Հրթիռները պատերազմում օգտագործվել են․ ԱԱԾ-ն հրաժարվել է զենքերը փորձաքննության ենթարկել

Հրթիռները պատերազմում օգտագործվել են․ ԱԱԾ-ն հրաժարվել է զենքերը փորձաքննության ենթարկել

Դավիթ Տոնոյանի վերաբերյալ քրեական գործով ԱԱԾ-ն ձերբակալել է նույն գործով մինչ այդ վկայի դատավարական կարգավիճակով հարցաքննված ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին եւ ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին:

Գործով անցնող գործարար Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավիթ) փաստաբան Արմեն Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Համբարյանի եւ Բաբայանի ցուցունքների բովանդակությանը տեղյակ չէ, սակայն մտավախություն ունի, որ նախաքննության մարմինը անցել է ցուցմունքներ կորզելուն․ «Խնդիրը ոչ թե այն է, թե իրենք ինչ-որ բան գրել են, թե չեն գրել, մենք մտավախության մասին ենք խոսում, որ նախաքննության մարմինն (ԱԱԾ-ն) անցել է վկաներին շինծու մեղադրանք ներկայացնելու,կալանավորելու, ձեբակալելու, եւ մտավախություն ունենք, որ դրա նպատակը ցուցմունքներ կորզելն է, դա կլինի Դավիթ Գալստյանի, Դավիթ Տոնոյանի թե կալանավորված որեւէ անձի դեմ, նշանակություն չունի, քանի որ մեղադրանքը բոլորին է առնչվում․ «Դավիթ Գալստյանն էլի մեղադրվում է անորակ, անպիտան զենք մատակարարելու մեջ եւ այս ամբողջ գործի հիմքում՝ մի կարեւոր հանգամանք կա՝ արդյոք այդ մատակարարված ապրանքն անորա՞կ է, թե պիտանի է, այս հարցի պատասխանը  օբյեկտիվ իրականությունում երկու տեղից կարող է ստացվել․ առաջինը պաշտպանության նախարարությունն է, որտեղ կան համապատասխան մասնագետներ, բայց նախաքննության մարմինը չի հավատում ՊՆ-ին, պաշտոնատար անձանց  է ձերբակալել, այսինքն՝ այնտեղի տեղեկություններն իր համար հավաստի չէ, երկրորդ աղբյուրն, որտեղից կարող են տեղեկություն ստանան, դա անկախ փորձագետն է։

Ի սկզբանե նախաքննության մարմինը նման որոշում կայացրել էր, նշանակել էր որակը ստուգելու համար համապատասխան փորձաքննություն, բայց մենք կարող ենք վստահորեն պնդել, որ փորձաքննությունը ցույց կտար այդ ապրանքների պիտանի լինելը, կհերքեր մեղադրանքը, նախաքննության մարմինը բացահայտ, առանց թաքցնելու, հրաժարվել է այդ փորձաքննությունից եւ անկատար է թողել որակի համապատասխան փորձաքննությունը։ Եթե նախաքննությունը մարմինն ուզում է օբյեկտիվ իրականությունը պարզել, ապա այդ փորձաքննությունը պետք է աներ եւ դա օրերի խնդիր է, օրերի հարց է»։

-Ձեզ պատճառաբանել են ինչո՞ւ փորձաքննություն չեն իրականացնում։

-Իհարկե, ոչ։ Մենք բողոքարկել ենք դատախազությանը նախաքննական մարմնի այս գործողությունները, վերջինս  սահմանված ժամկետներում որեւէ պատասխան չի տվել, ինչը եւս մեկ անգամ հաստատել է այն մտավախությունը, որ դատախազությունն էլ այս ամենում ներգրավված, դատախազության դերն ու լիազորությունը այս դեպքերի համար է, որ նախաքննության մարմինը քննության շահերից չբխող գործողություն է անում, դատախազությունը պետք է իր վերահսկողական գործողություններն իրականացնի։ Բայց մինչեւ օրս էլ դատախազությունից որեւէ արձագանք չունենք։ Այս ամեն ինչն է մեզ հիմք տալիս ենթադրել, որ մենք այստեղ միտում ենք տեսնում, չկա այստեղ օբյեկտիվություն, խնդիր է դրված, այդ խնդիրը կատարվում է։ Հետագայում դրանք դատարանում են քննության առարկա դառնալու։ Իմ կարծիքով՝ նախապատրաստվում են շուտով կալանքի երկարացման տանել։ Դատարանների հետ կապված խնդիր ունենք․ արդեն նոր դատավորներ կան նշանակված, իրենք պետք է այս գործերը քննեն, ինչքանո՞վ պատրաստ կլինեն այսպիսի ծանրության գործեր օբյեկտիվ քննել եւ այլն։

-Պարոն Հարությունյան, այս գործով հիմա քանի՞սը մեղադրյալի կարգավիճակ ունեն։

-Ունենք 4 մեղադրանք՝ Ավետիք Մուրադյանը, Ստեփան Գալստյանը, Դավիթ Գալստյանը եւ Դավիթ Տոնոյանը, նրանք կալանավորված են։ Եթե այս երկու հոգու կալանքն էլ հաստատվեց, ուրեմն կունենանք 6 կալանավորված անձ։ Համբարյանն եւ Բաբայանը գործով վկաներ են եղել, մեզ տրամադրած նյութերում ցուցմունք են տվել, իմ գնահատմամբ՝ բավականին օբյեկտիվ, ավելին՝ այդ ցուցմունքներով մեղադրանքի որեւէ դրվագ չի հիմնավորվել, եւ այս գործողությունների հերթականությունը մեզ հիմք է տալիս ենթադրելու, որ անցել են այսպիսի գործողությունների, որպեսզի այնպիսի ցուցմունքներ դասավորեն, որոնք կառնչվեն մեղադրանքին։ Սա իմ համոզմունքն է, հիմնված է նրա վրա, որ այսպիսի ապօրինի գործողություններ կա եւ որեւէ արձագանք չկա։ Այնպիսի տպավորություն է, որ ինչ ուզում են, անում են։ Հայտարարեցին ի լուր աշխարհի, որ անորակ զենք է եւ դրա համար պատերազմում չի կիրառվում, բայց հստակ նյութերով, գործում առկա տվյալներով, որոնք այս պահին չենք կարող հրապարակել, հերքվել է այդ տեղեկութունը, հրթիռները պատերազմում օգտագործվել են, դրա մասին կա հստակ տվյալներ, ավելին՝ որեւէ խնդիր չի եղել այդ ընթացքում։ Թե ինչ նպատակ ունի նման ապատեղեկատվություն տարածելը, դա նախաքննության մարմնի հարիր գործողություն չէ։

-Դավիթ Գալստյանը ցուցմունք տվե՞լ է, առերեսումներ եղե՞լ են։

-Պարոն Գալստյանը մինչեւ մեղադրանքը որպես վկա հարցաքննվել է, ցուցմունք է տվել , բավականին մանրամասն նկարագրել է, թե ինչ է եղել, իսկ ապօրինի մեղադրանքից հետո էլի ցուցմունք տրվել է, բայց մենք արդեն ունենք այլ մարտավարություն։ Իսկ առերեսման վերաբերյալ՝ այս գործով որեւէ առերեսումներ չեն կատարվել։

Հիշեցնենք՝ ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը և զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավոն, ձերբակալվել են ԶՈւ կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում Պաշտպանության նախարարության և զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում: