ՍԴ են դիմել՝ ոմանց բերանը փակելու համար

ՍԴ են դիմել՝ ոմանց բերանը փակելու համար

Երեկ Սահմանադրական դատարանում մեկնարկեց «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումի քննությունը ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ։ Հայցվոր կողմից ներկայացել էին ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանն ու երկու փաստաբան՝ Վահե Գրիգորյանը եւ Տիգրան Եգորյանը։ Պատասխանող կողմը ԿԸՀ-ն էր, որի ներկայացուցիչներն էին նախագահ Տիգրան Մուկուչյանն ու հանձնաժողովի երկու անդամներ՝ Արմեն Սմբատյանը եւ Նունե Հովհաննիսյանը։ Ներկա էր նաեւ ոստիկանապետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը, բայց նրան երեկ ելույթ ունենալու հերթ չհասավ։



ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հայցվոր կողմին առաջարկեց, որ նրանք ընտրեն՝ ով եւ ինչ հերթականությամբ է ներկայացնելու դիմումը, միաժամանակ չմոռացավ նախազգուշացնել՝ դատարանի ամբիոնը չօգտագործել քաղաքական ելույթներ ունենալու համար։ Առաջինը ելույթ ունեցավ Լեւոն Զուրաբյանը, ով անմիջապես սկսեց քաղաքական գնահատականներ հնչեցնել իշխանությունների, ապա նաեւ Սահմանադրական դատարանի հասցեին՝ հիշեցնելով, որ ամեն անգամ Հայաստանի Հանրապետությունում ընտրությունները կեղծվում են, իրենք դիմում են դատարան, բայց ՍԴ-ն «մտացածին պատրվակներով» կա՛մ հրաժարվում է իրենց դիմումը քննության առնել, կա՛մ վերջում մերժում է։ Եվ այդ պրոցեսի կրկնությունը երեկ Զուրաբյանի մոտ դեժավյուի զգացողություն էր առաջացրել։ ՀԱԿ նախկին պատգամավորին, սակայն, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը կեսից ընդհատեց եւ կրկին զգուշացրեց․ «Սա պառլամենտի նիստը չէ եւ ելույթների ժամը չէ, որ քաղաքական ելույթներ ունենաք»:



Լեւոն Զուրաբյանը մի փոքր էլ շարունակեց նույն ոճով, ապա անցավ դիմումի բովանդակությունն արդեն ավելի իրավական հարթություն տեղափոխելուն։ Ի դեպ, անկախ քաղաքական գնահատականներից, Լեւոն Զուրաբյանը բավականին պատրաստված էր նաեւ իրավական առումով, քանզի հարցուպատասխանի ժամանակ նա հաճախ էր օգնության հասնում փաստաբան Տիգրան Եգորյանին եւ սպառիչ պատասխաններ տալիս ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին։ Նիստի քննությունը տեւեց ավելի քան 8 ժամ՝ առավոտյան ժամը 10։00-ից մինչեւ երեկոյան 18։10-ը։ Ամեն մեկուկես ժամը մեկ նիստն ընդմիջվում էր։ Զուրաբյանից հետո ամբիոնին մոտեցավ Տիգրան Եգորյանն ու մինչեւ օրվա ավարտն այդպես էլ աբիոնից չհեռացավ։ Եգորյանը հատ-հատ ներկայացրեց այն բոլոր՝ իրենց կարծիքով փաստերն ու ապացույցները, որոնք պետք է հիմք հանդիսանան ընտրությունների արդյունքները չճանաչելու համար։ Նրա ներկայացրած «փաստերի ու ապացույցների» մեծ մասը, սակայն, հիմնված էր մամուլի հրապարակումների վրա, թե «ահազանգ կամ տեղեկություն կա, որ այսինչ ընտրատարածքում այսինչ թեկնածուն ընտրակաշառք է բաժանում»։ Բայց դրանք ապացուցող, հիմնավորող որեւէ հստակ հանգամանք, ըստ էության, չներկայացվեց։ Չշրջանցեցին նաեւ 114 տնօրենների եւ «ՍԱՍ»-ի ժողովի սկանդալային ձայնագրությունների թեման։



Ողջ ընթացքում նիստին ներկա ՍԴ անդամներն ու դահլիճում նստածներից ոմանք հասցրեցին մի քանի անգամ խորը քուն մտնել։ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն ու ԿԸՀ նախագահ Մուկուչյանը, սակայն, համբերատար լսում էին։ Ի վերջո, հերթը հասավ հարցուպատասխանին։ Մուկուչյանը, որպես պատասխանող կողմ, հնարավորություն ունեցավ հարցեր ուղղելու Եգորյանին։ Այստեղ սկսվեց բանավեճ Մուկուչյանի հարցերի բովանդակության շուրջ, թե որքանով են դրանք հարցի քննությանը նպաստող եւ արժեք ներկայացնող հարցեր։ Քանի որ դիմող կողմն իր դիմումը ներկայացնելիս բազմիցս խայթել էր Մուկուչյանին՝ նրան մեղադրելով ընտրակեղծարարության մեջ, Մուկուչյանը, ըստ էության, որոշեց առիթն օգտագործել ու համարժեք պատասխան տալ իրեն քննադատողներին։ Դրա համար էլ նա երբեմն տալիս էր հարցեր, որոնցում նկատվում էին հեգնանք եւ հայցվոր կողմի ոչ պրոֆեսիոնալ մոտեցումը բացահայտելուն ուղղված ակնարկներ։ Դրա դեմ առարկեցին Զուրաբյանն ու Եգորյանը՝ պնդելով, որ Մուկուչյանը պատասխան չենթադրող հարցեր է հնչեցնում, որն ավելորդ ժամանակի կորուստ է։ Այս հարցում նրանց հետ համակարծիք էր նաեւ Գագիկ Հարությունյանը, ով մի քանի անգամ զգուշացրեց Մուկուչյանին, որ դրանք հարցեր չեն, այլ իր առարկություններն ու դատողությունները, որոնք կարող է ներկայացնել արդեն իր ելույթում՝ բացատրությունների տեսքով։ Իսկ հիմա պետք է միայն հարցեր ուղղի։ Օրինակ՝ Մուկուչյանը, դաշինքի ներկայացրած «ապացույցների ու փաստերի» մեջ հայտնաբերելով, որ նույն անուն-ազգանունով կինը միաժամանակ բողոք է ներկայացրել իրարից ավելի քան 100 կմ հեռավորության վրա գտնվող տեղամասերից, հարցրեց՝ ի՞նչ փոխադրամիջոցով է նա մի տեղամասից հասել մեկ այլ տեղամաս, որ հասցրել է այդքան արագ երկու տեղում էլ գտնվել։ Տիգրան Եգորյանը Մուկուչյանի հարցին պատասխանեց պատասխան հեգնանքով․ «Գերձայնային մեքենայով»։ Ապա նշեց, որ սա հարցի էության հետ կապ չունի։ Լեւոն Զուրաբյանն այստեղ եւս օգնության հասավ Եգորյանին եւ ասաց, որ Մուկուչյանը, իրականում, հարցի ձեւով քողարկված պնդումներ է ներկայացնում, այլ ոչ թե հարց տալիս։



Այդուհանդերձ, Մուկուչյանի հարցերից ու «չհարցերից» ոչ բոլորի դեպքում էր, որ Տիգրան Եգորյանը կարողանում էր տեղում պատասխաններ գտնել։ Որոշների դեպքում ասաց, որ գուցե տեխնիկական վրիպակներ են, ինքը կփորձի դրանք ճշտել, շտկել եւ պարզաբանել ավելի ուշ։ Գագիկ Հարությունյանն առաջարկեց դիմումի քննությունը շարունակել այսօր՝ ժամը 12-ին։



Նիստից հետո Լեւոն Զուրաբյանը մեզ ասաց, որ իրենք, միեւնույն է, սպասելիքներ չունեն բարձր դատարանից եւ բացարձակ հույս չունեն, որ ՍԴ-ն կբավարարի իրենց պահանջը։ Բայց իրենք բարձր դատարան դիմում են՝ բացառապես ելնելով իրենց հարգանքից պետական այս հաստատության առաքելության հանդեպ։ «Մեր սպասելիքը հետեւյալն է՝ մենք մեր հանրությանը ցանկանում ենք ներկայացնել այս ընտրակեղծարարության հետ կապված մեր բացահայտումները եւ փաստարկները։ Մենք նաեւ ինչ-որ իմաստով այնպես ենք վարվում, որ մեր ժողովուրդը հասկանա, որ, այնուամենայնիվ, մարդիկ կան, ովքեր էս ամեն ինչը տեսնում են եւ պատրաստ են սրա համար պայքարել, գնալ մինչեւ վերջ։ Մենք սա անում ենք մեր ժողովրդավարության ապագայի համար»,-ասաց նա։
Այսինքն՝ ձեւակա՞ն բնույթ է կրում իրենց դիմումը, մարդկանց ինչ-որ բան ապացուցելու համա՞ր է արվում, Զուրաբյանն ասաց․ «Ի՞նչ կապ ունի ինչ-որ բան ցույց տալը, մենք ռեալ փաստեր ենք բերել, մենակ էն տնօրենների գործը բավարար է, որ ամբողջ ընտրություններն անվավեր համարվեն։ Ինչի՞ մասին է խոսքը»։ Այդ դեպքում նպատակը ո՞րն էր ՍԴ դիմելու, եթե, միեւնույն է, գիտեն, որ մերժվելու է։ «Նպատակը հնչեցնելն է, ցույց տալն է այս բոլոր օրինախախտումները, նպատակն էն մարդկանց բերանը փակելն է, որոնք ասում են՝ լեգիտիմ ընտրություններ են եղել»,-ՍԴ դիմելու նպատակն այսպես բացատրեց պարոն Զուրաբյանը։



Զրուցեցինք նաեւ փաստաբան Վահե Գրիգորյանի հետ, ով ելույթ կունենա այսօր։ Նա նիստից այն տպավորությունն էր ստացել, որ այս դահլիճում Տիգրան Եգորյանի եւ Տիգրան Մուկուչյանի միջեւ խոսակցությունը բոլորովին այլ կլիներ Մուկուչյանի կողմից նախաձեռնված, եթե տեսախցիկներ չլինեին։ Հարցին, թե հույս ունի՞, որի ՍԴ-ն կբավարարի իրենց դիմումը, պարոն Գրիգորյանն ասաց․ «Այն դաշինքը, որին ես ներկայացնում եմ, այս դատավարությունը նախաձեռնել է ընդհանուր շահ հետապնդող մի շարք հարցեր բարձրացնելու համար, որոնցով էլ, մասնավորապես, ակնկալում են մի քանի բարեփոխումների համար Սահմանադրական դատարանի որոշմամբ այնպիսի դիրքորոշում ստանալ, որոնք իրավունքի եւ օրենսդրության զարգացման համար կարեւոր նշանակություն կունենան»։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ