Առաջարկում է Արամյանցի դղյակը դարձնել Հայ բարերարների տուն-թանգարան

Առաջարկում է Արամյանցի դղյակը դարձնել Հայ բարերարների տուն-թանգարան

2016-ի նոյեմբերին նշանավոր հայ ազգային գործիչ, բարերար Միքայել Արամյանցի դղյակի անմխիթար վիճակի մասին մի խումբ արվեստագետներ ահազանգ հնչեցրին, որին կարճ ժամանակում արձագանքել էր վարչապետ Կարեն Կարապետյանն ու հանձնարարել շահագրգիռ նախարարությունների մասնակցությամբ ուսումնասիրել խնդիրը եւ ներկայացնել առաջարկություններ։ Բայց ուսումնասիրության արդյունքում պարզվեց, որ դղյակը գրավի իրավունքով արգելանքի տակ է դրված, ինչը նշանակում է, որ նախ արգելանքի հարցը պետք է լուծվի, որից հետո նոր հնարավոր կլինի առաջարկություն ներկայացնել շինության հետագա նպատակայնության հետ կապված։ 



Հիշեցնենք, որ 2005 թվականին այն ընդամենը 1 մլն. 200 հազար դրամով Տուրիզմի հանրապետական խորհրդից ձեռք էր բերել մանկապղծության համար հետագայում դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանը` պայմանով, որ այն առնվազն 15 տարի պետք է գործի որպես տուրիստական հանգրվան: Սակայն անցած 11 տարում որեւէ էական ներդրում չկատարվեց, եւ դղյակն այսօր արդեն գտնվում է փլուզման եզրին։ Իսկ 2013-ից դղյակն ընդգրկվեց մշակույթի նախարարության կողմից նորահայտ պատմության եւ մշակույթի հուշարձանների ցանկում:



Պատմաբան, մշակութաբան, հրապարակախոս Խաչատուր Դադայանն օրեր առաջ բաց նամակով դիմել է վարչապետ Կարեն Կարապետյանին՝ հանգամանորեն ներկայացնելով իր մտահոգությունները դղյակի հետ կապված, իսկ դրանք առաջին հերթին կապված են նրա հետ, թե վերակառուցվելուց, վերանորոգվելուց հետո ինչի է ծառայելու այն։ «Այդ դղյակը սովորական կառույց չէ, խորհրդանիշ է, ահա թե ինչու առաջարկում եմ, որ այն դառնա Հայ բարերարների տուն-թանգարան։ Անցնեմ գործնական առաջարկների:



Առաջին: Ես մեր ազգային կապիտալի ու բարերարության վերաբերյալ 15 գրքի եւ հարյուրավոր հոդվածների հեղինակ եմ: Բացի այդ, տասնյակ տարիների ընթացքում ժողովել եմ հազարավոր էջերից բաղկացած ահռելի փաստական նյութ, որի մեջ զգալի թվաքանակ են կազմում բարերարների կենսագրությունները, լուսանկարները, փաստաթղթերը եւ այլն: Հայտարարում եմ` ես պատրաստ եմ իմ մտավոր սեփականությունը տրամադրելու ապագա տուն-թանգարանին: Թող ստեղծվի մի հանձնախումբ կամ հոգաբարձուների խորհուրդ, որը չափորոշիչներ կսահմանի եւ ընտրություն կկատարի:



Երկրորդ: Բարերարների մի մասը ժառանգներ չունի (Հ. Պեզճյան, Գ. Եղիայան, Մելքոնյան եղբայրներ, Լազարյաններ եւ այլք), սակայն շատերն ունեն շառավիղներ (Ա. Մանթաշյանց, Մ. Արամյանց, Ալեք Մանուկյան, Թորոսյան-Տարասովներ եւ այլք), որոնք կարող են ոչ միայն ֆինանսական աջակցություն ցուցաբերել ապագա տուն-թանգարանին, այլեւ տրամադրել արխիվային փաստաթղթեր, անձնական իրեր եւ այլ նյութեր:



Երրորդ: Տուն-թանգարանը պետք է լինի կրթամշակութային եւ հետազոտական հաստատություն: Քանի որ մեր բարերարները գործել են աշխարհի բազմաթիվ երկրներում, ապա զանազան միջոցառումներ կարելի է կազմակերպել այդ երկրների կառույցների հետ` կամրջելով ժողովուրդների միջեւ բարեկամությունը: Նույն նպատակին կծառայի Արամյանցի թենիսի կորտի վերականգնումը, որտեղ կարող են մրցումներ կազմակերպվել:



Չորրորդ: Հասկանալի է` Արամյանցի ամառանոցի վերականգնումը եւ տուն-թանգարանի ստեղծումը խիստ ծախսատար գործ է: Ի թիվս այլ աղբյուրների, շատ կարեւորում եմ ժողովրդական հանգանակությունը: Ինչո՞ւ: Մենք ունեցել ենք երկու բազմանդամ բարեսիրական հաստատություններ` Բաքվի Հայոց մարդասիրական ընկերությունը եւ Թիֆլիսի Կովկասի հայոց բարեգործական ընկերությունը (երկուսն էլ վերացվեցին 1921-ին): Դրանք ամեն Սուրբ Ծնունդի ու Զատկի կազմակերպում էին դրամահավաք: Եթե, օրինակ, Մանթաշյանցը տրամադրում էր 200 ռուբլի, ապա դպրոցահասակ երեխաները տալիս էին իրենց օրապահիկներից տնտեսած 50 կոպեկը, եւ կարեւորը գումարի չափը չէր, այլ մասնակցությունը: Թող որ մեր պարագայում էլ գումարը լինի խորհրդանշական, բայց մարդիկ մասնակցություն ունենան Խղճի տան կայացմանը:



Հինգերորդ: Ի՞նչ կտա տուն-թանգարանը տեղական համայնքին` Ախթալային: Տնտեսական, տուրիստական զարգացում եւ հանրահռչակում»,-իր նամակում նշել է Դադայանը:



Ինչ վերաբերում է Արամյանցի դղյակի հետագա ճակատագրին, նշենք միայն, որ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը դեռ տարեվերջյան իր ասուլիսի ժամանակ ասել էր, որ 2017-ին պետք է հատկացնեն միջոցներ շենքը նորոգելու եւ տարածքը բարեկարգելու ուղղությամբ, միաժամանակ նշելով, որ զուգահեռաբար մտածում են նաեւ շենքի բովանդակության մասին, որն անպայման ունենալու է «թանգարանային բովանդակություն», ինչն էլ իր հերթին կծառայի համայնքին, իր խոսքում ընդգծել էր Ամիրյանը՝ չբացառելով, որ դղյակը կարող է դառնալ նաեւ Արամյանցի տուն-թանգարան։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ