Գյուղապետը ժողովրդին ասաց՝ դուք 5 դրամանոց մարդիկ եք

Գյուղապետը ժողովրդին ասաց՝ դուք 5 դրամանոց մարդիկ եք

Նարեկ Մարտիրոսյանն ու Վարդան Ղահրամանյանը եղբայրներ են՝ զարմիկներ, Վայոց Ձորի Շատին գյուղից: Նրանք 10 տարուց ավելի ապրում եւ աշխատում են Ռուսաստանում։ Նարեկն ասում է՝ իրենք ոչ թե գործարար են, այլ իրենց հացը դրսում հայթայթող մարդիկ, ովքեր միշտ անհանգստությամբ հետեւել են Հայաստանում ծավալվող իրադարձություններին, մեծ հույսեր ունեին հատկապես Րաֆֆի Հովհաննիսյանի հետ կապված՝ 2013-ի նախագահական ընտրություններում, բայց եղավ այն, ինչ եղավ։ Հայաստան գալու եւ հայրենիքի կյանքին մասնակից դառնալու որոշումը կայացրին «Սասնա ծռերի» դեպքից հետո, քանի որ հասկանում էին՝ ծայրահեղ վիճակ է, ու պետք է ինչ-որ ձեւով իրենց մասնակցությունն ունենան իրավիճակը փրկելու գործին։ Այս անգամ քննարկեցին ու հասկացան, որ միակ մարդը, ում կարող են սատարել, Նիկոլ Փաշինյանն է։ Հաջորդ որոշումն արդեն կայացրին Հայաստանում՝ դառնալով «Ելք» դաշինքի վստահված անձինք հարազատ գյուղում եւ ստանձնելով քարոզչության պատասխանատվությունն ամբողջ Վայոց Ձորում։ 



Տղաները Փաշինյանի ոճով՝ բարձրախոսը ձեռքներին, բակ առ բակ շրջել են, հանդիպել հազարից ավելի մարդու հետ։ Եղել են Վայոց Ձորի անխտիր բոլոր գյուղերում, վստահեցնում են՝ մարզում չես գտնի մի մարդ, ով տեղեկացված չլիներ ու չիմանար «Ելք» դաշինքի մասին, բայց ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ ՀՀԿ-ն Վայոց Ձորում ստացավ ամենաշատ ձայները, իսկ «Ելքը»՝ բավականին քիչ։ «Մարդիկ հիմնականում չէին ուզում մոտենային, չգիտեմ ինչու, այդ աստիճան կաշառքը մթագնել էր մարդկանց ուղեղը»,- ասում է Նարեկը։ Նրա խոսքը շարունակում է Վարդանն ու ընդգծում՝ ում հետ խոսել են, ընդդիմադիր են եղել, մեծ մասը համակրել է «Ելք» դաշինքին, այդ առումով փոփոխությունների մեծ հույսեր են ունեցել. «Բայց ընտրություններից հետո հասկացանք, որ բոլորը կաշառակերներ էին, գաղափարապես ընդդիմադիր, բայց թույլ։ Ընտրությունների ժամանակ օգտագործվեցին բոլոր լծակները, որոնք գոյություն ունեն, անգամ նպաստառուներին, ովքեր համակրում էին մեզ, կանչում-զգուշացնում էին, որ ձեր նպաստը կարող է կտրվել»։



Նարեկն ասում է, որ եթե ամբողջ աշխարհում ստորադասն է կաշառք տալիս վերադասին, ապա Հայաստանում տեսան ճիշտ հակառակը՝ կաշառք տվողները վերին օղակներից էին։ Նրա կարծիքով՝ 10 հազար դրամ, թե 10 հազար դոլար կաշառք վերցնողի միջեւ տարբերություն չկա, երեւույթը նույնն է, ցանկացած դեպքում դառնում ես կաշառակեր, ու արդեն բարոյական իրավունք չունեն ասելու, թե այս կամ այն պատգամավորը կաշառակեր է։ Ինչ վերաբերում է մարդկանց աղքատությանը, կարծում է, որ դա պատճառ չի կարող լինել. «Ենթադրենք՝ ընտրություններ չէին լինում, այդ մարդը լույսի փող չպե՞տք է ունենար, ո՞նց էր ապրելու, չգիտեմ մարդկանց հետ ինչ է կատարվում, արդեն կաշառվողներն են վատ աչքով նայում չկաշառվողներին, երբ հակառակը պետք է լիներ»։
Բոլոր փող վերցնողները մտածում են՝ «դե հո ինձանով հարց չի՞ լուծվի»,- նշում է Վարդանն ու հավելում, որ եթե ներսում գրեթե խախտումներ չեն եղել, ապա նույնը չես ասի ընտրատեղամասերից դուրս։ Տղաները պատմում են, որ գյուղերում «Հանրապետականը «Բարգավաճին» խեղդել էր»։ Հանրապետականները հսկել են, որ մյուսները փող չբաժանեն, եւ անգամ իրենց են հետեւել․ «Բայց իրականում տեղյակ էին, որ փող չկա, մենք նույնիսկ մեր գրպանից ենք դրել նույն վառելիքի ծախսերը հոգալու համար»։ Իրենց գյուղում մոտ 100 հոգի հանրապետականներ էին աշխատում՝ իրենց թիմով։ «Մարդը եկել փողը վերցրել է ու ասում է՝ ես լավ չեմ տեսնում, թող ինձ օգնող մարդ գա, այսինքն՝ մի 100 հոգու այդպես հսկեցին, մի 100 հոգու ուրիշ գույնի գրիչներ տվեցին...»։



Թեեւ իրենց գյուղում ու ողջ Վայոց Ձորում եղել են կաշառք բաժանելու դեպքեր, բայց իրենք անձամբ ականատես չեն եղել։ Ինչ վերաբերում է մարդկային ռեսուրսներին, ապա ոչ բոլոր ընտրատեղամասերում ունեին վստահված անձինք, բայց ունեին որոշակի լծակներ, որպեսզի թույլ չտային խախտումներ, ավելին՝ գրեթե վստահ են, որ ներսում խախտումներ չեն եղել, եղածներն էլ էական ազդեցություն չեն ունեցել արդյունքների վրա։ Վարդանը պատմում է, որ տեսել է, թե ինչպես է գյուղապետերից մեկը վերջում ժողովրդին ասել՝ դուք 5 դրամանոց մարդիկ եք։ Փողը տալիս էին ու երեսով տալիս՝ նկատում է նա։



«Ելքի» ձայներն իրենց գյուղում եղել են 31-ը, չնայած համագյուղացիներից շատերն են ասել՝ մենք ձեզ հետ ենք։ Ի վերջո, պարզ է, թե 31 հոգին էլ ովքեր են եղել՝ իրենց ազգուտակը․ «Վերջում մենք մեր բարեկամներով հավաքվեցինք, դարձանք 31»։ Նարեկն ասում է՝ քանի որ փող էին բաժանել մարդկանց, պետք է գտնեին նաեւ նրանց վերահսկելու մեխանիզմներ, որոնք ավելի շատ հոգեբանական ճնշումների տեսքով են եղել։ Նա նկատում է, որ իրենց գյուղում միշտ հաղթել է Հանրապետականը, դա այն դեպքում, որ գյուղացիների մեծ մասը գործ չունի։



Տղաներն ասում են, որ եթե 10 տարի առաջ իշխանություններից հիասթափված գնացին երկրից, հիմա արդեն ժողովրդից են հիասթափված։ «Ջղայնացած եմ մի այլ տիպի, չէր կարելի նման ընտրություն կատարել»,-ասում է Վարդանն ու հիշում, որ աշնանը դասընկերն իր թեկնածությունն է առաջադրել գյուղապետի ընտրություններում, որին սատարելու համար Ռուսաստանից 6 մեքենա մարդ է եկել, անկուսակցական դասընկերը հաղթել է ընտրություններում, բայց ՀՀԿ-ն հաջորդ օրն անմիջապես նրան հանրապետականացրել է, ու այս ընտրություններում արդեն նախկին եւ ներկա գյուղապետերը միասին են աշխատել Հանրապետականի համար։ Այդպես են վարվել գրեթե բոլոր անկուսակցական, բայց ընտրված գյուղապետերի դեպքում։



Իսկ հիմա՝ ընտրություններից հետո, ի՞նչ են պատրաստվում անել, պատասխանում են՝ «էլի մեր գործին, կգնանք Ռուսաստան»։ Ինչ վերաբերում է վարչապետի այն խոսքերին, որ, դիմելով մեր ներդրողներին, ասել էր՝ եթե կարող եք ռուսաստաններում բիզնես դնել, ինչո՞ւ չեք գալիս Հայաստան, տղաներն ասում են, որ եթե անգամ ամեն ինչ վարչապետի ասածով լինի, այստեղ արդեն մարդ չի մնացել առեւտուր անելու համար՝ շուկա չկա։ «Մեզ դուր չի գալիս, որ մարդ չկա Հայաստանում, ու օրեցօր դատարկվում է երկիրը։ Սա բոլորի խնդիրն է, թող այստեղ էլ ամեն ինչ լավ լիներ, մենք էլ այստեղ ապրեինք, արարեինք»,- ասում է Վարդանն ու նշում, որ հենց աշխատանքի բացակայության պատճառով են թողել-գնացել հայրենիքից. «Շատ եմ սիրում իմ հայրենիքը, բայց ստեղ անհնար է»։ Տղաներն ասում են, որ այս ընտրություններին եկել էին մի նպատակով, որ նորից չվերադառնային Ռուսաստան, որտեղից տնեցիների հետ սկայպով են խոսում, բայց ուրիշ տարբերակ չունեն։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ