Թե ինչպես են մեզ ստիպում մեր վիզը հարմար տեղավորել թշնամու յաթաղանի տակ
Հայ-թուրքական սահմանի «Մարգարա» սահմանային անցակետը պատրաստ է շահագործման և հայկական կողմն ակնկալում է թուրքական կողմից ևս դրական ազդակներ ստանալ երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար սահմանը բացելու վերաբերյալ։ Այս մասին Սպուտնիկ Արմենիայի հարցմանը պատասխանել են ՀՀ ԱԳ նախարարությունից։
Ի դեպ, սահմանային անցակետի շինարարությունը բուռն էր ընթանում՝ այն չէր դադարում նույնիսկ կիրակի օրերին։ Այդ մասին «Հրապարակին» պատմել էին Մարգարայի բնակիչները, ովքեր չէին հասկանում հայ-թուրքական սահմանի բացմանը սրտատրոփ սպասող իրենց որոշ համագյուղացիների խանդավառությունը։
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն իր խոսքի տերն եղավ՝ նոյեմբերի կեսերին հայտարարել էր, որ շուտով անցակետի շինարարությունը կավարտվի և ահա այն, այս իշխանությունների իղձերի անցակետը, պատրաստ է։ Փաստորեն այն, ինչ իրենց իսկապես պետք է՝ կարողանում են արագ կյանքի կոչել։ Դե դա հայրենազրկված ու ցեղասպանված արցախցի մեր հայրենակիցներին տեղավորել չի։ Հիմա անհամբեր սպասում ենք երրորդ երկրների քաղաքացիների ու դիվանագիտական անձանց մուտքին այդ անցակետով Հայաստան ու ակնկալում ենք փաստացիորեն մեր նոր «տերերի», այսինքն թուրքերի բարեհաճությունն ու համաձայնությունը։
Կարելի էր կողքից զվարճանալ այս մանկամիտ սպասումների վրա և հերթական անգամ արձանագրել, թե ինչքան հեռու են նման ակնկալիքներ ունեցողներն իրականությունից, եթե սա տեղի ունենար, օրինակ Ադրբեջանում կամ էլ Պակիստանում, սակայն երբ այդ նվաստացուցիչ ու բարոյազուրկ քծնանքի առարկան մեզ են դարձնում՝ այս երևույթն արդեն դառնում է ազգային ողբերգություն։ Ի վերջո, փորձենք հասկանալ, որքանո՞վ են այս իշխանությունների սպասումներն արդարացված։ Արդյոք թուրքական կողմը հավանություն կտա այս սահմային անցակետի շահագործմանը:
Շատերը սահմանային անցակետի շահագործումը շփոթում են կամ էլ գիտակցաբար մարդկանց շփոթմունքի մեջ են գցում, դրա շահագործումն ու դիվանագիտական հարաբերությունների հաստատումը նույն երևույթներն են։ Այնինչ, թուրքական կողմը չի խոսել Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին, իսկ ՀՀ ներկա իշխանությունները հսկայական պետական միջոցներ ծախսելով կառուցում են մի անցակետ, որը փաստացի պետք է օգտագործվի ինչ-որ երրորդ երկրների քաղաքացիների կողմից՝ ՀՀ մուտք գործելու համար։
Մինչ այդ երրորդ երկրների քաղաքացիներին անդրադառնալը, հիշեցնեմ, որ Թուրքիայի հետ հայկական կողմի բանակցող, Ազգային Ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել էր, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հնարավոր հանդիպման մասին քննարկում այս պահին չկա։ Ի՞նչ է սա նշանակում, բնականաբար, որ թուրքական կողմը ցանկություն չունի հայկական կողմի հետ որևէ բան քննարկելու, սակայն դա չի նշանակում, որ թուրքական կողմը չի կարող հրահանգներ տալ ՀՀ իշխանություններին և խիստ կասկածում եմ, որ այս իշխանությունները չեն շտապի հնարավորինս արագ գոհացնել իրենց «տերերին»:
Անդրադառնալով արտաքին գործերի նախարարության կողմից օգտագործված երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար սահմանը բացելու եզրույթին, ի վերջո, ովքե՞ր են այդ քաղաքացիները և ինչու նրանք ՀՀ սահմանը պիտի հատեն հենց Մարգարայի անցակետի՞ց, արդյոք խոսքը գնում է թուրքերի մասին։
Անշուշտ ոչ, այդ քաղաքացիներ կարող են լինել նույն ադրբեջանցիները, իսկ Հայաստանն այս պարագայում կվերածվի Ադրբեջանի ու Թուրքիայի միջև ընդամենը տարանցիկ մի ուղու, որի ճանապարհին ադրբեջանցիները կարող են իրենց թույլ այն, ինչ իրենց մտքով կանցնի։ Հիշեցենք, միջազգային ամբիոններից Փաշինյանը աղաղակում է, որ Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել Հայաստանի վրա ու միաժամանակ ասում, որ ուժեղ բանակ կամ անվտանգություն ասելով չի հասկանում հզոր ու լավ զինված բանակ, այլ լեզու գտնել սեփական հարևանների հետ։ Ի՞նչ է նշանակում սա, այն պարագայում, երբ թշնամի երկիրը փաստացի վարում է հայատյաց քաղաքականություն, իրագործում է ցեղասպանություն հայերի դեմ, հայրենազրկում ու հայտարարում, որ Երևանը Իրևան է ու իր «պապերի ծննդավայրը»: ճիշտ է, դա նշանակում է վիզդ հարմար տեղավորել թշնամուդ յաթաղանի տակ՝ գլուխդ թռցնելու սպասումով։
Բնականաբար, այն որ այդ անցակետը հսկվելու է և այլն, նման արտահայտությունները հաշվեք, որ հեքիաթի ժանրից են լինելու՝ պարզապես հնարավոր չէ պատկերացնել, թե Ալիևն ինչքան կուզի, որ ՀՀ մարմինները համարձակվեն ինչ-որ ադրբեջանցու, թուրքի մեքենա կամ բեռնատար ստուգել, եթե իհարկե չպարզվի, որ այդ անցակետն ու դրանով անցնող ճանապարհը չպետք է հսկեն հենց ադրբեջանցի կամ թուրք հատուկ ջոկատայինները։
Իսկ ինչ վտանգներ կարող են լինել՝ թմրանյութերի փոխադրումից սկսած մինչև մաքսանենգություն, դիվերսիաներ ու սպանություններ: Կասեք, Հայաստանում հիմա էլ սարսափելի ծավալով թմրանյութերի վաճառք է իրականացվում՝ այո, սակայն թմրանյութը երբեք բավարար չէ, եթե հոգեպես, բարոյապես, ֆիզիկապես ուզում ես ոչնչացնել ժողովրդի մեջ ազգին, ու փոխարենը ստանալ անկամք, անգիտակից ու մեկ դոզայի համար ամեն ինչի պատրաստ ազգաբնակչություն։ Սա հեքիաթների ժանրից չէ, այդպես անգլիացիները վարվեցին չինացիների հետ, որպեսզի նրանց հլու-հնազանդ պահեն՝ պատմությունն ուսումնասիրողները դա գիտեն։ Մյուս վտանգը` մարդկային թրաֆիքինգ, որը կարող է սարսափելի հետևանքներ ունենալ։ Ինչ-որ մեկը բացառո՞ւմ է, որ ադրբեջանցի, այսպես կոչված, փախստականների, իսկ իրականում բառիս բուն իմաստով մարդակեր ադրբեջանցի հատուկ-ջոկատայինների ու ծանր հանցագործություններ կատարած ադրբեջանցիների վերադարձից հետո չեն սկսելու մարդիկ անհետանալ՝ երեխաներ, երիտասարդ կանայք ու տղամարդիկ, ընտանիքներ։
Կասկածողները թող հետաքրքրվեն սովետ․միության շրջանում նույն Սյունիքի տարածքում, խորհրդային Ադրբեջանի տարածքում անհետացած ու սպանված դեպքերով: Շատերին սա կարող է թվալ խուճապ, խուճապի տարածում, պեսիմիզմ, այնինչ, ես կարծում եմ, որ պատմությանը քիչ թե շատ ծանոթ, հիշողության հետ կամ ընկալունակության հետ խնդիր չունեցող մարդիկ պետք է հստակ մի բան հասկանան՝ ադրբեջանցին հային նույնիսկ մարդ չի համարում, նրանք մեզ համարում են երկրի վրա ապրելու իրավունք չունեցող կենդանիներ, ադրբեջանցու համար հավերժ վտանգի աղբյուր, որն իր պատմական հողերին չի հավակնի միայն այն ժամանակ, երբ մինչև վերջին հայը վերացած չի լինի: Իսկ մնացած լոլոները Փաշինյանն ու իր թիմը կարող են իրենց տանը պատմել, որովհետև միջազգային հանրությունը երբեք քայլեր չի ձեռնարկի՝ նրանք կբավարարվեն միայն դատապարտող ծակ հայտարարություններով ու կշարունակեն Ադրբեջանից գազ ու նավթ գնել։
Ես այսպես եմ տեսնում Փաշինյանի, իր քաղաքական թիմի ու իրենց գործատուների բերած «խաղաղությունը» Հայաստանին։ Կհամաձայնեք դուք, թե ոչ, ձեր խնդիրն է, սակայն թվարկածս ֆանտազիա համարողներին, խորհուրդ կտամ վերհիշել, արդյոք չորս տարի առաջ կարո՞ղ էինք պատկերացնել, որ Արցախում մի օր կարող է հայ չլինել, իսկ Արցախի առաջնորդները կարող են Բաքվի բանտերում խոշտանգվել:
Թող լինի խաղաղություն, սակայն արժանապատիվ խաղաղություն։
Վերջում ուզում եմ մեջբերել Չերչիլի մտքերից մեկը, որին երևի թե ՀՀ ներկա իշխանական խմբակը ծանոթ չէ (նշեմ, որ ռազմական ու քաղաքական գործիչ Չերչիլն արժանացել է ոմանց համար այդքան բաղձալի Նոբելյան մրցանակի գրականության ոլորտում)․«Երբեք մի հանձնվեք, երբեք մի զիջեք, երբեք և ոչ մի բանում, մի զիջեք ոչ մեծ, ոչ փոքր, ոչ էլ ահռելի և ոչ աննշան հարցերում։ Մի զիջեք ոչ մի բանի առաջ՝ բացառությամբ ձեր պատվի և առողջ դատողության»:
Հ․Գ․ Պատիվ և առողջ դատողություն էլ պետք է ունենալ․․․
Կարծիքներ