«Հրապարակ». Իշխանության պատանդները

«Հրապարակ». Իշխանության պատանդները

2018-ի իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը քրեական հետապնդումներ սկսեց ընդդիմախոսների, նախկինների, այդ թվում հատկապես՝ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների նկատմամբ։ Այդ հետապնդումները գագաթնակետին հասան 2020-ի պատերազմից հետո եւ հատկապես 2021-ին, երբ պարզվեց, որ ՔՊ-ական իշխանությունը ՏԻՄ-երում չի կարողանում հաղթել։ Պատերազմից հետո շատ համայնքապետեր պահանջեցին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը եւ հայտնվեցին նրա սեւ ցուցակում։ 

Առաջին պլանում, իհարկե, Սյունիքի համայնքապետերն էին, որոնք Փաշինյանին դիմավորել էին սյունյաց ողջույններով։ Փաշինյանը ում կարողացավ, կալանավորեց, ում էլ չկարողացավ, սկսեց համայնքների խոշորացման նոր ծրագիր իրականացնել, որի իրական նպատակն ընդդիմադիր համայնքապետերից ազատվելն էր ու ՏԻՄ-երի ՔՊ-ացումը։ Անհավանական շինծու քրեական գործեր «կարվեցին» հարյուրավոր համայնքապետերի դեմ, որ նրանք չհամարձակվեն մասնակցել ՏԻՄ ընտրություններին, ոմանց անորոշ ժամանակով մեկուսացրին՝ կալանք տվեցին ընտրություններից առաջ, ոմանց՝ ընտրություններից հետո։ 

Ինչ-որ պահի Սյունիքի գրեթե բոլոր համայնքապետերը հայտնվեցին բանտում՝ Առուշ Առուշանյան, Մխիթար Զաքարյան, Մանվել Փարամազյան, Արթուր Սարգսյան։ Նրանցից մի քանիսը չմասնակցեցին ընտրություններին, իսկ Առուշանյանը բերդից հաղթեց ՔՊ-ին։ Ըստ չհերքված լուրերի, ավելի քան 300 համայնքապետի նկատմամբ կա հարուցված քրեական գործ։ Ընտրություններն անցել են, կարելի է ասել՝ վտանգն անցյալում է, սակայն որոշ համայնքապետեր շարունակում են մնալ կալանքի տակ՝ կարելի է կարծել, թե ծանր հանցագործություններ են արել։ Մինչդեռ մեղադրանքները ծիծաղելի են, եւ օրենսդրությունն էլ պահանջում է, որ նախնական կալանք կիրառվի միայն կոնկրետ դեպքերում, երբ վտանգ կա, որ մարդը կարող է նոր հանցագործություն կատարել կամ ազդել վկաների վրա: Իսկ համայնքապետերին առաջադրված մեղադրանքները կա՛մ արդեն կատարված, ավարտված են, դիցուք՝ ընտրական հանցագործություններ, կա՛մ տնտեսական մեղադրանքներ են, պաշտոնի չարաշահման հոդվածներով, որոնք հիմնականում անհիմն են, քաղաքական ենթատեքստ պարունակող։ Եվ իմաստը ընդամենը մարդուն պատանդի կարգավիճակում պահելն է ու ինչ-որ զիջումներ պարտադրելը։ Ասենք՝ 2021-ի դեկտեմբերից կալանքի տակ է Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանը, ում ղեկավարած դաշինքը դեկտեմբերի 4-ի ՏԻՄ ընտրություններում ամենաշատ ձայներն է հավաքել, եւ եթե Ասլանյանը չկալանավորվեր, ապա հիմա համայնքապետ ընտրված կլիներ։ Իշխանությունը կալանավորեց Ասլանյանին, որ ընտրությունը խոչընդոտի, անցած ամիս էլ 2 անգամ օրենքը փոխեց, որ համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակի քրեական անցյալով հայտնի Արկադի Փելեշյանին՝ Ակային։ Իսկ Ասլանյանի մեղքը, ըստ Քննչական կոմիտեի, Վանաձոր քաղաքի կոնկրետ հասցեների նպատակային նշանակությունը փոխելն է եղել՝ «բնակավայրերի նպատակային նշանակության հողերից դրանք դարձնելով էներգետիկայի, տրանսպորտի, կապի եւ կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության հողերի, իսկ գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման հողերից՝ կոմունալ ենթակառուցվածքների գործառնական նշանակության հողերի, որի լիազորությունը չի ունեցել. արդյունքում պետության եւ համայնքի իրավունքներին ու օրինական շահերին պատճառվել է անզգուշությամբ ծանր հետեւանքներ առաջացրած էական վնաս»:

Մամիկոն Ասլանյանին վերագրված արարքների մասին նրա փաստաբանները քանիցս խոսել են՝ անվանել անհիմն ու շինծու։ Խնդիրն այն է, որ եթե Ասլանյանին ազատ արձակեն, ապա դաշինքի եւ «Հայրենիք» կուսակցության ավագանիներն ունեն մեծամասնություն՝ կարող են նիստ հրավիրել ու Ասլանյանին ընտրել համայնքապետ։

Բերդի համայնքապետ Հարություն Մանուչարյանին ձերբակալեցին անցած տարվա նոյեմբերին։ Նա իշխանության կոկորդում հայտնվեց, քանի որ չէր համաձայնել գործարքի գնալ Փաշինյանի քավոր մարզպետ Ղալումյանի հետ՝ հրաժարական տալ, որպեսզի իր փոխարեն յուրային պաշտոնակատար նշանակեն ու զավթեն Բերդը նույնպես։ Մանուչարյանն անցած տարվա արտահերթ ընտրություններին սատարել էր ընդդիմությանը, ինչի արդյունքում նրան ձերբակալել էին եւ մինչ օրս պահում են կալանքի տակ։ Հարություն Մանուչարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) եւ 314-րդի 1-ին մասերի հատկանիշներով (պաշտոնեական կեղծիքը)։ Ըստ առաջադրված մեղադրանքի՝ Մանուչարյանի որդին՝ Անուշավան Մանուչարյանը, շինարարություն է իրականացրել, եւ սեփականության իրավունքով իրեն պատկանող 5500 մետր հողամասի հենապատ կառուցելու ընթացքում հենապատը մի քանի մետր համայնքային հողում է հայտնվել։

Հարություն Մանուչարյանն ի պաշտոնե այդ մասին տեղեկացել է 2020թ․ օգոստոսի 27-ին, երբ հողօգտագործման բաժնի պետը, նրա որդու դիմումի համաձայն, գնացել ու տեղում արձանագրել է դա։ Վարչական վարույթ են հարուցել, ու քանի որ պատերազմը սկսվել է սեպտեմբերի 27-ին, վարույթը կասեցվել է, իսկ այդ ընթացքում վարչական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցել է։ Չնայած ինքնակամ կառույցի մի մասն է համայնքային հողում եղել, սակայն ամբողջ կառույցը համայնքը դարձրել է իր սեփականությունը եւ վաճառել կառուցապատողին՝ Անուշավան Մանուչարյանին։ Բացի այն, որ համայնքի բյուջեն գումար է մուտքագրվել, այլեւ այդ հողամասը համայնքից դուրս, ճանապարհին գտնվող, քարքարոտ եւ որեւէ մեկին ոչ պիտանի տարածք է, բայց վարույթն իրականացնող մարմինը դիտարկել է, որ այդ արարքը Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի հատկանիշներ է պարունակում, բայց հանցակազմ գոյություն չունի։

Համայնքապետի պաշտպանը մի առիթով ասել է, որ նրան կալանավորել են այն հիմնավորմամբ, որ նա վարչական պատասխանատվության միջոց չի կիրառել։ «Քննիչն իր որոշման մեջ գրել է, որ Հարություն Մանուչարյանը 2018 թվականի հունվար ամսից իմացել է, որ իր որդին ապօրինի կառուցապատում է իրականացնում, բայց դրա վերաբերյալ դատարանին ոչ մի ապացույց չի տրամադրել»։ Այսպիսի զավեշտալի մեղադրանքով մարդուն մոտ մեկ տարի կալանավորված են պահում։

Անցած տարվա նոյեմբերից կալանավորված է նաեւ Քասախի համայնքապետ Արա Մկրտչյանը, որն ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի հայրն է, եւ հենց դստեր խիստ ընդդիմադիր գործունեությամբ են պայմանավորում հոր նկատմամբ նման վերաբերմունքը։ Ըստ իրավապահ կառույցների՝ 61-ամյա գյուղապետ Արա Մկրտչյանը նախապես պայմանավորվել է մի քաղաքացու հետ` Քասախում 9600 քմ մակերեսով հողատարածքի մեկ քառակուսի մետրը 15 դոլարով ձեռք բերելու վերաբերյալ: Մեկ այլ դրվագով՝ համայնքի ղեկավարը եւ նրա ստորադասներն այնպես են արել, որ աճուրդին մասնակցի իրենց հետ պայմանավորվածության եկած քաղաքացին, թղթերում մեկ քառակուսու արժեքը նշել են 2 հազար 900 դրամ։ Հողատարածքներն իրականում վաճառվել են 59 միլիոն դրամով, բայց փաստաթղթերում մոտ երկու անգամ պակաս գումար է նշվել՝ 28 միլիոն դրամ։ Այսինքն՝ գնորդը նրանց առձեռն վճարել է 59 միլիոն դրամ, որից 31 միլիոն դրամը բյուջե մուտքագրելու փոխարեն յուրացվել է։ Մյուս դրվագը հունիսի 20-ի ընտրություններին է առնչվում։ Քարոզարշավի ընթացքում համացանցում տարածվել էր Քասախում գտնվող Նեւրոզների կլինիկայի աշխատակիցների հետ գյուղապետի հանդիպման ձայնագրությունը, որտեղ լսվում է, թե ինչպես է Մկրտչյանը խնդրում քվե տալ իր դստերը. «Չեք ուզում, ինձ չեք սիրում, նեղացրել եմ ձեզ՝ ձայն մի տվեք ինձ, բայց պարտադրում եմ՝ էս իմքայլական զոմբիներին ձայն մի տվեք»:

Անցած դեկտեմբերից կալանքի տակ է նաեւ Վարդենիսի նախկին համայնքապետ, «Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինքի անդամ Արամ Հարությունյանը։ Իշխանությունները հույս ունեին, որ Հարությունյանին կալանավորելով՝ ավագանիում մեծամասնություն կստանան, սակայն այստեղ ներիշխանական «ռազբորկաների» արդյունքում համայնքի ղեկավարումն անցավ ընդդիմությանը, իսկ Հարությունյանը բանտից՝ մանդատից հրաժարվեց, որ իր մանդատն ուրիշին անցնի, եւ կարողանան համայնքապետ ընտրել։ Նրան, որպես պատիժ, շարունակում են ազատազրկված պահել։ Մեղադրում են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, փաստաթղթերի կեղծման, խարդախությունների գործով, որը վերաբերում է 2019-ին, սոցիալական աջակցության տարածքային գործակալությունում հայտնաբերված չարաշահումներին: Այս գործով կալանավորումը նախկինում մեկ անգամ մերժվել էր։