀԿ-ական պատգամավոր, գյումրեցի Սուքիաս Ավետիսյանը կարծում է, որ ոչ թե իշխանությունը Գյումրիում պաշտպանում է գործող քաղաքապետի թեկնածությունը, այլ ընդամենը առաջադրել է Բալասանյանին՝ որպես դաշինքի առաջին համար։



«Տարբերությունը հետեւյալն է․ եթե նախորդ ընտրություններում կամ մնացած համայնքներում անձն առաջադրվում է, հետո նոր քաղաքական ուժերն աջակցում են, ապա այս դեպքում քաղաքական ուժն ինքն է առաջադրում թեկնածուին։ Հիմա Սամվել Բալասանյանը 2 կուսակցությունների՝ ՀՀԿ-ի եւ ՀՔԴՄ-ի կողմից առաջադրված թեկնածու է»։



- Կարո՞ղ ենք ասել, որ ՀՀԿ-ն՝ որպես քաղաքական ուժ, ամբողջ կազմով սատարում է Սամվել Բալասանյանի թեկնածությունը։



- Բնական է, էդպես էլ պետք է լինի, որովհետեւ ՀՀԿ-ն ինքն է առաջադրել, ՀՀԿ-ի մարզային խորհուրդն ինքն է այդ որոշումը կայացրել, եւ բնական է, որ իր որոշման տերն է եւ սատարելու է Սամվել Բալասանյանի դաշինքին։



- Ինչո՞ւ հենց Սամվել Բալասանյանի դաշինքին, որովհետեւ Բալասանյանը աշխատավարձերը պարտաճանաչ վճարե՞լ է, ինչպես նշված է իր պաստառներում։



- Ուրեմն էսպես ասեմ՝ աշխատավարձեր վճարելը եւ այլն, էդ պաստառներում տարբեր բաներ կան նշված, բնական է, դա օրենքի տառ է՝ աշխատավարձը ժամանակին վճարելը, եւ դա շատ լավ է, որ արվում է։ Իսկ ինչու Սամվել Բալասանյանին, որովհետեւ նա չորս տարի աշխատել է քաղաքապետ, եւ չորս տարի առաջ էլ նրան սատարել է նորից ՀՀԿ-ն, եւ այդ չորս տարվա ընթացքում կատարած աշխատանքը տեսնելով եւ գնահատելով՝ ՀՀԿ-ն նորից որոշեց առաջադրել Բալասանյանին իր կողմից որպես ցուցակի առաջին համար եւ սատարել նրան։



- Դուք հիշո՞ւմ եք Սամվել Բալասանյանի անցած ուղին եւ այն, թե ինչպիսին է եղել նրա ճակատի գիրն սկզբում, հետո ինչպես է փոխվել, եւ հիմա ինչ է գրված։



- Ես լավ հիշողություն ունեմ, երկու տասնամյակից ավել է՝ քաղաքական դաշտում եմ, բայց, անկեղծ ասած, ինձ էդքան չի հետաքրքրում քաղաքական թիմերի, անձերի խնդիրը, որքան մարդը, ով կարող է քաղաքում գործ անել։ Էսօր ցանկացած քաղաքական ուժի թեկնածու կարող է լինել քաղաքապետ, բայց մենք պետք է հասկանանք՝ ով ունի հնարավորություն ավելին անելու որպես համայնքի ղեկավար եւ ով ինչ է արել։ Այսինքն՝ երկուսը միասին պետք է նժարին դրվի՝ կատարած աշխատանքը եւ այն, թե ինչ ցանկություն ունի անելու։ Թե որ քաղաքական ուժին երբ են ներկայացրել, ինչ են արել, դա արդեն անձի խնդիրն է, ես էդտեղ չեմ մտնում։ Անձ կա՝ թիմ է փոխում, անձ էլ կա՝ երբեք իր թիմը չի փոխում եւ իր ուղով առաջ է գնում։



- Գյումրիում 10 կուսակցություն եւ 1 դաշինք է մասնակցում ընտրություններին, շատ բազմագույն դաշտ է։ Դուք սրան ինչպե՞ս եք վերաբերվում, հատկապես, որ ասում են՝ այնտեղ ներդրված կուսակցություններ կան, որոնք հիմնական ուժերից ձայն փախցնելու համար են։



- Շատ դրական եմ վերաբերվում եւ շատ բնական եմ համարում, որովհետեւ մինչեւ ընտրությունները դեռ ես ասում էի, որ շատ հետաքրքիր եւ ակտիվ պայքար է լինելու, որովհետեւ տեսեք՝ մենք ինչ խնդիր ունենք․ կան կուսակցություններ, որոնք որոշակի ուղի են անցել եւ նախորդ ընտրություններին մշտապես մասնակցել են, եւ կան կուսակցություններ, որոնք նոր են ստեղծվել, եւ, բնական է՝ նրանց նպատակը ոչ թե համայնքում ավագանու տեղեր ունենալն է, այլ իրենց անունը ժողովրդի մեջ տպավորելն է, որպեսզի 2017 թ․ ԱԺ ընտրություններում քիչ թե շատ հայտնի լինեն։ Դրա համար էլ բնական է, որ այդքան շատ են լինելու։ Եվ կան այնտեղ կուսակցություններ, որոնք վաղը, մյուս օրը ինչ-որ մի ուժի սատարելու են, որովհետեւ իրենք ինքնուրույն որեւէ բան անել չեն կարող, եւ չեմ կարծում, որ էդ առաջադրված 11-ից կեսը գոնե ավագանիում տեղեր կունենա։



- Դուք ի՞նչ մասնակցություն ունեք այս ընտրություններին։ Խոսակցություն կա, որ Գյումրիում Դուք եք տակից կամ բացահայտ կուրացիա անում ոչ միայն «Բալասանյան դաշինքին», այլեւ որոշ մրցակից ուժերի, թե ում որ ցուցակում ընդգրկեն, որպեսզի արդյունքը հօգուտ Բալասանյանի ստացվի։



- Էսպես ասեմ՝ ոչ թե տակից, այլ ես բացահայտ անում եմ այն, ինչ անում եմ, տակից անելու խնդիր չկա։ Կա ավագանի, կա ավագանու թիմ, կան ընտրական հանձնաժողովներ, եւ բնական է՝ Գյումրիում, ունենալով երեք շրջանային կառույցներ, մենք փորձում ենք այդ երեք կառույցներով այս խնդիրը միասնական լուծել, եւ այդ երեք շրջանային կառույցները միասին վերցրած՝ հզոր թիմ է, տոն տվող թիմ է, եւ այդ երեք կառույցներն իրենց խոսքը պարտադիր ասելու են։



- Նկատի ունեմ այն, որ այլ քաղաքական ուժերի ցուցակներում կան Ձեր մտերիմները։



- Ես չեմ թաքցնում՝ Գյումրին փոքր է, եւ հիմա թաքցնել դա․․․ այո, տարբեր քաղաքական ուժերի ցուցակներում անգամ առաջին համար, որոնք իմ մտերիմ մարդիկ են, որոնց հետ ճանապարհ եմ անցել, աշխատել եմ։ Օրինակ՝ «Համախմբում» կուսակցության առաջին համար Հովհաննես Ասոյանը, որի հետ մենք ժամանակին աշխատել ենք, ընկերներ ենք եղել, էլի մարդիկ կան։ Այսինքն՝ էդ խնդիրը ես չունեմ, որովհետեւ բոլորի հետ ճանապարհ եմ անցել, աշխատել եմ, եւ հիմա, մարդիկ կան, որոնք տարբեր աշխարհայացքներ ունեն։



- Կարծիք կա, որ ՀՀԿ-ն Գյումրիում իր ցուցակով եւ թեկնածուով չի մասնակցում ընտրություններին, որովհետեւ Գյումրին ընդդիմադիր քաղաք է՝ ՀՀԿ-ին դեմ, հետեւաբար, փորձեց Բալասանյանի անունով ներկայանալ եւ այդպես պահպանել իր իշխանությունը քաղաքում։



- Ուրեմն էսպես ասեմ՝ թյուր կարծիք կա ՀՀԿ-ի հեղինակության հետ կապված՝ Գյումրիում։ Իհարկե, ՀՀԿ-ն՝ որպես իշխանություն, Գյումրին էլ, ունենալով բազում պրոբլեմներ, դա, բնական է, անդրադառնալու էր ՀՀԿ-ի վրա։ Այսինքն, քանի որ ՀՀԿ-ն է իշխանությունը, իսկ Գյումրիում էլ կան խնդիրներ, ուրեմն մեղավորը ՀՀԿ-ն է։ Դա շատ բնական է եւ շատ ընդունելի է։ Եվ այստեղ, էլի եմ ասում, խնդիրն այն չէ, թե ՀՀԿ-ն չուներ թեկնածու, ՀՀԿ-ն ուներ թեկնածու, ՀՀԿ-ն քննարկում էր ինքնուրույն մասնակցելու մասին, դա նաեւ իմ կողմից է եղել առաջարկություն, բայց էլի եմ ասում՝ մենք նժարի վրա դրել ենք գործող քաղաքապետի անձն ու անցած չորս տարիների գործունեությունը եւ ապագա չորս տարիների խնդիրները։ Եվ այս պարագայում եկել ենք ընդհանուր հայտարարի, որ ճիշտ է՝ Սամվել Բալասանյանը մնա, եւ ՀՀԿ-ի կողմից առաջադրված ավագանու ցուցակում առաջին համարն ինքը գլխավորի։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ