«Ուղեցույցը Ղուրանն է, նպատակը՝ Թուրանը»

«Ուղեցույցը Ղուրանն է, նպատակը՝ Թուրանը»
«Ուղեցույցը Ղուրանն է, նպատակը՝ Թուրանը»
«Ուղեցույցը Ղուրանն է, նպատակը՝ Թուրանը»

Նոյեմբերի 4-ին Ֆրանսիայի Նախարարների խորհուրդը որոշում կայացրեց լուծարել թուրքական «Գորշ գայլեր» ծայրահեղ ազգայնական, այլատյաց շարժումը և արգելել խմբավորման գործունեությունը երկրում։

Ֆրանսիայի Ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը թվիթերյան  իր էջում հրապարակել էր որոշման փաստաթուղթը և կից գրել. «Գորշ գայլեր» շարժումը լուծարվեց Նախարարների խորհրդում՝ համաձայն Հանրապետության Նախագահի հանձնարարականի: Ինչպես մանրամասն ներկայացված է իմ ներկայացրած հրամանագրում, այն (շարժումը - ՀՐԱՊԱՐԱԿ) քաջալերում է խտրականություն և ատելություն և ներգրավված է բռնի գործողությունների մեջ»։

Ի պատասխան Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ «Գորշ գայլեր» կոչվող շարժում գոյություն չունի, որի լուծարման մասին հայտարարել է Ֆրանսիայի կառավարությունը։

«Մյուս կողմից, այս երեւակայական կազմավորմանը անդրադառնալիս անընդունելի է արգելել այն խորհրդանիշները, որոնք լայնորեն օգտագործվում են շատ երկրներում և չունեն անօրինական հայեցակետեր»,- նշված էր Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ:

Թուրքական արտաքին գերատեսչության հայտարարության համաձայն՝ այս որոշումը նաև ցույց է տալիս, որ «Ֆրանսիայի կառավարությունը լիովին դարձել է հայկական շրջանակների գերին»: «Ֆրանսիայի կառավարության հապճեպ ընդունած որոշումը խայտառակ է, հաշվի առնելով, որ Ֆրանսիան հանդուրժում է ՔԲԿ (Քրդական բանվորական կուսակցություն - ՀՐԱՊԱՐԱԿ) և ՖԵՏՕ-ի (FETÖ, Fethullahçı Terör Örgütü, Ֆեթուլլահի ահաբեկչական կազմակերպություն, Գյուլենական շարժման Թուրքիայի ձևակերպումը – ՀՐԱՊԱՐԱԿ) ահաբեկչական կազմակերպությունների ասոցիացիաների երկար տարիներ ազատ գործելը երկրի յուրաքանչյուր անկյունում, և որ իր երկրում անպատիժ է թողել թուրքական շահերի և համայնքի դեմ իրականացված բռնությունները՝ հավաքների և արտահայտման ազատության պատրվակով»,- դժգոհել է թուրքական պետության ԱԳՆ-ն:

ԹՀ ԱԳՆ-ը նաև եզրահանգել է, որ «Ֆրանսիայի կառավարությունը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ շարունակում է անտեսել հայկական մոլեռանդ սփյուռքի հրահրումները, սպառնալիքներն ու հարձակումները»։ «Գորշ գայլեր» ծայրահեղ ֆաշիստական խմբավորման լուծարման որոշման հետ կապված քայլերը թուրքական ԱԳՆ-ը որակել է «կեղծավոր կեցվածք», «սադրիչ»։

«Որոնք հիշեցնում են Ֆրանսիայի բացասական փորձը՝ Ֆրանսիայի կողմից հովանավորություն և աջակցություն ստացող ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարում, ինչպիսիք են՝ ՔԲԿ-ը, ՖԵԹՕ-ն և հատկապես ԱՍԱԼԱ ահաբեկչական կազմակերպությունը, որը թիրախավորել է մեր դիվանագետների կյանքը: Մենք շեշտում ենք, որ Ֆրանսիայում թուրքական համայնքի՝ միավորումների, արտահայտման և հավաքների ազատությունը պետք է պաշտպանված լինի մարդու համընդհանուր իրավունքներին և կարգավորումներին համապատասխան, և որ մենք դրան կպատասխանենք ամենահուժկու ձևով»,- եզրափակել է Թուրքիայի ԱԳՆ-ն:

«Գորշ գայլերի» լուծարման թեմայով ֆրանսիական «Ֆրանսինֆո» կայքը «Ովքե՞ր են «Գորշ գայլերը», այս թուրքական ուլտրաազգայնական շարժումը լուծարվեց կառավարության կողմից Նախարարների խորհրդում» (Qui sont les Loups gris, ce mouvement ultranationaliste turc dissous par le gouvernement en Conseil des ministres ?) վերտառությամբ հոդված է հրապարակել։

Հոդվածագիր Դավիդ Պուժեն անդրադառնում է «Գորշ գայլեր» խմբավորման սկզբնավորմանը՝ նշելով, որ այն հիմնադրվել է 1968 թվականին գնդապետ Ալփարսլան Թյուրքեշի կողմից, ով նաև Թուրքիայի ծայրահեղ «Ազգայնական շարժում» կուսակցության հիմնադրման ակունքներում է եղել։ Այս կուսակցությունն այժմ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքական դաշնակիցն է:

«Դա ֆաշիստական բնույթի ծայրահեղ աջակողմյան շարժում է, որը հիմնված է ազգայնական և էթնիկական տարրերի վրա: Իսլամը կարևոր է, բայց ավելի շատ ինքնության և ազգայնականության տեսանկյունից. մենք թուրք ենք, ուստի՝ մահմեդական», - հոդվածագիրը մեջբերում է Գրենոբլի քաղաքական ուսումնասիրությունների ինստիտուտի Միջերկրական և Մերձավոր Արևելքի ամբիոնի վարիչ Ժան Մարկուն։

Պուժեն նաև հոդվածում անդրադարձել է Ֆրանսիայիում Հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի թվիթերյան հրապարակմանը, որում խորհուրդը հրապարակել էր պետական մարմիններին ուղղված դիմումը (հոկտեմբերի 29-ին)՝ «Գորշ գայլերի» գործունեությունն արգելելու վերաբերյալ։  ՀԿՀԽ- ն իր վրդովմունքն ու խորին մտահոգությունն էր հայտնել «Գորշ գայլեր» խմբավորման կողմից  «հայերի որս» անելու կոչից հետո։ Միջադեպը տեղի էր ունեցել հոկտեմբերի 28-ի երեկոյան մի քանի հարյուր ակնհայտ «Գորշ գայլերի» կողմից Դեսին և Վիեն համայնքներում։ Խմբավորման անդամները փողոցներում գոչել էին․ «Որտե՞ղ եք, հայե՛ր, որտե՞ղ եք, հայե՛ր»։

Նաև նոյեմբերի 1-ին ՀԿՀԽ համանախագահ Մուրադ Փափազյանը «Հայերն այսօր» հաղորդման ժամանակ էր ասել, որ հայ համայնքի անունից դիմել են Ֆրանսիայի կառավարությանը, Ներքին գործերի նախարարությանը։

«Գորշա գայլերը» լուծարելու՝ Նախարարների խորհրդի որոշմանը նաև անդրադարձել էր Ֆրանսիայի ընդդիմադիր «Ազգային ճակատ» ազգայնական կուսակցության առաջնորդ Մարի լը Պենը։ Ընդդիմադիր գործիչը թվիթերյան իր էջում գրել էր, որ Ժերալդ Դարմանենը հայտարարելով «Գորշ գայլերի լուծարման մասին՝ նոր հեղաշրջում է կատարում։ «Սակայն չի լուծում իրական խնդիրը՝ պրոխալիֆայական «Ազգային Տեսլական» կազմակերպությունը, որը ղեկավարում է 71 մզկիթ և 10 «թուրքական» դպրոց»,- ընդգծել էր ընդդիմադիր գործիչը։

Լը Պենի նշած «Ազգային Տեսլական» (թուրք.՝ Millî Görüş) կազմակերպությունը հիմնադրել է 1969 թվականին Թուրքիայի նախկին վարչապետ (1996-97), թուրք ակադեմիկոս Նեջմեթթին Էրբաքանը։ Այն համարվում է  Եվրոպայում թուրքական սփյուռքի առաջատար կազմակերպություններից մեկը և Արևմուտքում գործող ամենախոշոր իսլամական կազմակերպությունը։

Թուրքիայի ԱԳՆ-ի՝ «մենք դրան կպատասխանենք ամենահուժկու կերպով» ձևակերպմանը Ֆրանսիան խոստացել էր պատասխանել պատժամիջոցներով։ Բացի այս, այնուհետև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հնչեցրած սպառնալիքներին ի պատասխան Ֆրանսիայի արտաքին գործերի և Եվրոպայի գծով նախարար Ժան-Իվ լը Դրիանն էր արձագանքել նոյեմբերի 5-ին «Եվրոպա 1» ռադիակայանին տված հարցազրույցում՝ կրկին հիշեցնելով հնարավոր պատժամիջոցների մասին։ «Կան ճնշման միջոցներ, կա պատժամիջոցների հնարավոր օրակարգ»,- նշել էր ֆրանսիացի դիվանագետը։ Նրա խոսքերով՝ Էրդողանի «բռնության, նույնիսկ ատելության հայտարարությունները կրկին բարձրացնում են պատժամիջոցների հնարավորությունը»։

Ֆրանսիական «L'Obs» հանդեսի կայքում հրապարակված «Գորշ գայլերի լուծարումից հետո նոր լարվածություն Թուրքիայի և Ֆրանսիայի միջև» (Nouvelles tensions entre la Turquie et la France après la dissolution des Loups gris) հոդվածում նշվում է, որ «Գորշ գայլեր» խմբավորման լուծարումից հետո նոր լարվածություն է առաջացել Ֆրանսիայի և Թուրքիայի միջև։ Նկատի առնելով նոյեմբերի 4-ին Թուրքիայի ԱԳՆ հայատարարությունը հոդվածում նշվում է․ «Թուրքիան սպառնում է Ֆրանսիային «վճռականորեն պատասխանել» «Գորշ գայլեր» թուրքական ծայրահեղ ազգայնական խմբավորման կազմալուծմանը, որի անդամներից շատերը սատարում են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին»։

Հոդվածագիրը նշում է, որ Ֆրանսիայի հայ համայնքի դեմ ուղղված վերջին բռնություններից հետո՝ չորեքշաբթի, նոյեմբերի 4-ին, Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը հայտարարեց այս շարժման լուծարման մասին։

Անդրադարձ է կատարված նաև «Գորշ գայլեր»-ի ծագումնաբանությանը և գործունեության մի շրջանին․ «Ի սկզբանե «Գորշ գայլերը» մականունն էր, որը տրվել էր «Իդեալիստական տների»՝ ծայրահեղ ազգայնական շարժման անդամներին, որը 1960-ականներից զարգացավ ծայրահեղ աջ թուրքական «Ազգայնական շարժում» կուսակցության ուղեծրում»: Կապված լինելով «պանթյուրքիստական» գաղափարախոսությանը և կասկածվելով թուրքական մաֆիայի հետ կապեր ունենալու մեջ՝ նրանց մասին հատկապես խոսեցին 1970-80-ականներին՝ փողոցներում և համալսարանական ավաններում ձախական ակտիվիստների և փոքրամասնությունների դեմ բռնի գործողությունների ժամանակ, այդ թվում ՝ սպանություն:

Ֆրանսիական «Մարիան» շաբաթականը «Գորշ գայլերի լուծարում. Էրդողանը դա չի հավանի» (Dissolution des Loups Gris : Erdogan ne va pas aimer !, 04/11/2020) վերտառությամբ հոդվածում գրում է, որ «Գորշ գայլերի» լուծարելու որոշումը  ֆրանս-թուրքական լարվածության համածիրում հնչում է պատերազմ հայտարարելու պես Անկարայում:

««Ալլահ Աքբար, որտե՞ղ եք, հայե՛ր»։ Լիոնի արվարձանում գտնվող Վիենում (Իզեր), ինչպես նաև Դեսինում, պարետային ժամի ընթացքում, թուրքական համայնքի տասնյակ անդամներ վերջին օրերին արտահայտում էին իրենց ատելությունը հայերի հանդեպ՝ միաժամանակ վանկարկելով Էրդողանամետ կարգախոսներ։ Սոցիալական ցանցերում լայնորեն տարածվել են այն տեսանյութերը, որտեղ երիտասարդ տղամարդիկ կրում են թուրքական դրոշը և ծածանում են «Գորշ գայլերի» նշանը: Նրանց նշանաբանն ակնհայտ է. «Մեր ուղեցույցը Ղուրանն է, մեր նպատակը ՝ Թուրանն է», այսինքն՝ աշխարհի բոլոր թյուրքախոսների հավաքը»,- գրել է հոդվածի հեղինակ Ռումիանա Ուգարչինսկան:

Լրագրողը նաև հարց է բարձրացնում, թե քանիսն են այդ ծայրահեղական շարման անդամները և միևնույն ժամանակ պատասխանելով, ոչ վիճակագրություն հաստատելը դժվար է։ «Խեղդվելով թուրքական համայնքի 500,000 անդամների և ֆրանկո-թուրքերի զանգվածում, իրականում նրանց մեծ մասը ծնվել է ֆրանսիական հողի վրա:»

Այնուհետև անդրադառնում է խմբավորման նշանին, թե ինչպես են անդամները ցույց տալիս ձեռքով․ «Շատ հաճախ, մատները կիսով չափ ծալած՝ գայլի գլուխը ընդօրինակելով։ Նրանք հայտնվում են Անկարայի հետ կապված բազմաթիվ կազմակերպությունների կողմից կազմակերպված միջոցառումներին՝ «Մահմեդական եղբայրների» թուրքական ալտեգո Millî Görüş-ի  (Ազգային Տեսլական) («Մուսուլման եղբայրների» ալտեր-էգոն) հովանու ներքո կամ COJEP-ի ՝ Ֆրանսիայում CCIF-ին մոտ գտնվող Էրդողանի ԱԶ կուսակցության եվրոպական էմանացիան:

Հոդվածագիրն խոսքերով՝ «Գորշ գայլերի» նշանը մշակվել է իրենց «Բաշբուգ - Ֆյուրերի»՝ Ալփարսան Թուրքեշի կողմից, ով նախկինում համագործակցել էր ֆաշիստական Գերմանիայի գաղտնի ոստիկանության՝ Գեստապոյի հետ, մինչ 1969 թվականին հիմնադրեց իր սեփական կուսակցությունը՝ «Ազգայնական շարժում» կուսակցությունը:

Ուգարչինսկան գրում է, որ նրանց ներկայությունն անբողջ Ֆրանսիայում ապահովված է հիմնականում Լիոնում, Դիժոնում, Ստրասբուրգում և նույնիսկ Գրենոբլում, հանդես են գալիս Ֆրանսիայի թուրքերի ֆեդերացիայի դրոշի ներքո։ Ֆեդերացիայի անդամները նույնիսկ համագումարներ և բանավեճեր են կազմակերպում, հաճախ DITIB- ի՝ (Կրոնական հարցերով թուրք-իսլամական միություն) Թուրքիայի կրոնական հարցերով գրասենյակի արտասահմանյան ներկայացուցչության աջակցությամբ, որը 150 իմամ է տրամադրում Ֆրանսիայում գտնվող թուրքական համայնքի համար:

«Գորշ գայլերը» խմբավորումը համարվում է թուրքական «Ազգայնական շարժում» կուսակցության երիտասարդական կազմակերպությունը, որը նաև կրում է «Իդեալիստներ» կամ «Իդելաիստական սրտեր» անվանումը։ ԱՇԿ-ի ներկայիս ղեկավարը Դեվլեթ Բահչելին է, որը Թուրքիայի ներկայիս իշխանությունների կոալիցիոն գործընկերն է, հայտնի է իր ծայրահեղական հայացքներով։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Դեսին համայնքում նաև «Գորշ գայլեր» խմբավորումը պղծել էր Հայկական հիշողության կենտրոնը և ցեղասպանության հուշարձանը՝ դրանց վրա կատարելով «LOUP GRIS» (ԳՈՐՇ ԳԱՅԼ) և «RTE» (ՌԹԷ, Ռեջեփ Թայիփ Էրդողան) գրառումները։