Փարպիի տեղամասի արդյունքները չեղարկելն էլ էր ՀՀԿ-ի հետ կոալիցիայի արդյունք

Փարպիի տեղամասի արդյունքները չեղարկելն էլ էր ՀՀԿ-ի հետ կոալիցիայի արդյունք

Դաշնակցական Արմեն Ռուստամյանը կարծում է, որ այս ընտրություններին բոլոր նրանք, որոնք խոսում են ինչ-որ արդյունքների մասին, այդ արդյունքները ձեռք են բերել համագործակցության միջոցով։ «Ով ինչի մասին խոսել է, եթե հիշեք, էս օրենքն ենք անցկացրել, էն ծրագիրն ենք իրականացրել, էդ բոլորը կատարվել է մենակ էն դեպքում, երբ որ իրենք կարողացել են համագործակցել գործող իշխանությունների հետ։ Հակառակ պարագայում՝ ոչ օրենքներ կարող էին անցկացնել, ոչ էլ որևէ ծրագրեր իրականացնել»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ռուստամյանը՝ ևս մեկ անգամ փորձելով ապացուցել, թե որքան ճիշտ էր ՀՀԿ-ի հետ կոալիցիա մտնելը։



Այդ համագործակցության արդյունքն էր նաև այն, որ Արագածոտնի մարզի Փարպի գյուղում, որտեղ իրենք թշնամության հասնող հակամարտության մեջ էին ՀՀԿ-ից առաջադրված ռեյտինգային թեկնածու Բազմասեր Առաքելյանի հետ, հենց ՀՅԴ-ի պահանջով ընտրության արդյունքները չեղյալ համարվեցին։



«Սա նույնպես ներսից աշխատելու, համագործակցելու արդյունք էր, որ համատեղ եկանք այն եզրակացությանը, որ չէր կարող այդ աստիճանի խայտառակ, ակնհայտ ճչացող, ուղղորդված ընտրությունները համարվեն նորմալ։ Գոնե մի տեղ դա պետք է արձանագրվի, որ սա անընդունելի է, և ստեղծված նոր ընտրական համակարգը պարտավոր է դրան արձագանքել»,- ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավարը։ Իհարկե, ԿԸՀ նախագահն ասել է, որ միայն Փապի գյուղի ընտրության արդյուքններն անվավեր ճանաչելը չի կարող ազդել ամբողջ ընտրությունների արդյունքների վրա, բայց Ռուստամյանը հույս ունի, որ այս մի դեպքը կարող է ազդել այն անձանց վրա, «ում որ թվում էր, թե իրենք տեր ու տիրական Է ընտրատեղամասում»։



Փարպիի գյուղապետն, ի դեպ, այս թեմայով մեղադրել էր հենց Դաշնակցությանը և նշել, որ այս ամբողջ գործընթացն ընդամենը Բազմասեր Առաքելյանի դեմ էր։ Արմեն Ռուստամյանը սրան այսպես արձագանքեց․ «Գիտե՞ք, փառք Աստծու, ուղիղ նկարահանում է կատարվել, և հիմա պետք չէ առաջնորդվել գյուղապետի կամ որևէ մեկի հայտարարությամբ։ Ով ուզում է, կարող է վերցնել, հետ տալ և առավոտից մինչև էն պահը, երբ մենք ահազանգեր ենք կատարել, նայել։ Սա նկարահանված է, և պետք չի սրա-նրա ասածով առաջնորդվել, ինքներս կարող եք վերցնել նայել՝ ով է ճիշտ ասում, մե՞նք, թե՞ գյուղապետը»։



Hraparak.am-ի հարցին, թե միայն ա՞յդ տեղամասում էին նման խնդիրներ, որտեղ իրենք կոնֆլիկտ ունեին ՀՀԿ-ից առաջադրված թեկնածուի հետ, թե՞ այլ տեղամասերում էլ են խախտումներ արձանագրել, Ռուստամյանն ասաց․ «Դե, բոլոր էն տեղամասերում, որտեղ ինչ-որ բաներ եղել են, դրանց մասին հայտարարություն ընթացքում արել է մեր շտաբի պետը, և դրանից Դուք տեղյակ եք»։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ