Նորընտիր պատգամավորները պետք է նաեւ լավ մաթեմատիկա իմանան

Նորընտիր պատգամավորները պետք է նաեւ լավ մաթեմատիկա իմանան

Ընտրական նոր օրենսգրքով սահմանվում է, որ խորհրդարանում մանդատների առնվազն 33 տոկոսը պետք է տնօրինի ընդդիմությունը։ Սա է պառլամենտական կառավարման ոսկե կանոնը։ Իսկ ի՞նչ կլինի, եթե ընդդիմությունն այդքան ձայն չհավաքի։ Այստեղ արդեն կգործի մանդատների բաշխման բոնուսային մեխանիզմը, բացատրեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։ Նա ընթերցեց ԸՕ 96-րդ հոդվածը․ «Եթե որեւէ կուսակցություն ստացել է 95-րդ հոդվածի 4-9-րդ մասերով բաշխված մանդատների ընդհանուր թվի 2/3-ից ավելին, ապա մյուս կուսակցություններն ստանում են այնքան նվազագույն թվով լրացուցիչ մանդատներ (ԼՄ), որ արդյունքում նրանց մանդատների ընդհանուր թիվը լինի Ազգային ժողովի մանդատների ընդհանուր թվի 1/3-ից ոչ պակաս: Յուրաքանչյուր կուսակցությանը հասանելիք լրացուցիչ մանդատների թիվը որոշվում է հետեւյալ կերպ. այդ կուսակցության ստացած մանդատների թիվը բազմապատկվում է լրացուցիչ մանդատների թվով, ստացված թիվը բաժանվում է լրացուցիչ մանդատներ ստացող կուսակցությունների՝ մինչեւ լրացուցիչ մանդատներ տալը ստացված մանդատների ընդհանուր թվի վրա, եւ առանձնացվում են ամբողջ թվերը, որոնք տվյալ կուսակցությանը հասանելիք լրացուցիչ մանդատների թվերն են»։ Այս բարդ ու խուճուճ թվաբանական-իրավաբանական կանոնը պարոն Մուկուչյանը փորձեց բացատրել ավելի պարզ, «մարդկային» լեզվով։



«Խնդիրը հետեւյալն է․ ենթադրենք մի կուսակցություն ստացավ 80 տոկոս ձայն։ Մենք այդ 80 տոկոսը բանաձեւով հաշվում ենք եւ հասկանում ենք՝ քանի մանդատ է անում 101-ից։ Դրան, բնականաբար, ավելացնում ենք ազգային փոքրամասնություններին տրվող չորս մանդատները։ Ստացվում է 105 մանդատ։ Հիմա 105 մանդատի պայմաններում մենք հաշվում ենք, թե այդ 2/3-ը կամ 75 տոկոսն ինչքան է անում։ Հաշվեցինք, տեսանք, որ նա, որ ստացել է, ենթադրենք, 80 տոկոս մանդատ, որը 105-ի պայմաններում իքս թիվ է։ Հիմա, եթե դա արեց 75 տոկոսից ավելին, օրենքն ասում է՝ էն մյուս ուժերին պետք է տաս այնքան մանդատ, որ դառնա 1/3։ Հիմա, էս պարագայում մեծ կուսակցության ստացած թիվը պայմանականորեն համարում ես 75 տոկոս, որ հասկանաս՝ նրան ինչքան ես ավելացնելու։ Էդքանը կլինի 75 տոկոս, իսկ մյուսը՝ 25 տոկոս։ Դրանով կորոշվի արդեն, թե լրացուցիչ ինչքան տաս, որ լրանա 33 տոկոսը կամ մանդատների թվի 1/3-ը։ Այսինքն՝ դու էն մեծ կուսակցության մանդատներին ձեռք չես տալիս, բայց մյուս ուժերին պետք է այնքան մանդատ ավելացնես, որ իր թիվն իջնի-դառնա 75 տոկոս։ Արդյունքում՝ ընդդիմության ստացած մանդատների թիվը կդառնա ոչ պակաս 1/3-ից»,-հնարավորինս հասկանալի լեզվով փորձեց բացատրել պարոն Մուկուչյանը։



Այսինքն՝ իշխանությունը կպահպանի իր մանդատների թիվը, իսկ ընդդիմադիր ուժը, եթե միակը լինի, կամ ուժերը կստանան արհեստական մանդատներ, որպեսզի ընդդիմությունն ընդհանուր թվով ունենա ոչ պակաս, քան ընդհանուր մանդատների թվի 1/3-ը։ Դրա համար էլ նոր խորհրդարանում պատգամավորների թիվը 101-ից մինչեւ, օրինակ, 115 կարող է տատանվել։ Ի դեպ, այդ ավելացված մանդատներն էլ հատուկ բարդ բանաձեւով են բաշխվելու ընդդիմադիր ուժերի միջեւ, ինչպես տեղի ունեցավ Գյումրու ընտրություններում, ինչի արդյունքում այսօր այդ կարգն ընդդիմադիրները վիճարկում են Սահմանադրական դատարանում։



Հետաքրքրվեցինք՝ սրանով արդյոք ընտրական ոգին չի՞ խաթարվում, երբ ժողովուրդը գուցե 1/3-ի չափով ձայն եւ ըստ այդմ՝ մանդատ չի տվել այդ ուժերին, բայց նրանք արհեստականորեն լրացուցիչ մանդատներ են ստանում՝ ոչ ժողովրդի ձայների հաշվին։
«Դե, ամեն դեպքում, հիմա այսպիսի բոնուսային մեխանիզմներ կիրառվում են տարբեր ընտրական համակարգերում, հիմա մեր ընտրական համակարգում եւս էդ մեխանիզմն ապահովված է»,-ասաց Մուկուչյանը։



Միայն պատկերացնել կարելի է, թե ինչպիսի խառնաշփոթ է առաջանալու ոչ միայն ընտրությունների օրը, այլեւ ընտրություններից հետո, երբ սկսեն մանդատների բաշխումը։ Մարդիկ, քաղաքականությունը թողած, պետք է մաթեմատիկական գիտելիքներով զինվեն, որ հասկանան՝ իրենք որքան ձայն են ստացել, որքան մանդատ։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ