ՀՅԴ-ն իր հեղինակությունը ոչ թե վարչական ռեսուրսով է ձեւավորում, այլ՝ սկզբունքներով

ՀՅԴ-ն իր հեղինակությունը ոչ թե վարչական ռեսուրսով է ձեւավորում, այլ՝ սկզբունքներով

ՏԻՄ ընտրություններից հետո Դաշնակցությունում «շոկ» են ապրել Գյումրիում իրենց պարտությունից, ՀՅԴ-ի հաշվարկները չարդարացան, նրանց անգամ չօգնեց դաշնակցական մարզպետի հանգամանքը, մինչդեռ, մի քանի մարզպետի պաշտոններ կորզելով, դաշնակցական ընկերներն ակնկալում էին, որ հնարավոր կլինի ընտրություններին ձայն ստանալ։ Գյումրու քաղաքապետի ընտրություններից հետո ներքին քննարկումներ են եղել Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանին պաշտոնանկ անելու հարցի հետ կապված։ ՀՅԴ-ն գտնում է, որ մարզպետն է մեղավոր իրենց՝ անցողիկ շեմը չհաղթահարելու մեջ։ Տարածքային կառավարման եւ զարգացման դաշնակցական նախարար Դավիթ Լոքյանն ասում է, որ իրենք պարտվել են, քանի որ չեն կիրառել վարչական լծակներ։



- Պարոն Լոքյան, ինչպե՞ս կբացատրեք Գյումրիում ՀՅԴ-ի պարտությունը, կարծում եք, որ դա միայն դաշնակցական մարզպետի թերացո՞ւմն է, թե՞ Դուք, որպես տարածքային կառավարման նախարար, անելիք ունեցել եք այդ ընտրություններում։



- ՏԻՄ ընտրություններին տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը որդեգրել էր չմասնակցելու, չմիջամտելու գործողություններ, քանի որ այդ ընտրությունները շատ կարեւոր են Հայաստանի Հանրապետության գործունեությունը Եվրախորհրդարանում գնահատելու մոնիտորինգային հանձնաժողովում։ Ես չեմ կարծում, որ այդ հայտարարություններն ուղղակի առնչվում են Հովսեփ Սիմոնյանի աշխատանքային գործունեության հետ։ Եթե ընտրական պրոցեսում եղել է ձախողում, ապա դա այլ խնդիր է։ Չէ՞ որ մենք ինքներս էինք մշտապես պնդում, որ վարչարարություն չպետք է աշխատի, թողնենք ժողովրդի կամքին, բայց հիմա հարց ենք ուղղում, որը տրամագծորեն հակառակ է եւ ձեր, եւ հասարակության, եւ աշխարհի տրամաբանությանը։



- Ուզում եք ասել, որ բոլոր համայնքներում, որտեղ ՀՀԿ-ականները հաջողություններ են գրանցել, ուրեմն իրենց մարզպետները կամ, ընդհանրապես՝ վարչական լծակնե՞ր են կիրառել։



- Եթե կիրառել են, սխալ են արել։



- Իսկ կիրառե՞լ են։



- Կրկնում եմ՝ եթե կիրառել են, սխալ են արել, իսկ եթե մի որեւէ համայնքապետ ընտրվել է որեւէ կուսակցությունից եւ աշխատում է կուսակցության համար, դա այլ բան է ընտրովի մարմիններում, պետական կառույցներից նշանակված մարդիկ պետք է այդ հարցերում լուրջ միջամտություններ չունենան։



- Ստացվում է, որ Դաշնակցությունը չունի այդքան հեղինակություն, եւ բարձր տոկոսներ հավաքելու նախապայմանը վարչական լծակներն են, ընդունո՞ւմ եք այդ փաստը։



- Դաշնակցությունն ունի իր հեղինակությունը, մշտապես ունեցել է հանրապետությունում, եւ այդ հեղինակությունը ոչ թե վարչական ռեսուրսով է ձեւավորվում, այլ ձեւավորվում է՝ հասարակությանը ցույց տալով Դաշնակցության սկզբունքայնությունը, Դաշնակցության ծրագրային դրույթները, Դաշնակցության քայլերը՝ արտաքին, ներքին մի շարք հարցերում։



- Բայց, փաստորեն, հանրությունն այդպես չի կարծում, Արմեն Ռուստամյանն էլ, օրինակ, հայտարարել էր, որ դժգոհ են Գյումրու արդյունքներից, ու չէր բացառել մարզպետի փոփոխության հարցը։



- Դե, այդ մասին ուրեմն հարցրեք Արմեն Ռուստամյանին։



- Պարոն Լոքյան, Դաշնակցություն-Կարեն Կարապետյան հարաբերություններն ինչպիսի՞ն են, տեղեկություններ կան, որ ձեր ջրերը մի առվով չեն հոսում։



- Չարաչար սխալվում եք այդ հարցում, մեր հարաբերությունները շատ լավ են, աշխատանքային, եւ յուրաքանչյուրս ցանկանում ենք մեր ծրագրերն առաջ տանելու հարցում։



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ