Ոչ թե գաղափարն է գնում դեպի ներդրումներ, այլ ներդրումներն են գնում դեպի գաղափարներ

Ոչ թե գաղափարն է գնում դեպի ներդրումներ, այլ ներդրումներն են գնում դեպի գաղափարներ

Աշոտ Սաղյանը բարձրակարգ քիմիկոս է, բայց տնտեսագիտությունից լուսնային հեռավորության վրա է գտնվում: Եթե ես փորձեմ քիմիայի մասին խոսել, չեմ նեղանա, որ իմ հասցեին նման արտահայտություն անեն, թեպետ քիմիական պրոցեսների 6-րդ կարգի ապարատավարի որակավորում ունեմ և այնքան գիտելիք քիմիական արտադրության վերաբերյալ, որ ժամանակին անզգուշությամբ չեմ պայթեցրել Կիրովի անվան քիմիական կոմբիանտը (Նաիրիտ): 

ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանի՝  Գիտությունների ազգային ակադեմիա այցից հետո ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանն ասել է. «Գլխավոր խնդիրը գիտության ապրանքայնացման փուլն է, այսինքն՝ աստիճանաբար բարձր տեխնոլոգիաների ոլորտում գիտական մշակումների իրականացումը եւ դրանք դեպի ներդրումային դաշտ տանելը։ Սա ընդհանուր այն գաղափարն է, որի շուրջ մենք էլի պետք է հանդիպենք»։

Նախ, ի՞նչ է նշանակում մշակումը նեդրումային դաշտ տանել: Նույն բանն է, եթե ինչ-որ մեկն ասի, թե իր սիրելլին՝ մարտի 8-ի կապակցությամբ ռաշիգի օղեր է նվիրելու:

Այնուհետև. «Ոչ թե շահույթ ապահովել, այլ գիտական արդյունքները տանել դեպի ներդրում, այսինքն՝ աշխատենք մեր տնտեսության համար, շահույթ ստանալն այնքան էլ առաջնահերթ խնդիր չէ, քանի որ մենք շահույթ հետապնդող կազմակերպություն չենք, մեր գլխավոր խնդիրն այն է, որ արդյունավետ ու նպատակային աշխատենք՝ մեր երկրին օգուտ տալու համար»:

Իսկ մինչ օրս ԳԱԱ-ն այլ բաներո՞վ է զբաղված եղել: Թվում է, թե ԳԱԱ նոր նախագահը դժվար է պատկերացնում, թե գիտելիքն ինչպես է փող դառնում: Դա նորմալ է: Լավ կլինի, որ իր ղեկավարած քիմիայի դպրոցի մի տեխնոլոգիական ճեղքում անելով զբաղվի, իսկ մնացածն ինքնիրեն կստացվի: Բայց հարկ է նկատի ունենալ, որ 2020թ.-ի հայտնի իրադարձություններից հետո որոշ ուժեր կհետևեն, որպեսզի ՀՀ-ում թողարկվի երկու տեսակի բարձր տեխնոլոգիական արտադրանք. Արամուսի գազար և նազրվանի խիյար (վարունգը տգեղ է հնչում):

Ցավալիորեն, Ակադեմիան այդպես էլ չգտավ իր տեղը նոր տնտեսակարգում, էլ չասենք՝ հասարակարգում՝ որպես հասարակության համար, արժեհամակարգի առումով, ընդօրինակման, հեղինակության էտալոնի օրինակ:

Գագիկ Վարդանյան
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր