Գազի գինը ամենազգայուն հարցերից մեկն է․ Նիկոլ Փաշինյան

Գազի գինը ամենազգայուն հարցերից մեկն է․ Նիկոլ Փաշինյան

Ռուսական «ՌԲԿ»-ի հետ զրույցի ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաեւ Դավոսյան Համաշխարհային տնտեսական ֆորումին իր մասնակցությանը։ Փաշինյանը նկատել է, որ Հայաստանի ղեկավարի մասնակցությունը Դավոսյան ֆորումին աննախադեպ երեւույթ չէ, եւ ֆորումներին նախորդ տարիներին մասնակցել են ե՛ւ Ռոբերտ Քոչարյանը, ե՛ւ Սերժ Սարգսյանը, ե՛ւ Կարեն Կարապետյանը եւ իր մասնակցությունն առաջին անգամը չէր։

Անդրադառնալով գազի գնի հարցում ռուսական «Գազպրոմի» հետ պայմանավորվածության ձեռք բերման հարցին՝ Հայաստանի վարչապետը նկատել է, որ գազի գնի հարցն, առհասարակ, Եվրազեսի տարածքում ամենազգայուն հարցերից մեկն է եւ պայմանավորվածությունն առ այն, որ գոնե շարքային սպառողի համար Հայաստանի 2019-ին գազի գնի բարձրացում չի լինի, ձեռք բերվել է եւ այս տարվա ընթացքում բանակցություններն ու քննարկումները շարունակվելու են, որպեսզի գան ընդհանուր համաձայնության գազի գնի շուրջ։

Ճշտող հարցին, թե հնարավո՞ր է՝ 2020-ին գազը կթանկանա սպառողի համար, Նիկոլ Փաշինյանը հակադարձել է, որ ինքը հույս ունի, որ տեղի կունենա էժանացում։