Ինչու են ավտոներկրողները ոտքի կանգնել, ինչից են դժգոհ

 Ինչու են ավտոներկրողները ոտքի կանգնել, ինչից են դժգոհ

Կառավարության այսօրվա նիստին զուգահեռ ավտոներկրողները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության գլխավոր մասնաշենքի դիմաց: «Այստեղ հավաքված են գործարարներ, ովքեր զբաղվում են նաև ավտոմեքենաների ներկրմամբ, մասնավորապես ԱՄՆ-ից՝ աճուրդներից մեքենաներ գնելով ու ՀՀ տեղափոխելով: Հայտնի է, որ դրսից ներկրված ավտոմեքենաների արժեքներն ավելի ձեռնտու են, քան էստեղի շուկայական գները։ Բազմաթիվ են մեր հայրենակիցները, ովքեր ցանկանում են 3 ամիս սպասել, բայց ունենալ ավել լավ ու էժան մեքենա։ Ի՞նչն է խնդիրը։ Մեր նման ընկերությունները նախնական պայմանագիր են կնքում հաճախորդներ հետ, փաստացի արձանագրվում է նաև վաճառքի գինը, ամեն բան արվում է սպիտակ դաշտում։ Ամեն մի մեքենայի մեջ ունենում ենք շատ փոքր եկամուտ»,- քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ավտոներկրմամբ զբաղվող Վարդան Օնանյանը։

«Նախորդ շաբաթ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց օրենք՝ «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», որով պարտադրվում է մեր նման ընկերություններին՝ ունենալ նվազագույնը 20 տոկոս եկամուտ, և բնականաբար, հարկերը տալ այդ 20 տոկոսից: Հավատացնում եմ՝ երբևէ չի եղել, որ տնտեսվարողը մեկ մեքենայի գործարքից ունենա 20 տոկոս եկամուտ»,- պնդեց քաղաքացին։