Կառավարությունը հետքայլ է անում․ հարկային բեռի ավելացում չի՞ լինի

Կառավարությունը հետքայլ է անում․ հարկային բեռի ավելացում չի՞ լինի

Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագիծը դեռ չի եկել խորհրդարան։ Չի բացառվում, որ այն նորից փոփոխության ենթարկվի՝ ելնելով դրա շուրջ բարձրացած աղմուկից, տարբեր ոլորտի գործարարների իրականացրած բողոքի ակցիաներից, որոնք դժգոհում են հարկային բեռի անհամաչափ ավելացումից։ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվեցինք, թե այդ ակցիաներն ու դժգոհությունները փոփոխություն կմտցնե՞ն ՀՕ փոփոխությունների նախագծում։

«Փոփոխություններ մտցնում են ոչ թե ակցիաները, այլ քննարկումները, և ռացիոնալ որոշումներն անպայման իրենց ազդեցությունը կունենան»,- ասաց Ջանջուղազյանը։

- Հիմա քննարկումներ ունեցե՞լ եք այդ հարցով, ի՞նչ է լինելու թե՛ գրավատների պետտուրքի ավելացման ամսով, թե՛ գազավորված ըմպելիքների ակցիզային հարկի բարձրացման մասով։

- Իհարկե, ունեցել ենք քննարկումներ։ Հենց որ որոշում լինի, կիմանաք, ընթացքի մեջ է, դեռ վերջնական չի, բայց անպայման մենք որոշակիորեն արձագանքելու ենք։ Վարչապետն էլ ասաց, չէ՞, որ մենք ուշադրությամբ վերցրեցինք բոլոր քննադատությունները և քննարկեցինք ու որոշեցինք առնվազն էս փուլում դրան չանդրադառնալ, որովհետև ինքը շատ ավելի խորն է։

- Այդ չանդրադառնալն ի՞նչ է ենթադրում, որ այդ հարկային բեռի ավելացումը չի՞ լինի։

- Նախագիծը կգա, կտեսնեք, բայց՝ այո։

- Իսկ գրավատների մասո՞վ ինչ է սպասվում։

- Իսկ գրավատների մասով․․․ Դուք ընդհանրապես սկսեցիք նրանից, թե արդյոք էդ քննարկումներում հաշվի առնվո՞ւմ են էդ հնչած տեսակետները, կարծիքները, ասացի՝ այո։ Հիմա Դուք ուզում եք մանրամասները նախագծին վերաբերող, ասում եմ՝ դրանք շատ են, և կգա նախագիծն Ազգային ժողով, Դուք հնարավորություն կունենաք ծանոթանալու։