Օգնեք երիտասարդ կնոջը

Օգնեք երիտասարդ կնոջը

Մեզ է դիմել Արմինե Արթունյանն` Արցախից: Նա ծնունդով Հադրութի Մեծ թաղերից է։ 2020-ի 44-օրյա պատերազմից հետո ապրել է Ստեփանակերտում, մինչև 2023-ի սեպտեմբերի 19-ը։ Ադրբեջանի կողմից Արցախի բռնի տեղահանումից հետո Արմինեն իր որդու հետ բնակություն է հաստատել ՀՀ Կոտայքի մարզի Պտղնի գյուղում՝ վարձակալած բնակարանում։ Նա իր և որդու ապրուստը հոգում է պետությունից տրամադրվող սոցիալական աջակցության գումարներով և իր աշխատանքով՝ խանութում գանձապահ է աշխատում։ Արմինեն 31 տարեկան է, երրորդ կարգի հաշմանդամ է, այրի` ամուսինը մահացել է Արցախում, առողջական խնդիրների պատճառով։

Արմինեն ունի սուր շնչառական խնդիրներ, և նրան անհրաժեշտ է անհապաղ վիրահատություն, որը նշանակվել է այս ամսվա 29-ին։ Բայց Արմինեն չգիտի` կարողանալո՞ւ է վիրահատվել այդ օրը, քանի որ վիրահատության համար անհրաժեշտ է 1 միլիոն 200 հազար դրամ, որն այս պահին չունի։ Տևական ժամանակ է, որ նա տառապում է այս հիվանդությամբ, որը օրվա տարբեր ժամերին առաջացնում է թթվածնային քաղց, գլխացավ, սրտի ծակոցներ։ Բժիշկների ցուցումով կինը պետք  շուտափույթ վիրահատվի, սակայն գումար չունենալու պատճառով վիրահատությունը հետաձգվել է: Արմինեն օգնության կարիք ունի: Եթե 1 միլիոն 200 հազար դրամը գտնվի, ապրիլի 29-ին նրան սպասում են հիվանդանոցում՝ վիրահատությունը նշանակված է։ 
Առողջ մայրիկը կկարողանա նաեւ հետագայում հոգ տանել իր և իր անչափահաս բալիկի համար։ Արմինեին օգնելու ցանկություն ունեցողները կարող են զանգահարել 097217710 հեռախոսահամարին։