Փաշինյանը` երկու տիրոջ ծառա․ Վիտալի Արիկով

Փաշինյանը` երկու տիրոջ ծառա․ Վիտալի Արիկով

«Ցանկանում եմ հուսալ, որ Հայաստանի նոր իշխանությունները գիտակցել են իրենց իրական առաքելությունը, տեսել են իրենք իրենց՝ անդրօվկիանոսյան բարեկամների աչքերով, եւ փորձում են հետքայլ անել այն ամենից, ինչ տեղի է ունեցել վերջին ամիսների ընթացքում նրանց եւ Ռուսաստանի միջեւ։ Սակայն ամեն պարագայում, մի քիչ անհավատալի է»,- հայտարարել է Polit RUS ցանցի հիմնադիր Վիտալի Արիկովը։

Փորձագետի կարծիքով` ամենայն հավանականությամբ Երեւանի եւ Մոսկվայի երկխոսությունը սկսել է իրականացվել շանտաժի միջոցով։ «Ակնհայտ է, որ պարոն Փաշինյանի համար կարեւոր է պահպանել Հայաստանի համար ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի պաշտոնը մինչեւ Հայաստանի մանդատի ժամկետի լրանալը։ Դա կարեւոր է ոչ այնքան նրա համար, որ սպասվող արտահերթ պառլամենտական ընտրություններում հաղթի, որքան նրա համար, որ իրավականորեն թույլ չտա, որպեսզի Ադրբեջանը սերտացնի հարաբերությունները ՀԱՊԿ հետ, որին Երեւանում կարծես թե որպես սեփական երեխան են սկսել վերաբերվել»,- ասել է Արիկովը։

Նա ընդգծել է, որ ՀԱՊԿ ղեկավարության փոխանցումը Մինսկին եւ այդ բլոկի ղեկավարի պաշտոնում Ադրբեջանին մոտ կանգնած մարդու նշանակումը պատահականություն չեն եւ այդ կերպ Մոսկվան պատժում է Երեւանին՝ գործած բազմաթիվ մեղքերի համար, ինչպես օրինակ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մոսկովյան պլանի սաբոտաժի ենթարկման, որը նշանակում էր, որ այսպես կոչված «գրավյալ տարածքները» պետք է վերադարձվեին, կամ էլ հենց ՀԱՊԿ-ի հանդեպ վերաբերմունքի համար, որն արտահայտվեց Խաչատուրովի դեմ գործ հարուցելով։

«Այլ կերպ, քան Ռուսաստանին եւ ՀԱՊԿ-ին վարկաբեկել հանուն ԱՄՆ եւ ՆԱՏՕ-ի շահերի սպասարկման, այդ քայլը անվանել չի կարելի։ Իհարկե դա կարելի է համարել Փաշինյանի եւ նրա թիմակիցների ավելորդ ինքնավստահության եւ հիմարության արդյունք, սակայն այդպես ամբողջը ասված չէր լինի, թեեւ նման տարրեր հիմա Երեւանի քաղաքականության մեջ նկատվում է»։ Ռուսաստանցի քաղաքագետը նկատում է, որ մոսկվայում հիմա հետեւում են, թե ինչպես է Փաշինյանը փորձում լինել երկու տիրոջ ծառա։ «Այլ իրավիճակում դա կարելի էր նույնիսկ մարսել։ Ի վերջո Սերժ Սարգսյանին հաջողվում էր չէ բալանսավորել հարաբերությունները Մոսկվայի եւ Բրյուսելի միջեւ։ Սակայն հիմա ամեն բան այլ է»,- ամփոփել է Արիկովը։