«Պոնչը» գնաց, կեցցե «առնե՞տը»

«Պոնչը» գնաց, կեցցե «առնե՞տը»

Ընդդիմությունը որոշել է նախագահի թեկնածու չառաջադրել: Այս որոշումը պատճառաբանվում է, ես կասեի, բավականին էկզոտիկ տրամաբանությամբ՝ թե հակառակ պարագայում ընդդիմությանը կմեղադրեն իշխանությունների օրակարգը սպասարկելու մեջ: Այո, զարմանալի է, բայց հենց դա է պատճառը, որ խորհրդարանական ընդդիմությունը որոշել է ՀՀ նախագահի սեփական թեկնածուն չառաջադրել:

Բայց, եկեք սկսենք այնտեղից, որ ՀՀ նախագահի ընտրությունը ամենևին էլ իշխանությունների ու մանավանդ Նիկոլի օրակարգը չէ: Նիկոլը նախագահի հրաժարականի մասին՝ Արմեն Սարգսյանի «հրաժեշտի նամակի» հրապարակումից ժամեր առաջ է իմացել: Հետևաբար, նախագահի ընտրությունն այդ ինչպե՞ս դարձավ իշխող քաղպրիմատների օրակարգը: Ես կասեի՝ սա հրաժարական տված Արմեն Սարգսյանի օրակարգն է: Էդ մարդը, ճարը կտրած, հրաժարական է տվել, որ Նիկոլի հեռանալն արագացնի, իսկ մենք ասում ենք՝ չէ, մենք թեկնածու չենք տա, թող Նիկոլը հերթական «տուզիկին» նշանակի բարձր ապաքաղաքական պաշտոնի:

Նիկոլը, այո, խելացի վարվեց՝ մերժելով քաղպրիմատների առաջադրած բոլոր թեկնածուներին, սկսած Արայիկ Հարությունյանից: Վահագն Խաչատուրյանը, որ գլխավորել էր ՀԱԿ-ում պատահած առնետավազքը (Տես՝ Լևոն Տեր-Պետրոսյան, Ընտիր երկեր, Երևան, 2018թ.), ՀԱԿ-ից դուրս գալու դիմում է գրել, իբր նոր է կուսակցաթափ լինում: Ստացվում է, որ ՀԱԿ-ը հարգել է ոչ այնքան իր վառ ներկայացուցիչներից մեկի՝ Վահագն Խաչատուրյանի, որքան «առնետի» դիմումը: Կարճ ասած՝ խաղարկվում է քաղպոռնոգրաֆիա՝ նախագահի աթոռի շուրջ, որի միջի տղեն «առնետն» է:

Հարց ընդդիմությանը՝ նախագահի պաշտոնի համար արժանավոր, չվարկաբեկված մարդ չկա՞ Հայաստանում: Եղբայր, մեր հարևան Շմավոնին առաջադրեիք… Մի քիչ քֆուրտվան է, բայց ոչինչ, նախագահը պետք է քֆուր տալ էլ իմանա: Եթե 2021թ. փետրվարի 25-ին՝ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի սահմռկեցուցիչ հայտարարության օրը, Արմեն Սարգսյանը մի հատ քֆուր տար Նիկոլին, Նիկոլը վաղուց սիկտիրը քաշած կլիներ: Բայց այսօր, երբ Նիկոլը նաև ընդդիմության պատճառով ուզուրպատոր-բռնապետիկ է դարձել, դուք, սիրելի ընդդիմադիրներ, ի՞նչ եք անում, նպաստում եք, որ նա նախագահի աթոռն է՞լ սեփականացնի ի դեմս ոմն «առնետի» կամ քաղպրիմատի:
Ես հասկանում եմ, որ խորհրդարանական ընդդիմության ձայները չեն բավարարի մեր հարևան Շմավոնին նախագահ դարձնելու համար, բայց կարելի է, չէ՞, գոնե կռվել իշխանության և նրա թեկնածուի դեմ: Դա էլ հո Հադրութ ու Շուշի տալ չէ՞, որ պատասխանատվություն չստանձնեք: Ի վերջո այդ կռիվը և կամ այդ կռվից խուսափելն է մնալու մարդկանց, այդ թվում՝ ընդդիմադիր ընտրազանգվածի հիշողության մեջ:

Ու նաև այսպիսի նկատառում. Եթե ԱԺ-ում ես, ՀՀ նախագահի ընտրությանը միջամտելն ու չմիջամտելը հավասարազոր կեցվածքներ են, որոնցով այս կամ այն կերպ նպաստում ես Իշխանության օրակարգի լեգիտիմացմանը: Ո՞ր կեցվածքն ենք ընտրում, եթե պարզ է, որ սա նույնիսկ իշխանության օրակարգը չէ: