Վարկի չափն ավելացել է. նոր աղբավայրը կծառայի Կոտայքի եվ Գեղարքունիքի մարզերին

Վարկի չափն ավելացել է. նոր աղբավայրը կծառայի Կոտայքի եվ Գեղարքունիքի մարզերին

Անցյալ տարի մայիսին Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկում էին Վերակառուցման եւ զարգացման բանկի տրամադրած 7 միլիոն եվրո վարկի հարցը, որով պետք է Կոտայքի մարզում աղբավայր կառուցվեր։ Դա պատգամավորների կողմից քննադատվեց այն կտրվածքով, որ կարելի էր այդ գումարը ներդնել աղբավերամշակման գործարան կառուցելու համար, քանզի այսօր աշխարհն այդ ուղղությամբ է գնում, այլ ոչ աղբանոցի կառուցման։ Նախագծի ընդունումից անցել է ավելի քան մեկուկես տարի, ուստի տարածքային կառավարման եւ զարգացման փոխնախարար, նախագծի հիմնական զեկուցող Վաչե Տերտերյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք սկսե՞լ են աղբավայրի կառուցումը, ի՞նչ փուլում է գործընթացը։



«Այդ ծրագիրն ընթացքի մեջ է, արդեն խորհրդատուները վերջացրել են աղբավայրի տեխնիկական առաջադրանքը։ Առաջիկա ամսին կհայտարարվի շինարարության մրցույթ, եւ արդեն կսկսվեն աղբավայրի շինարարական աշխատանքները»,-ասաց փոխնախարարը՝ նշելով, որ աղբավայրը, իր հիշելով, Հրազդանի մոտակայքում է կառուցվելու։ Ի դեպ, Տերտերյանը նշեց, որ վարկի չափը սկզբնական երկու հատ 3.5 միլիոն եվրո է եղել, հետո ավելացել է՝ դառնալով ընդհանուր 11 միլիոն, քանի որ այս ծրագրին միացել է նաեւ Գեղարքունիքի մարզը։ Հիմա այս մեկ աղբավայրը կծառայի երկու մարզերին։ Բացի աղբավայրից՝ ծրագրով նաեւ նոր աղբահավաք մեքենաներ են ձեռք բերվելու եւ փոխատեղման կայաններ կառուցվելու։



- Պարոն Տերտերյան, ծրագիրն աղբավերամշակման կոմպոնենտ պարունակո՞ւմ է։



- Այդ հարցը շատ են տալիս, ուրեմն հենց ինքը՝ ծրագիրը, աղբավերամշակման կոմպոնենտ չի ենթադրում, որովհետեւ այն բավականին թանկ կոմպոնենտ է եւ ունի բիզնես էլեմենտ։ Բայց ծրագրի ամբողջ գաղափարախոսությունը հետեւյալն է. օրինակ՝ մի քանի քաղաքային համայնքներում մենք այդ մշակույթը ներդնելու համար փոքր կոմպոնենտ ունենք, որ աղբամանները լինելու են տեսակավորված, որ բնակիչները սկսեն տեսակավորել։ Եթե բնակիչը չտեսակավորի, երկրորդական տեսակավորելն այլ որակի խնդիր է դառնում։ Բայց կարեւորը որն է. եթե մենք ունենք ձեւավորված աղբավայր, որտեղ կենտրոնացված եւ մեծ ծավալի աղբ է կուտակվում, այս պարագայում արդեն աղբավերամշակման մոտիվացիան հայտնվում է։ Այսինքն՝ հենց մենք սա կազմակերպենք, անմիջապես կհայտնվի մասնավորը, որը կգա, էդ առաջարկության վրա աղբավերամշակում կդնի։



- Եթե համեմատենք Նուբարաշենի աղբավայրի հետ, ինչո՞վ է սա տարբերվելու նրանից, եւ արդյոք ծրագիր կա՞ Նուբարաշենում եւս նման ծրագրեր իրականացնել։



- Այո, Երեւանի քաղաքապետարանը շատ ակտիվ զբաղվում է աղբահավաքության եւ նոր աղբավայրի կառուցման ծրագրով, պիտի լինի էկոլոգիական ժամանակակից պահանջներին բավարարող աղբավայր, եւ կա էդպիսի մոտեցում, որ մենք նոր աղբավայր կառուցելը դիտարկում ենք անվերապահորեն հին աղբավայրերի ֆոնի վրա։ Եվ կոնսերվացիան այն իմաստով, որ դրանք անպայման բերել այնպիսի վիճակի, որ գոնե էկոլոգիական առումով դրանց վտանգները հասցվեն մինիմումի։



- Այս ծրագիրը պիլոտայի՞ն է լինելու մյուս մարզերի համար, կա՞ ծրագրի շարունակականության միտում ամբողջ երկրի մասշտաբով։



- Շարունակականության միտում կա, մենք հիմա ազգային ռազմավարություն ենք ներկայացրել կառավարությանը, որի հիմնական թեզերը նրանք են, որոնք մենք հիմա Գեղարքունիքում էմպլեմենտացիա ենք անում։ Քանի որ մենք փոքր երկիր ենք, կտրտված երկիր ենք, լեռնային ջրերի, գրունտային ջրերի հոսքեր ունենք եւ այլն, մեր էկոլոգիական խնդիրներին մեր երկիրը շատ զգայուն է։ Մի կողմից այդ կտրտվածությունը տանում է աղբավայրերի ու աղբահավաքության թանկացման, բնականաբար, ինչը շատերին մղում է նրան, որ ամեն մի փոքր գյուղի կողքն ունենան փոքր աղբավայր, բայց, մյուս կողմից՝ շատերն էս կտրտվածության պայմաններում դա բերում է կատաստրոֆիկ էկոլոգիական վտանգների։ Ամենափոքր աղբավայրը նույնիսկ, օրինակ՝ ձորակում տեղադրված, ամենաչնչին անձրեւահոսքն էդ աղբը կարող է ամբողջությամբ բերի-լցնի գետը։



- Հիմա դրա լուծումը դուք ինչպե՞ս եք տեսնում։



- Դրա լուծումը տեսնում ենք քիչ, բայց կազմակերպված մեծ աղբավայրերով։ Այսինքն՝ այդ փորձագիտական հանրույթը մեզ այդ խորհուրդն է տալիս հիմա։



- Չե՞ք կարծում, ամեն դեպքում, որ այս ամենի վերջնարդյունքը պետք է լինի աղբավերամշակման կայան կառուցելը, քանզի անսպառ տարածք ու ռեսուրս չունենք աղբավայրերի համար։



- Անպայման։ Ես բա ինչո՞ւ եմ ասում, մեծացումն ինքնանպատակ չէ, պիտի մի տեղ աղբ հավաքես, որ հետո վերամշակման մոտիվացիա ստեղծես։ Հիշո՞ւմ եք, այն ժամանակ թվեր էինք ասում, եւ այդ թվերը ես հետո էլ եմ նայել, որ, համենայնդեպս, միջազգային փորձագիտությունն այսօր դա է ասում, որ մինչեւ տարեկան 100-150 հազար տոննա աղբի ծավալը նոր թույլ է տալիս մտածել աղբի վերամշակմամբ զբաղվելու համար։ Հիմա մերը միայն Կոտայքինն է, որ 3-4 տարի հետո, որոշակի տնտեսական աճի պարագայում, բերում է աղբի մոտավորապես 100-150 հազար տոննա գնահատելի սահմանին։ Գեղարքունիքի հետ միասին, կարծես թե, այդքան ստացվում է։ Արդեն այսօր որոշակի բիզնես-հետաքրքրություններ կան, հարցնում են՝ որտե՞ղ է աղբավայրը, սպասում են, որ այն կառուցվի։



- Այս հարցում հիմնական խնդիրներից մեկը պոլիէթիլենային տոպրակներն են, որոնք բնության գրկում տասնամյակներ հետո անգամ լիարժեք չեն քայքայվում՝ լուրջ վնաս հասցնելով բնությանը։ Սրան լուծում առաջարկվո՞ւմ է այս ծրագրով։



- Չէ, այս ծրագրում էդպիսի թեմատիկա չկա։ Աշխարհի շատ երկրներում ընդհանրապես պոլիէթիլենային տոպրակներ չկան խանութներում, կան թղթե տոպրակներ, որոնք ավելի քիչ վնասակար են, որովհետեւ գոնե քայքայվում են։ Հիմա ես նայում եմ, որ շատ խանութներում այդ տոպրակները դարձել են վճարովի։ Շատ լավ ձեւ է. 10 դրամ է այդ տոպրակն այսօր, թող լինի 50։ Հիմա մարդիկ կասեն՝ ինչո՞ւ 50։ Որպեսզի ցելոֆանե տոպրակ այդքան չլինի, այն պետք է մասսայաբար խանութներում անվճար չբաժանվի։ Սա՝ մի տարբերակ։ Մյուս տարբերակը՝ գուցե մենք արդեն պատրաստ ենք այն լիարժեք փոխարինելու թղթե տոպրակներով։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ