«Հրապարակ». Սպառողից ավել գումար գանձելու խորամանկ միջոց 

«Հրապարակ». Սպառողից ավել գումար գանձելու խորամանկ միջոց 

Համատարած գնաճի ֆոնին հայաստանյան փոքր ու մեծ առեւտրի կենտրոնները հայ սպառողին խաբելու, նրա հաշվին հավելյալ եկամուտ ապահովելու խորամանկ միջոց են գտել։ Այս խանութները՝ սուպերմարկետներ, փոքր ու միջին մարկետներ, հագուստի խանութներ եւ այլն, ցուցափեղկին ցուցադրված ապրանքի վրա մի գին են դնում, իսկ երբ վերցնում մոտենում ես դրամարկղին՝ վճարելու, այլ՝ ավելի բարձր գին են ասում։ Եվ երբ հարցնում ես, թե ինչու եք այլ գին ասում, երբ ցուցափեղկին ավելի ցածր գին է նշված, իրենց միամիտի տեղ դրած՝ հայտարարում են, թե գինը փոխվել է, իրենք չեն հասցրել փոխել կամ չեն նկատել։ Սուպերմարկետներ էլ կան, որոնք ապրանքի վրա զեղչված գին են նշում՝ դրանով իրենց կողմը քաշելով հաճախորդին, մինչդեռ դրամարկղի մոտ հաճախորդը պարզում է, որ տվյալ ապրանքը բոլորովին էլ զեղչված չէ։

Օրենքով, սակայն, հաճախորդն իրավունք ունի վճարելու այն գինը, որը նշված է ցուցափեղկին կամ ապրանքի վրա։ Այսպիսի դեպքերի կարելի է հանդիպել մայրաքաղաքի գրեթե բոլոր սուպերմարկետներում, այդ թվում՝ «Երեւան սիթի», «Էվրիկա», ինչպես նաեւ փոքր ու մեծ տարատեսակ մարկետներում, հիմնականում՝ կենտրոնում գործող։ Նաեւ հագուստի խանութներն են այսպիսի խորամանկ քաղաքականություն վարում։ Բավական չէ արտարժույթի գինն իջնում է, իսկ ապրանքը, չգիտես ինչու՝ թանկանում, դեռ այս աննախադեպ գնաճի ֆոնին մի հատ էլ մեր տնտեսվարողներն են անբարեխիղճ մոտեցում դրսեւորում եւ լրացուցիչ բեռ ավելացնում սպառողի վրա։ Հիմնական հույսը դրել են այն բանի վրա, որ հաճախորդը մի քանի դրամի համար կռիվ չի անի դրամարկղի մոտ կամ չի հրաժարվի ապրանքից, ամոթից կվճարի ու դուրս կգա, դրա համար էլ իրենց թույլ են տալիս այսպիսի խորամանկությունների դիմել ու անպատիժ մնալ։

Մենք փորձեցինք հասկանալ, թե տեղյա՞կ է արդյոք այս խնդրից կամ նման երեւույթներից Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, եւ ի՞նչ քայլեր են ձեռնարկում՝ սպառողների շահերը ոտնահարող այս խորամանկությունների դեմն առնելու համար։ Չէ՞ որ այս կառույցը պետք է պայքարի անբարեխիղճ մրցակցության կամ սպառողի շահերը ոտնահարելու դեմ։ ՄՊՀ-ից ասացին, որ դրանք մասնավոր դեպքեր են, եթե տվյալ ընկերությունն ընդունում է, որ դեռ չի հասցրել ծրագրում փոփոխություն կատարել, ապա դա խնդիր չէ: «Եթե չեն ընդունում խախտումը, խնդրում ենք տվյալ մասնավոր դեպքով դիմել հանձնաժողով, մեր աշխատակիցները կայցելեն նշված տնտեսվարողին, եւ եթե նման խնդիր հայտնաբերվի, ապա վարույթ կհարուցվի, եւ պատասխանատվության միջոց կկիրառվի»,- ասացին հանձնաժողովից։

Թվում է, թե հանձնաժողովն ինքը պիտի նախաձեռներ այսօրինակ ուսումնասիրություններ եւ կանխարգելիչ քայլեր ձեռնարկեր, բայց այս ոլորտում էլ է անտերություն՝ պայքարը թողել են սպառողի վրա, որ քաղաքացին ինքը զանգահարի, կոնկրետ հասցեով բողոք ներկայացնի, եւ իրենք որոշեն՝ գնա՞լ, թե՞ չգնալ ահազանգի հետքերով։ Իսկ իրենք ինչով են զբաղված՝ հայտնի չէ։