Ի՞նչ հարաբերություններ են եկեղեցու և պետության միջև, որոնք քննարկման կարիք ունեն

Ի՞նչ հարաբերություններ են եկեղեցու և պետության միջև, որոնք քննարկման կարիք ունեն

Հունվարի 29-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում էր ստորագրել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ հարաբերություններին առնչվող հարցերով աշխատանքային խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին։ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանին հարցրինք, թե խումբը ի՞նչ նպատակներով է ստեցծվել։ Ի՞նչ հարաբերություններ են եկեղեցու և պետության միջև, որոնք քննարկման կարիք ունեն։

Կառավարությա՞ն, թե՞ եկեղեցու նախաձեռնությամբ է աշխատանքային խումբը ստեղծվելու։ Արդյոք նման խումբ ստեղծելու պատճառը ԿԳ նախարարի և հոգևորականի միջև տեղի ունեցած միջադեպը չէ՞։ Վահրամ քահանան խնդրեց իր ֆեյսբուքյան էջին հարցերը ուղարկել, որոնց նա կպատասխաներ կես ժամվա ընթացքում, սակայն մոտ 4 ժամ անց ուղարկեց մեկ այլ լրատվական կայքի հղում, որի հետ խոսել էր այդ ընթացքում՝ անտեսելով մեր հարցերը՝ և ասելով, որ նույն բանը 2 անգամ չի ցանկանում կրկնել, միայն կարող է ասել, որ Արայիկ Հարությունյանի և հոգևորականի միջև տեղի ունեցած դեպքի հետ կապ չունի։

Վահրամ քահանայի պատասխանները ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը, իսկ թե ի՞նչ կապ ունեն դրանք մեր տված հարցերի հետ, թող դատի ընթերցողը․ «Ողջունելի է ՀՀ իշխանությունների հանձնառությունը Ազգային Եկեղեցու առջև ծառացած հարցերին լուծումներ գտնելու հարցում հանուն մեր ազգային ու հոգևոր զարթոնքի։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով հունվարի 29-ին ստեղծված աշխատանքային խումբը ձևավորվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ՀՀ վարչապետի քննարկումների արդյունքում` փոխադարձ համաձայնությամբ։ Վստահ ենք, խմբի աշխատանքը, Աստծո կամոք, կնպաստի Եկեղեցի-պետություն հարաբերությունների առավել արդյունավետ ծառայեցմանը մեր հայրենիքի և աշխարհասփյուռ ժողովրդի շահերին»,- ասել է Վահրամ Քահանա Մելիքյանը։