Դիմեցի մարզպետարան, ինձ արգելափակեցին․ Զարինջա՝ մի ծերացող գյուղի պատմություն

Դիմեցի մարզպետարան, ինձ արգելափակեցին․ Զարինջա՝ մի ծերացող գյուղի պատմություն

Երբ գյուղ ես գնում, արդեն պատկերացնում ես, որ պարզություն, հանգստություն ու մաքուր օդ ես գտնելու, իսկ հաճախ ստանում ես ավելին: Սկսում ես բնության հետ ապրել, գյուղացու ռիթմով շարժվել ։

Թալին համայնքի փոքրիկ գյուղերից է Զարինջան, մարզկենտրոնից բավականաչափ  հեռու։ Շուրջ 450-500 բնակչություն ունեցող այս գյուղը յուրահատուկ ու կոլորիտային է։ 

Զարինջայում մարդիկ հյուրասեր են, գրկաբաց։ Զարինջեցիների նախնիներն Արևմտյան Հայաստանից ներգաղթածներն են։ Գյուղի տարեցները պատմում են, թե թուրքական ջարդերից մազապուրծ եղած իրենց պապերը նախընտրել են հաստատվել այստեղ, քանի որ պատմական հայրենիքին մոտ է, ու կրկին այնտեղ վերադառնալու ծածուկ  հույսեր են փայփայել։Եվ իսկապես, թեև գյուղը սահմանամերձ չէ, բայց պարզկա գիշերներին հեռավոր Անատոլիայի լույսերը հեռվից չարախնդալով կայծկլտում են։

Գյուղն, հավանաբար, հիմնադրվել է 7-րդ դարից առաջ, քանի որ 7-րդ դարում գյուղում կառուցվել է Սուրբ Խաչ եկեղեցին, որը մինչ օրս կանգուն է եւ տեղացիներն այն Կարմիր վանք են կոչում: Կարմիր վանքը որքան ազդեցիկ է,  այնքան էլ հետաքրքիր պատմություն ունի։Գյուղացիները լեգենդի պես են պատմում, թե եկեղեցին ժամանակին ստորգետնյա ճանապարհ է ունեցել, որով առևտրականները կարողացել են Թուրքիա հասնել, մետաքսի ճանապարհին խաչվող արահետ է եղել ։Հիմա այդ ճանապարհն անհայտ է, չբացահայտված։

«Զատիկն իր գերդաստանի հետ 1860-ականներին գալիս է Արևմտյան Հայաստանից, բնակության համար տեղ են փնտրում: Հասնելով Զարինջա՝ տեսնելով Կարմիր Վանքը, գյուղի դիրքը, հոսող ջրի առվակները, պայմանները, որոշում են այստեղ հիմնավորվել: Տեղում ապրող թուրքերին ու քրդերին ծեծելով վռնդում են ու իրենք են հիմնավորվում, քանի որ  ըստ պատմական ակնարկների՝ գյուղի եկեղեցին մենաստան է ծառայել հոգևորականների համար  : Հետագայում Արևմտյան Հայաաստանից ու հարակից գյուղերից էլի տոհմեր գալիս են, հիմնվում այստեղ,  ու արդեն 1900-ականների սկզբներին որպես գյուղ իր տեղն ու դիրքը ուներ Զարինջան»,-գյուղի հիմնադրման պատմությունն են անում առավել բանիմացները: Միայն թե անվան շուրջ դեռ վիճում են․ ովքեր   կամ ինչու կանչեցին Զարինջա: Պնդում են, թե  գյուղի անունը գալիս է դեռևս 7-րդ դարից, որը կոչվել է Զառինճ, այնուհետև դարերի ընթացքում ձևափոխվել է և դարձել Զարինջա: Զառինճը պարսկերեն բառ է, որը նշանակում զառ-ոսկի և ինճ-մաքուր:

Ինչպես նախկինում, այսօր էլ զարինջեցիների հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու  գյուղատնտեսությունն է։Գյուղում ապրուստը հիմնված է դաշտերի մշակության վրա , եթե տարին բարենպաստ եղավ ՝ անձրևային, գյուղացին շահում է, հակառակ դեպքում՝ տուժում։ Հիմնական բերքը հացահատիկն է:

Ամենամեծ խնդիրը  ներքին միգրացիան է, երիտասարդներն աշխատանք գտնելու նպատակով մեկնում են քաղաք, այնտեղ հաստատվում՝ գյուղը թողնելով ծերերին:  Շատերն էլ հողից կտրվել , խոպաններում են գործ փնտրում։Ու ցավով պիտի արձանգրենք, որ հայաստանյան շատ գյուղերի նման այս գյուղն էլ օր-օրի դատարկվում է, ծերանում ․․․․
Զարինջայի  ճակատագրով մտահոգ  երիտասարդներից մեկն է Հայկ Ավոյանը, որը փորձում է մեզ ներկայացնել  գյուղի ներկայիս վիճակը՝ ափսոսանքով ու տխրությամբ նշելով , որ մատաղ սերունդը մեծանում է տոտալ դատարկության մեջ:


«Գյուղում  մեծ ակումբի շենք կա, բայց այս պահին որևէ խմբակ չի գործում, տարիներ առաջ եղել են պարի, կարատեյի խմբակներ: Երեխաների, երիտասարդների համար որևէ զբաղմունք չկա: Ոչ-ոքի համար գաղտնիք չէ, որ Երևանից որոշակի հեռավորոության վրա գտնվող գյուղերում մշակութային կյանք ասվածը առհասարակ գոյություն չունի:
Մշակութային միջոցառումները անցկացվում են հիմնականում մեծ քաղաքներում, ինչպես օրինակ մեր` Արագածոտնի մարզում է,  եւ ամբողջը կենտրոնացված է հիմնականում Աշտարակ և Ապարան քաղաքներում: Օրինակ՝ այս կիրակի Ծաղկազարդն է՝ Քրիստոնեական, շատ գեղեցիկ տոնակատարություն է,  որպես Զարինջա գյուղի 31 տարվա բնակիչ առաջարկում եմ Ծաղկազարդի համապետական տոնակատարություն կազմակերպել և անցկացնել մեր գյուղում:

Քչերը գիտեն, որ Զարինջայում մինչ օրս պահպանվում է 7-րդ դարից մեզ հասած Կարմիր Վանք եկեղեցին, որի բակում ես շատ հազվադեպ եմ ուրախ միջոցառումներ տեսել: ՈՒ ընդհանրապես, գյուղում մեծ մասշտաբի ուրախ միջոցառումներ հազվադեպ են լինում, տարվա մեջ մի անգամ «վերջին զանգ» և «ջրօրհնեք» : Սա շատ լավ առիթ է, հեռավոր գյուղերում մշակութային կյանքն ակտիվացնելու, հաղորդակից դարձնելու՝ Զարինջայի եկեղեցու բակում ամենամյա տոնակատարություն կազմակերպելով»,-ասում է Հայկը՝ միաժամանակ պատմելով, որ նման առաջարկով  սոցիալական հարթակով դիմել է Արագածոտնի  մարզպետարան․ « Որպես պատասխան՝  ամենակոպիտ ձևով արհամարհվեցի, դիմումներս ջնջեցին ու ինձ արգելափակեցին մարզպետարանի պաշտոնական ֆեյսբուքյան էջով»:

Մասնագիտությամբ կինոօպերատոր է Հայկը, վերջերս էլ սեփական նախաձեռնությամբ գյուղի մասին փաստավավերագրական ֆիլմ է պատրաստել:

Հարցին, թե ինչու գյուղի երիտասարդներից շատերի նման  ինքն էլ չի մեկնում քաղաք․«Ես մեկ անգամ երկրից եմ հեռացել ու հազիվ 11 ամիս կարողացա մնալ: Շատ կապված եմ գյուղի հետ ու դրսում  ոչ մի հետաքրքրություն չեմ կարողանում գտնել, չի ձգում, հիմա երկրի վիճակն էլ հաշվի առնելով՝ դրսում ընդհանրապես  հանգիստ ապրել չեմ կարող»․- ի պարասխան ասաց Հայկը՝ պատմելով նաև  44-օրյա պատերազմում գյուղի կամավորների եւ իր մասնակցության  մասին՝ հատուկ ընդգծելով, որ գյուղը  հերոս ունի՝ իրենց  Դավիթն է՝ հորեղբոր որդին, որի շիրմաքարն ասես սրբատեղի լինի գյուղացիների համար : Դավիթը Հադրութում էր ծառայում, հետախույզ էր, ավաղ, 44-օրյան  նրան էլ խլեց :


«Մեր գյուղի երիտասարդները հայրենասեր են, պայքարող, մենակ թե թիկունքներին կանգնող լինի․գյուղն ափսոս է, դատարկվում է․․․․»,- խորը ցավով նշում է Հայկը: