Կարեն Անդրեասյանն իրականության կեսը թաքցնում է

Կարեն Անդրեասյանն իրականության կեսը թաքցնում է

«Կոշ» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկների գործունեությունը կդադարեցվի: Ըստ Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի՝ հիմնարկների փակման արդյունքում 2022-ին կխնայեն 1 մլրդ 200 մլն դրամ․ «Սա միայն գումարի խնայման մասին նախագիծ չէ, այլ կարևոր սկիզբ է ՔԿՀ ոլորտի բարեփոխման համար։ Այս երկու հիմնարկները փակվելուց հետո կունենանք 10 ՔԿՀ–ներ, որոնց պայմանները լավացնելով, կկարողանանք լուծել մարդու իրավունքների խնդիրները։ Մենք ունենք 5346 տեղ, որտեղ կարող են պահվել ազատազրկվածները և դրանցից զբաղված են միայն 2113-ը»։

Երկու ՔԿՀ-ների փակման արդյունքում 280 հաստիք կկրճատվի։ Ըստ պաշտոնական տեղեկության՝ կրճատման տակ հայտնված աշխատակիցներից 70-ը կտեղափոխվեն այլ հիմնարկներ աշխատանքի, 50-ը պրոբացիայի ծառայություն, իսկ մնացածը կմնան կադրերի ռեզերվում։

Մինչ Կարեն Անդրեսյանը հպարտորեն հայտարարում է կրճատման տակ ընկած աշխատակիցներին այս կամ այն ՔԿՀ տեղափոխելու, մնացածին էլ կադրային ռեզերվում թողնելու մասին, որտեղ եղած ժամանակ եւս գումար են ստանում, մեզ ահազանգում են, որ նախարարը էկրաններից այս կողմ այլափոխում է իրականությունը։ Նա չի բարձրաձայնում Քրեակատարողական ծառայության մասին օրենքի 43-րդ հոդվածը, որտեղ ասվում է, որ կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողները կադրերի ռեզերվում չեն գրանցվում․ «Քրեակատարողական ծառայության կադրերի ռեզերվում գրանցվում են սույն օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 3-5-րդ կետերով նախատեսված հիմքերով զբաղեցրած պաշտոնից ազատված ծառայողները: Քրեակատարողական ծառայության կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողները կադրերի ռեզերվում չեն գրանցվում»։

Ստացվում է, որ արդարադատության նախախարը տեղեկությունը լիարժեք չի փոխանցում՝ այդպիսով լուսանցքում թողնելով մի խմբի աշխատանքի հարցը։

Թե քանի՞ կրտսեր խմբի աշխատողներ կան, նրանցից քանի՞սն էն տեղավորվելու աշխատանքի, քանի՞սն են մնալու անաշխատանք. այս հարցերի վերաբերյալ արդադարադատության նախարարությունից գրավոր հարցում պահանջեցինք, այսօր էլ փոխանցեցին, որ, հավանաբար, վաղը կլինի հարցման պատասխանը։

Քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում անդրադառնալով այդ աշխատակիցների հարցին՝ ասաց․ «Այս պահին չեմ կարող ասել, բայց հնարավորինս փորձելու ենք տեղավորել, ինչքան որ հնարավոր է, թե՛ հենց իրենց հաստիքները տեղափոխելով այլ տեղ, թե՛ թափուր տեղերը համալրելով»։

Նա նշեց, որ չի հիշում, թե քանի հոգի ունեն կրտսեր խմբի աշխատակից։

Հարցին՝ հնարավո՞ր է ի վերջո լինեն այդ խմբի աշխատակիցներ, որոնք գործազուրկ կդառնան, նշեց․ «Հնարավոր է այդպես էլ լինի, այս պահին  չեմ կարող հստակ բան ասել։ Աշխատում ենք, որ հնարավորինս մարդկանց տեղավորենք աշխատանքի»։

Ատոմյանը նաեւ նշեց, որ այս պահին հանձնաժողով է ձեւավորվում, որը զբաղվելու է այդ հարցերով։