Արսեն Թորոսյանը կոռուպցիոն ռիսկեր է ավելացնում դեղերի շուկայում

Արսեն Թորոսյանը կոռուպցիոն ռիսկեր է ավելացնում դեղերի շուկայում

2018 թվականի դեկտեմբերին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով ձեւավորվել է Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրենների խորհուրդ։

Դրա կազմում են դեղերի շուկայի խոշոր մասնակիցներ․ մեկ դեղ արտադրող՝ «Լիկվոր» ՓԲԸ տնօրեն Սերգեյ Մաթեւոսյանը, մեկ դեղ ներմուծող՝ «Ռիխտեր-Լամբրոն» ՍՊԸ ներկայացուցիչ Ռուբեն Աստվածատրյանը, մեկ ներկայացուցչություն՝ ֆրանսիական «Լե Լաբողատուաղ Սեղվիե» ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Գագիկ Վելիջանյանը: Ինչպե՞ս է նախարարն ընտրել հենց նրանց, արդյոք այստեղ չկա՞ թաքնված կոռուպցիոն ռիսկ: Չէ՞ որ խորհրդի անդամներն իրավունք ունեն զբաղվելու դեղերի եւ բժշկական առարկաների պետական գրանցման, դեղերի հավաստագրման փորձաքննություններով, կարող են վերահսկել դեղերի որակը, բացահայտել կեղծված դեղեր: 

Լսե՞լ եք «շահերի բախում» 

Ուստի դեղերի շուկայի մյուս մասնակիցները, որոնք ներկայացված չեն խորհրդում, մտավախություն ունեն, որ այս երեք ընկերություններն արտոնյալ դիրքում են հայտնվում: «Ինչպե՞ս կարող է դեղ արտադրողը կամ դեղորայք ներմուծողը լինել այդ նույն՝ ներմուծվող եւ արտադրվող դեղորայքի վերահսկմամբ զբաղվող կազմակերպության տնօրենների խորհրդի կազմում: Երբեւէ լսե՞լ եք «շահերի բախում» կամ, ինչպես անգլերեն են ասում, «conflict of interest» հասկացության մասին: Եթե լսել եք, արդյոք սա ուղղակի շահերի բախում չէ՞, եւ ինչպե՞ս համոզված լինենք, որ տվյալ դեղ ներմուծողը կամ արտադրողը շահագրգռված չի լինի, օրինակ, իր արտադրանքի համար արտոնյալ պայմաններ ստեղծել շուկայում, կամ ինչպե՞ս են իրենք իրենց վերահսկելու»․ այս հարցապնդումները դեղերի շուկայի մասնակիցներն ուղարկել էին մեզ, խնդրանքով, որ դրանց շուրջ ստանանք առողջապահության նախարարության դիրքորոշումը: 

Խոսնակի լանչը հարամվեց

«Ճիշտն ասած, ես լանչի եմ հիմա»,- պատասխանեց մեզ Արսեն Թորոսյանի խոսնակ Ալինա Եղիազարյանը: Նա ուղղորդեց մեզ դեպի համացանցի անծայրածիր տարածք՝ ասելով, որ նախարարը ոնց որ պատասխանել է այդ հարցերին ԱԺ-ում, ապա հրահանգեց հարցերն ուղարկել գրավոր եւ ստորագրված: Մինչ խոսնակը կավարտեր լանչը, կստուգեր, թե արդյոք մեր հարցումը ստորագրված է, թե ոչ, ու կչարչարվեր պատասխանի վրա, մենք զրուցեցինք տնօրենների խորհրդի անդամների հետ: «Լիկվոր» ՓԲԸ տնօրեն Սերգեյ Մաթեւոսյանը հայտնեց, որ ըստ Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի կանոնադրության՝ այն հանդիսանում է փակ բաժնետիրական ընկերություն, որի կորպորատիվ կառավարման գլխավոր գործիքը խորհուրդն է: «Մեզ ներգրավել են այդ խորհրդում՝ որպես առաջատար դեղ արտադրող Հայաստանում, որ մենք օգտագործենք մեր փորձը, պրոֆեսիոնալ գիտելիքները իրենց որոշակի գործառույթներում օգտակար լինելուն: Ինչ վերաբերում է նրանց կոնկրետ պրոֆեսիոնալ գործունեությանը, դա փակ է մեզ համար, մենք չենք միջամտելու, որեւէ մասնակցություն չենք ունենալու, ասենք, դեղերի ներմուծման կամ արտադրման թույլտվություններին եւ այլն: Մեր մասնակցությունը վերաբերում է միայն ընդհանուր ուղղությունները որոշելուն, ճիշտ կազմակերպելու, միջազգային կառույցներին անդամակցելու․ դա մեր հիմնական նպատակն է»,- ասաց Մաթեւոսյանը՝ շեշտելով, որ վերահսկողական ֆունկցիա դեղերի շուկայում իրենք չեն իրականացնելու:  

Նախարարին «փոխկապակցված» ընկերություններ

«Կենտրոնի հիմնադիրն առողջապահության նախարարությունն է, մենք, այսպես թե այնպես, փոխկապակցված ենք առողջապահության նախարարությանը, քանի որ մենք ուղղակի, կոնկրետ մեր ընկերությունը դեղ է արտադրում, մյուսը ներմուծում է, մյուսը ներկայացուցիչ է: Բացի դա, մենք ընտրվել ենք ռոտացիոն սկզբունքով: Այս տարի մեր ընկերությունն է լինելու խորհրդում, մյուս տարի՝ մեկ այլ արտադրող, իսկ գործառույթներին մենք չենք խառնվելու: Դա աշխարհում ընդունված կարգ է, մենք, ավելի շուտ, հասարակական հիմունքներով ենք ընտրվել»: Ըստ էության, նույն  պատասխանը տվեց «Լե Լաբողատուաղ Սեղվիե» ընկերության հայկական գրասենյակի տնօրեն Գագիկ Վելիջանյանը. «Սա ռոտացիոն համակարգով լրացվող կառույց է: Կազմը փոփոխվելու է ամեն տարի, եւ նախարարի հրամանում այդպես էլ ներկայացված է: Նպատակը միջազգային փորձն ու աշխատանքը հասանելի դարձնելն է Հայաստանում՝ ի նպաստ ոլորտի զարգացման»: Դուք ունե՞ք վերահսկողական ֆունկցիա դեղերի շուկայում: «Մենք օգնում ենք փորձագիտական կենտրոնի աշխատանքի կազմակերպմանը մասնագիտական հարցերում: Մեր նպատակը չէ՝ գնալ ու ստուգել այս կամ այն ընկերությանը: Մեր նպատակն է՝ փորձել օգնել, որ փորձագիտական կենտրոնն ավելի մոդեռն աշխատի: Եվրոպական բոլոր առաջատար երկրներում էլ համագործակցության նմանատիպ ֆորմատներ  կան»,- ասաց Գագիկ Վելիջանյանը: 
Թե ի՞նչ է նախարարի մտքով անցել, որ նման բան է արել

Այնուամենայնիվ, հասկանալի չէ, թե ինչու պետք է տնօրենների խորհրդի անդամները հրաժարվեն իրենց կանոնադրական լիազորություններից: Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի կանոնադրության մեջ գրված է, որ տնօրենների խորհուրդն իրականացնում է ընկերության գործունեության ընդհանուր ղեկավարումը, հետեւապես, կարող է ղեկավարել կենտրոնի կարեւոր լիազորությունների իրականացումը՝  դեղագործական արտադրանքի տեսակի որոշումը, դեղագործական արտադրանքի պետական գրանցման ներկայացված հայտերի փորձաքննության արդյունքների գնահատումը, պետական գրանցման կամ գրանցման մերժման նպատակահարմարության մասին եզրակացությունների տրամադրումը, փորձաքննության մեջ գտնվող դեղերի` դեղատոմսային, առանց դեղատոմսի տրվող, հիմնական եւ հսկվող դեղերի ցանկերին պատկանելության որոշումը, դեղերի կիրառման հրահանգների հաստատումը եւ այլն:

Ստացվում է, որ նշված անձինք միանգամայն իրավունք ունեն զբաղվելու դեղերի շուկայի վերահսկմամբ: Մեզ հետ համակարծիք է «Վագա ֆարմ» ընկերության ղեկավար Վահե Վարսանյանը: «Պետական դեղերի փորձագիտական կենտրոնն առնչվում է ե՛ւ ներկրողներին, ե՛ւ արտադրողների գործունեությանը: Եթե պետական մարմին է, ուրեմն պետք է պետական պաշտոնյաներ լինեն կազմում: Եթե պետական պաշտոնյաներին արգելվում է ձեռնարկատիրությամբ զբաղվել, նույն տրամաբանությամբ էլ սա պետք է նայել: Թե ի՞նչ է նախարարի մտքով անցել, որ նման բան է արել»: Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ բարեփոխումները շարունակվում են: Ո՞րն է կոռուպցիոն ռիսկ պարունակող այս հրամանի բարեփոխիչ ազդեցությունը: Խուսանավել պատասխանից չարժե: