Ինձ համար «Ժառանգությունն» այլևս անցյալում է․ Զարուհի Փոստանջյան

Ինձ համար «Ժառանգությունն» այլևս անցյալում է․ Զարուհի Փոստանջյան

«Ժառանգությունից» դուրս եկած եւ «Երկիր ծիրանի» կուսակցությունը հիմնած Զարուհի Փոստանջյանը չհասցրեց մասնակցել ապրիլի 2-ի ընտրություններին։ Բայց նա մտադիր է իր նորաստեղծ կուսակցությամբ քաղաքականության մեջ առաջին կարեւոր քայլն անել Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելով, թեպետ դեռ վերջնական որոշում չունի։ Մեր տեղեկություններով՝ նրան նաեւ այլ քաղաքական ուժերից էին առաջարկել իրենց ցուցակով միանձնյա մասնակցելու այս ընտրություններին, բայց, ինչպես խորհրդարանականի դեպքում, այս դեպքում եւս Փոստանջյանը մերժել է։ Թեպետ նա երեկ մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ պաշտոնապես որեւէ առաջարկ որեւէ ուժից չի ստացել։



Բայց տիկին Փոստանջյանը խորհրդարանական ընտրություններն ընտրություն չի համարում։ «Ինչպես բազմիցս նշել եմ, դրանք ընտրություններ չեն, իհարկե, քաղաքական գործընթաց է, եւ եթե ուզում ենք, որ քաղաքական ծրագրերը հրապարակվեն եւ հնարավորություն ունենան տարածվելու, ապա քաղաքական գործընթացներին պետք է մասնակցություն ունենան քաղաքական ուժերը։ Այդ իմաստով, իհարկե, կարելի է ասել, որ ինչ-որ չափով քաղաքական տեքստերի հրապարակում տեղի է ունեցել։ Բայց ընտրության իմաստով, իհարկե, մենք գնահատում ենք դրանք ոչ ընտրություններ, եւ ընտրակարգով չի ձեւավորվել այսօրվա մեր իրականությունը, որը հրապարակվել է ԿԸՀ-ի կողմից»,- նշեց նա։



- Բայց ասում են՝ ընտրատեղամասերում առանձնապես խախտումներ չեն իրականացվել, հիմնականում տեղամասերից դուրս ընտրակաշառքների մասին են բարձրաձայնում։



- Ուրեմն, ընդհանուր առմամբ, ընտրական պրոցեսը միայն ընտրության օրը չէ եւ ընտրական պրոցեսը չէ, այլ ամբողջ գործընթացն է՝ սկսած թե՛ ընտրական իրավունքի մատչելիությունից, թե՛ ընտրական իրավունքի իրագործման հնարավորությունից եւ վերջացրած մյուս բաղադրիչներով, ընդհուպ՝ նաեւ բուն օրվանով։ Մենք ունենք շուրջ 1 միլիոն քաղաքացի, որոնք ունեն ՀՀ քաղաքացիություն եւ ընտրելու իրավունք, սակայն այդ իրավունքն իրենց համար մատչելի չէ, քանի որ նրանք այսօր ապրում եւ աշխատում են Հայաստանի սահմաններից դուրս։ Հետեւաբար, նրանք արդեն զրկված են ընտրական պրոցեսներին մասնակցելուց, ինչն արդեն իսկ ազդեցություն է ունենում նաեւ հետեւանքների վրա։



- Դուք հնարավորություն ունեիք այս ընտրություններին մասնակցելու, առաջարկներ եք ունեցել տարբեր ուժերից, բայց մերժել եք։ Չե՞ք փոշմանել, ամեն դեպքում, որ չմասնակցեցիք։



- Իհարկե, ոչ, չեմ փոշմանել։ Դա եղել է գիտակցված որոշում։ Միայն Ազգային ժողովում լինելով՝ դու չես կարող իրականացնել քո ծրագիրը, եւ, տվյալ պարագայում, հասկանալի էր, եթե դու գնում ես խորհրդարան այլ ուժերի ներքո, ապա դա քո ծրագրի ներքո չես գնում, հետեւաբար, այստեղ իմ մասնակցությունն այս պահին հնարավոր չէր։



- Հիմա, փաստորեն, արդեն Ձեր հիմնած «Երկիր ծիրանի» կուսակցությամբ պատրաստվում եք մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին։ Դուք տեսնո՞ւմ եք բավարար ռեսուրս, պոտենցիալ՝ այս ընտրություններին մասնակցելու։



- Նախ նշեմ, որ մենք դեռ չունենք որոշում մասնակցելու վերաբերյալ, այդ որոշումը կընդունենք մոտ օրերս, որոշման մասին դուք կտեղեկանաք։ Իսկ բավարար ռեսուրսի մասին, եթե մենք խոսում ենք, ապա երբեք այսպիսի համակարգի ներքո, այսպես կոչված՝ «ընտրություններ» գործընթացի ներքո երբեք քո ռեսուրսը չի կարող լինել ավելին, քան ունի, օրինակ, այսօրվա գործող իշխանությունը։ Դուք տեսաք, թե ինչպես նա վարչական ռեսուրսն օգտագործեց եւ դրա շնորհիվ ստացավ առավելություն։ Եվ հենց դա է հիմնական ընտրախախտումն ու ընտրակեղծարարությունը։ Բայց միայն բավարար ռեսուրսի հարցը չէ, որ քեզ թույլ է տալու ունենալ հաջողություն։ Դու կարող է ունենաս ռեսուրսներ, բայց չունենաս բացարձակ ընկալում հանրության կողմից քո քաղաքական մոտեցումներով, քո քաղաքական սկզբունքներով եւ ծրագրով։ Այդ ամեն ինչի համադրությունն է, որ հնարավորություն է տալիս քեզ ունենալ հաջողություն։



- Արդեն գրանցվե՞լ է «Երկիր ծիրանին» պետռեգիստրում, եւ Դուք ունե՞ք բավարար քանակությամբ անդամներ գրանցման եւ գործունեության համար։



- Մեզ ասել են, որ բոլոր փաստաթղթերը պատրաստ են, եւ մեզ շուտով կտրամադրեն մեր տեղեկանքը։ Օրենքով մինչեւ գրանցման պահը առնվազն 800 անդամ պետք է ունենանք, մենք ներկայացրել ենք 1000-ից ավելի անդամ, այսինքն՝ պահանջվածից ավելի։



- Դուք Ձեր՝ պատգամավոր աշխատած տարիներին հաճախ էիք հանդես գալիս կոչերով, որ ժողովուրդը պետք է դուրս գա փողոց, պետք է զանգվածային ընդվզումներ լինեն, եւ այդ ճանապարհով պետք է հասնել իշխանափոխության։ Հիմա ինչպե՞ս ստացվեց, որ որոշեցիք ընտրությունների միջոցով ինչ-որ բան փոխել։



- Նախ, եթե դու զբաղվում ես քաղաքականությամբ, ապա պետք է, իհարկե, ունենաս նաեւ քաղաքական հնարավորություններ եւ հենարան, իսկ դա, իհարկե, կուսակցական համակարգն է, որից դու պետք է օգտվես, եւ որից պետք է օգտվի նաեւ հանրությունը՝ դառնալով քաղաքական ազգ։ Դուք այս պահին հիշատակեցիք ինչ-որ կուսակցությունների ցանկ, բայց ես Ձեզ ասեմ, որ կուսակցությունների ցանկը դեռ չի նշանակում, որ դրանք կուսակցություններ են։ Դու կարող ես գրանցվել, բայց չլինել կուսակցություն։ Կուսակցություն լինելու համար պետք է իրոք կատարես քաղաքական աշխատանք, քո հանրությունը պետք է իրոք դառնա քաղաքական հանրություն եւ քաղաքական ծրագրերի պահանջատեր։ Իսկ քաղաքական ծրագրեր հնարավոր է իրականացնել բոլոր քաղաքական եղանակներով։ Եթե դու դրանով չես զբաղվում, չես կարող ունենալ քաղաքական արդյունքներ։ Քաղաքական արդյունքներ են բողոքի բոլոր գործողությունները, տարբեր միջոցառումները՝ փաստաթղթով ձեւակերպելու, տարբեր ատյաններին դիմելու տեսքով, թե հանրային միջոցառումների, երթերի եւ այլնի տեսքով։ Բացի դրանից, իհարկե, քաղաքական գործընթաց է, երբ դու ծրագիր ես ներկայացնում հանրությանն ու պահանջում ես դրան հավանություն տալ։



- Այս օրերին լարվածություն է առաջացել «Ելք» դաշինքի եւ Ձեր նախկին կուսակցության՝ «Ժառանգության» միջեւ, միմյանց մեղադրում են իշխանության դրածո լինելու, Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի ազդեցության ներքո գործելու մեջ եւ այլն։ Դուք սրան ինչպե՞ս եք վերաբերվում։



- Ինձ համար «Ժառանգությունն» այլեւս անցյալում է, ես իրենց մասին ոչ մի հայտարարություն կամ արձագանք չեմ կարող հնչեցնել։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ