Ընդդիմությունը շտապում է, իսկ իշխանությունը՝ ուշանում

Ընդդիմությունը շտապում է, իսկ իշխանությունը՝ ուշանում

Զարմանալ կարելի է, թե ինչքան պետք է աշխարհից կտրված լինի այս ժողովուրդը, որ հիմա, երբ երկիրը կանգնած է լինել-չլինելու վտանգի առաջ, շարունակի չհասկանալ, որ «Խաղաղության խաչմերուկով» այս երկիրը չես փրկի, որ ոչ մի «հեղափոխություն կամ հեղափոխական» այս երկիրն այլ երկիր չի դարձնի: Այս երկիրն այլ երկիր դարձնելու, փրկելու համար այլ կարգի հասարակություն ու այլ տիպի պետություն պետք է դառնանք: Պետք է դառնանք հասարակություն, որտեղ ընդդիմությունը չի շտապում: Պետք է դառնանք պետություն, որտեղ իշխանությունը չի ուշանում: Իսկ մեզ մոտ ճիշտ հակառակն է: Մեզ մոտ, ինչպես միշտ, իշխանությունն ուշանում է, իսկ ընդդիմությունը` շտապում:

Մեզ մոտ ընդդիմությունը շտապում է, երբ համազգային միասնության համար պայքարելու փոխարեն Նիկոլի դեմ է կռվում, երբ ռազմարդյունաբերական նշանակության եւ այլ տիպի գործարաններ հիմնելու պահանջը թողած, Նիկոլին ուզում է «Նիկոլ, դավաճան» ասելով հեռացնել: Շտապում է, երբ սփյուռքում հայկական օրակարգերն սպասարկելու համար, սփյուռքի ներուժը համախմբելու փոխարեն, այդ ներուժի օգտագործումն իշխանափոխությամբ է պայմանավորում:

Այսօրվա հայաստանյան ընդդիմությունը շտապում է, երբ Հայաստանի փրկությունը ոչ թե համահայկական ներուժի, այլ Ռուսաստանին ամեն կերպ չնեղացնելու մեջ է փնտրում: Շտապում է նաեւ, երբ փորձում է Հայաստանին ներքաշել Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու գործընթացի մեջ: Ընդդիմությունը շտապում է, երբ Հայաստանը փրկելու ուղիները միայն Արեւմուտքի գիրկն ընկնելու մեջ է տեսնում: Նա շտապում է նաեւ, երբ ուզում է, որ Հայաստանը «տարածաշրջան Արեւմուտքի մուտքը չուզողների» ձեռքին գործիք դարձնի:

Բայց միայն երկրի ընդդիմությունը չէ, որ չի անում այն, ինչը պետք է անի: Այս երկրի իշխանությունն էլ իր հերթին է անում այն, ինչը չպետք է անի: Իշխանությունը, որն այլեւս 2018 կամ 19 թվականների նորաթուխ իշխանությունը չէ, այդպես էլ չի հասկանում, որ ազգերի պատմության շրջագծում լինում են ժամանակներ, երբ ոչ թե չանելը, այլ անգամ ուշ անելն է դավաճանություն: Իսկ ինքն այսօր ուշանալու ճանապարհով է գնում:

Նա՝ այս երկրի իշխանությունը, ուշանում է, երբ երկրում առկա գործարանները վերագործարկելու, երկիրն արդյունաբերականացնելու, երկրի ընդերքում եղած հանքահումքային ողջ ռեսուրսը երկրի պաշտպանունակության մեծացման գործին ծառայեցնելու փոխարեն ընդդիմությանն է պատերազմ հայտարարում: Նա ուշանում է, երբ սփյուռքը Հայաստանի շուրջ համախմբելու փոխարեն սփյուռքի դեմ է կռվում, երբ Հայաստանի ռազմարդյունաբերությունը չի պետականացնում, ռազմարդյունաբերական ձեռնարկությունները պետական պատվերներով չի ծանրաբեռնում: Նա ուշանում է, երբ Հայաստանի ինքնիշխանության սահմանները «Ռուսաստան, թե Արեւմուտք» ընտրություն կատարելով է սահմանափակում:

Այս երկրի իշխանությունն ուշանում է նաեւ, երբ Ռուսաստանին չի ասում, որ Հայաստանին այսօր ոչ թե բարեկամության խոստումներ, այլ զենք եւ ներդրումներ են պետք: Որ այս վիճակում հայտնված Հայաստանի բարեկամը նա է, ով Հայաստանի համար կանի ավելին, եւ այս առումով Հայաստանի ընտրությունն այսօր ոչ թե դարավոր բարեկամության, այլ ներդրումների մեծությամբ ու զինամթերքի մատակարարման չափերով է չափվելու:
Այս երկրի իշխանությունն ուշանում է նաեւ, երբ Արեւմուտքին չի բացատրում, որ գոյութենական մարտահրավերներ ունեցող Հայաստանի համար բարեկամության սահմաները ոչ թե դեմոկրատական սկզբունքներով, այլ նրա առջեւ ծառացած գոյութենական մարտահրավերներով են սահմանվում: Չի բացատրում, որ Հայաստանի բարեկամությունն ու գործողությունների ազատությունը գին ունեն, ու այդ գինը հավասար է ռուսական տնտեսությունից նրա տնտեսության ունեցած կախվածությանը:

Իհարկե, վերը նշված խնդիրները դժվար խնդիրներ են: Դժվար են, որովհետեւ սովորական չեն: Իսկ սովորական չեն, քանի որ դրանք մեր թույլ վիճակից եկող ու աշխարհի այսօրվա խառը վիճակից բխող խնդիրներ են: Իսկ այսպիսի խառը աշխարհում, իհարկե, ցանկացած ոչ սովորական խնդիր մեզ նման թույլ երկրների համար կարող է չլուծվող խնդիրների վերածվել: Բայց դա միայն այն դեպքում, երբ լուծողն ինքը միավորվելու կարողության եւ ինքնուրույն ու ազնիվ գործելու կամքի պակաս ունի:

 Գալուստ ՍԱՐԳՍՅԱՆ