Դրանից ավելի վառ ապացույց չկա, որ հանուն այս հայրենիքի մենք ամեն ինչի պատրաստ ենք․ Հրանտ մարգարյան

Դրանից ավելի վառ ապացույց չկա, որ հանուն այս հայրենիքի մենք ամեն ինչի պատրաստ ենք․ Հրանտ մարգարյան

«Հրապարակի» զրուցակիցը ՀՅԴ անդամ Հրանտ Մարգարյանն է։ 

- Ի՞նչ է լինելու, երբ Փաշինյանը հրաժարական դա, այդ հարցը նաև «Իմ քայլը» խմբակցությունն էր բարձրացրել և առաջարկել ներկայացնել ճանապարհային քարտեզ։ ՀՅԴ-ն ունի՞ այդ հարցի պատասխանը։

- Այո, շատ լավ է լինելու, եթե Նիկոլը հրաժարական տա, որովհետև քանի դեռ հրաժարական չի տվել, մենք միայն ունենք ձախողություն, պարտություն, մենք ունենք արժանապատվության կորուստ, մենք ունենք դավաճան իշխանություն, մենք ամեն ինչ կորցրել ենք։ Ինքը պետք է հասկանա դա, ժողովրդի համար պետք է ստեղծի հնարավորություն՝ այդ ամբողջը վերականգնելու, ինքը քանի չի հրաժարավում, կրկնակի սխալ է անում, որովհետև այս վերջին շանսից էլ ուզում է զրկել այս ժողովրդին, որ իր բացթողումները, իր սխալները, իր դավաճանությունը մենք չկարողանանք սրբագրել։ Սա է, որ ինքը պետք է հասկանա և անի։ Մեր ժողովուրդը պետք է ունենա հնարավորություն՝ այս ամոթը իր ճակատից սրբելու։

- Հնարավորություն կա՞ ինչ-որ բան փոխելու, ստորագրված փաստաթուղթը չեղյալ համարելու։

- Ամեն ինչի հնարավորություն կա, քանի դեռ պայքար կա, ճիգ կա։ Վստահ եմ, որ հնարավարություն կա շատ բան սրբագրելու, թե՛ դիվանագիտական մակարդակում, թե՛ Ղարաբաղի ճակատում, ամենուր սրբագրելու հնարավորություն կա, ամեն մակարդակում դրա հնարավորությունը կա։

- Դաշնակցությունը պատրա՞ստ է ստանձնել երկրի իշխանությունը այս պայմաններում։

- Մենք ամեն ինչի պատրաստ ենք հանուն այս երկրի և այս ժողովրդի, մենք պատրաստ ենք եղել նույնիսկ այս իշխանության հետ համագործակցել ու կռվել, կռվել այս իշխանության ներքո, մենք դրան էլ ենք պատրաստ եղել, արել ենք, փաստն էլ ցույց ենք տվել, մենք ամեն ինչի պատրաստ ենք։ Մենք առաջիններից ենք եղել, որ ռազմաճակատ ենք մեկնել, մենք առաջիններից ենք եղել, որ դիրքեր ենք պահել ու պահել ենք մինչև վերջ, այսօր էլ պահում ենք, և, կարծում եմ, դրանից ավելի վառ ապացույց չկա, որ հանուն այս հայրենիքի մենք սատանայի հետ էլ պատրաստ ենք համագործակցել։ Նիկոլը սատանայից մի քիչ պակաս է․․․ կամ ավել է, չեմ իմանում։

-  Նիկոլ Փաշինյանն իր ուղիղ միացման ընթացքում դաշնակցության մի մասին դավաճան համարեց, մյուս մասին՝ ոչ, և վրեժի կոչ արեց․ ինչո՞վ է պայմանավորված այդ բաժանումը։

- Ինքը գլուխը քարն է տվել, որ ցանկացած հայի նկատմամբ ինքը վրեժի զգացում ունի, ինքը եթե տղամարդ է, վրեժի զգացում կունենա թուրքերի նկատմամբ, ոչ թե հայերի նկատմամաբ։

- Ինչո՞վ կավարտվի այս ամենը՝նկատի ունենալով, որ ընդդիմադիրներին ձերբակալում են, բերման են ենթարկում։

-  Այսօր մեր հասարակության մեջ մենք բոլորս քաղբանտարկյալ ենք, ուղղակի մի տարբերություն կա․ որոշները Կա Գէ Բէ-ի պադվալում են, որոշները փողոցում են, բայց բոլորս էլ քաղբանտարկյալ ենք։ Նույնիսկ նրանք, որ չեն գիտակցում, նրանք էլ են քաղբանտարկյալ, որովհետև այսօր իրենց երկրի մեջ ստեղծվել է դավաճանի բռնապետություն, սա բռնակալություն է, սա ամեն ինչի նման է, բացի նրանից, որ լինի պետություն։