Հայ մարզիկների գրանցած ռեկորդներ, որոնք ցնցել են աշխարհը

Հայ մարզիկների գրանցած ռեկորդներ, որոնք ցնցել են աշխարհը

Մարզասերների համար միշտ էլ առանձին հետաքրքրություն են ներկայացնում Եվրոպայի, աշխարհի ամենամյա առաջնությունները եւ, իհարկե, չորս տարին մեկ անցկացվող օլիմպիական խաղերը, որոնք ուղեկցվում են դափնեպսակների ու մեդալների պարգեւատրումներով, պատվանդանին բարձրացող չեմպիոնների պատվին հնչող օրհներգերով։ Նման արտասովոր միջոցառումների վկա եղա 1980 թվականին Մոսկվայում կայացած 22-րդ օլիմպիադայի ժամանակ, երբ իր հաղթարշավը հրաշալի ավարտած մեր հայրենակից, ծանրորդ Յուրի Վարդանյանին նվիրված հանդիսավոր արարողությունն էր ընթանում։

Հիրավի անսովոր տեսարան էր հատկապես մեզ` հայերիս համար։ Բոլորս մեծ հպարտությամբ էինք հետեւում այդ մեծարմանը։ Չէ՞ որ գյումրեցի դյուցազնը ոչ միայն բացահայտ առավելության էր հասել իր մրցակիցների նկատմամբ, այլեւ 82,5 կիլոգրամ քաշային կարգում դարձել էր առաջին ծանրորդը, ով երկամարտում սահմանել էր համաշխարհային հինգ ռեկորդ, իսկ հրում վարժությունում հասել էր աներեւակայելի` 222,5 կիլոգրամ ցուցանիշի՝ բարձրագույն ռեկորդային արդյունքների գումարը հասցնելով աներեւակայելի թվի՝ 43-ի։ Պատահական չէր, որ ծանրամարտի համաշխարհային ֆեդերացիայի նախագահ Շյոլդը, հիացած նման ցուցանիշներով, հայ մարզիկի ցուցադրած արդյունքները գնահատեց՝ ասելով. «Այն, ինչ տեղի ունեցավ, ամենաթանկագին ադամանդն է աշխարհի ռեկորդների մանյակների շարքում։ Նրա համար սահմաններ չկան։ Յուրին ֆանտաստիկա է»։ Արտասովոր էին նաեւ մրցումներից հետո կայացած ասուլիսի ժամանակ նրա պահվածքը, քաղաքականության հետ ոչ մի առնչություն չունեցող վստահ պատասխանները։ Ասացեք, խնդրեմ` մի՞թե սա անսահման գովքի արժանի հաջողություն չէր։

35 տարի առաջ էլ աչքի ընկավ մեկ այլ գյումրեցի` հեռացատկորդ Ռոբերտ Էմմիյանը։ Ծաղկաձորում կայացած համամիութենական մրցումների ժամանակ նա սահմանեց եվրոպական մակարդակի ռեկորդ, որը մինչ օրս պահպանվում է, ցատկելով 8 մետր 86 սանտիմետր։ Հե՞շտ է ասել` գրեթե 9 մետր։ Մի՞թե սա նույնպես ֆանտաստիկա չէ։

Բոլոր բացառիկ ցուցանիշները գալիս են հաստատելու նշանավոր Հորացիոսի իմաստուն արտահայտությունը` «Ուժն առանց գիտակցության խորտակվում է սեփական ծանրությունից»։ Այո, ֆիզիկական կարողությունները միայն խելամտության ու արտակարգ ձիրքի զուգակցությամբ են հանգեցնում բացառիկ մարզական ցուցանիշների։ Ճիշտ է, լինում են եւ այլ աներեւակայելի կարողությունների դրսեւորումներ, որոնք տեղ չեն գտնում ռեկորդների ցուցակում, թեեւ արժանանում են մարզասերների ոչ պակաս հիացմունքներին։

Այդ տեսակետից տիպիկ օրինակ է մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանը, որի 93-ամյակը նշվեց վերջերս։ Մասնակցելով երկու օլիմպիադաների (1956 եւ 1960 թթ.)՝ նա նվաճել է երեք ոսկե մրցանակ։ Սակայն դա էլ չդարձավ բարձրագույն նվաճումների սահմանագիծը։ 20 տարի անց կրտսեր Ազարյանը, շարունակելով անվանի հոր ավանդույթները, մոսկովյան օլիմպիադայում նվաճեց չեմպիոնի տիտղոսը։ Մեկ ընտանիք` չորս օլիմպիական ոսկեփայլ մեդալ․ սա բացառիկ ռեկորդային ցուցանիշ չէ՞։

Անսովոր են նաեւ հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանի արդյունքները։ Նա միակն է Հայաստանի մարզիկներից, ով մասնակցել է երեք օլիմպիական խաղերի (2012, 2016, 2020 թթ.) եւ երեք դեպքում էլ տեղ է գրավել պատվո պատվանդանին՝ շահելով բոլոր երեք ձուլվածքի մեդալներ։ Սա նույնպես բացառիկ մարզական նվաճում է։

Կա՞ մեկը, ում հայտնի չէ բռնցքամարտիկ Վլադիմիր Ենգիբարյանի անունը։ Հաստատ շատերն են հիշում նրա սխրանքները Մելբուրնի օլիմպիական ռինգում։ Սակայն, հավանաբար, քչերը գիտեն, որ նա նաեւ Եվրոպայի եռակի չեմպիոն էր եւ իր անցկացրած 86 մարտերից հաղթող է ճանաչվել 84-ում։ Եվս մի բացառիկ փաստ` ընդամենը մեկ անգամ է հայտնվել ռինգի հատակին, այն էլ ոչ այնքան մրցակից գերմանացի Գրեյներից ստացած հարվածից, որքան նրա հրելուց հետո։ Եվս մի փաստ. 1955 թ. Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում Ենգիբարյանը զիջել է լեհ Դրոգոշին, սակայն հաջորդ տարի, օլիմպիական խաղերում, հենց նրա նկատմամբ ռեանշի հասավ եւ շարունակեց իր հաղթարշավը։

Հիշենք եւ մեր գլխավոր հսկային` Սերգո Համբարձումյանին։ Երբ 1936 թվականին հերթական օլիմպիադան անցկացվեց նացիստական Գերմանիայում, ծանրամարտի ամենահեղինակավոր` բարձրքաշային կարգում հաղթեց տեղացի Յո. Մանգերը, ով եւ դարձավ Հիտլերի հպարտությունն ու կուռքը։ Հենց դա Ստալինին ստիպեց ձեռք առնել բոլոր միջոցները, եռամարտում գրանցված համաշխարհային ռեկորդը (428 կգ) տապալելու համար, եւ այդ առաջադրանքը վստահվեց հայ հրաշք դյուցազունին. Սերգոն պատվով կատարեց առաջադրանքը՝ 1939 թվականին 8 կգ-ով գերազանցելով գերմանացուն։ 

Եվս մեկ անգամ աչքի ընկավ համաշխարհային բազմակի ռեկորդակիր Սերգո Համբարձումյանը 1946 թվականին, երբ Մոսկվայում հանդիսավորությամբ նշվում էր ֆաշիզմի դեմ տարած պատմական հաղթանակը։ Այդ արարողությանը մասնակցած Հայաստանի պատվիրակության կազմում էր նաեւ Սերգոն, որը Կարմիր հրապարակում հայտնվեց անսովոր ծանրաձողով, որի ծայրերին ոչ թե երկաթե սկավառակներ էին ամրացված, այլ մեծածավալ փուչիկներ հիշեցնող սարքեր։ Մեր հսկան այդ ահռելի ծանրությունը վեր պահած՝ եկավ հասավ հրապարակ, ծանրաձողն իջեցրեց, եւ այդ պահին մի տեսակ պայթեցին փուչիկները, ու դրանցից դուրս նետվեցին ֆուտբոլիստների համազգեստով 10-12 տարեկան տղաներ։ Երկու թիմի բաժանվելով, նրանք կարճատեւ մրցում անցկացրին՝ Կարմիր հրապարակը վերածելով յուրատեսակ խաղահրապարակի։ Պատկերացնում եք, Սերգո Համբարձումյանն ինչպիսի ուժի տեր էր, որ երկու ֆուտբոլային թիմ վեր պահած՝ բերում էր իր ուսերին։

 Չգրանցված ռեկորդ սահմանեցին նաեւ 70-ական թվականների մեր սիրելի «Արարատ» թիմի ֆուտբոլիստները։ Ասելը հեշտ է, սակայն դժվար է երեւակայել, որ երեք մրցաշրջան անընդհատ (71, 72, 73) արարատցիներն իրենց գերազանցությունը ԽՍՀՄ առաջնությունում դրսեւորեցին մոսկովյան բոլոր մեծանուն մրցակից թիմերի նկատմամբ։ Նշենք հատկապես մրցաշրջան 71-ը, երբ մեր ֆուտբոլիստներն առանց պարտության անցկացրին Մոսկվայի բոլոր չորս անվանի թիմերի հետ հանդիպումները՝ «Դինամոյի» հետ խաղում գրանցվեցին 1:0, 2:0, «Սպարտակի» հետ` 0:0, 1:1, «Տորպեդոյի» հետ` 1:0, 1:1, ԲՄԿԱ-ի հետ` 1:0, 1:0 արդյունքները։ Հիշատակենք նաեւ ռեկորդին հավասար մեկ փաստ․ ԽՍՀՄ 1971-75 թվերի առաջնության ժամանակ Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ ունեցած 10 հանդիպումներն էլ ավարտվել են «Արարատի» հաղթանակներով։

Հասկանալի է, երբ կիլոգրամների, վայրկյանների, սանտիմետրերի հետ առնչվող մարզական բացառիկ ցուցանիշները պաշտոնապես գրանցվում են որպես ռեկորդներ, իսկ նուրբ վարպետության, հազվագյուտ ձիրքի շնորհիվ ձեռք բերված փառահեղ հաղթարշավները զմայլանքի են արժանանում։

Միսակ Նազարյան