Ռուսաստանը «յուրացնում է» Ադրբեջանի հյուսիսային շրջանները

Ռուսաստանը «յուրացնում է» Ադրբեջանի հյուսիսային շրջանները

«Հանրապետական այլընտրանք» կուսակցության գործադիր քարտուղար Նաթիգ Ջաֆարլին Ֆեյսբուքում ընդարձակ գրառում է կատարել եւ անդրադարձել Դոնբասի բնակիչներին ռուսական անձնագրեր տրամադրելու մասին ՌԴ նախագահ Պուտինի հրամանագրին: Ջաֆարլին կարծում է, որ եթե Միացյալ Նահանգները զորք մտցնի Վենեսուելա, ապա Ռուսաստանը նույնը կանի Դոնբասում եւ հանրաքվեի միջոցով կօրինականացնի տարածաշրջանի միավորումը:

Ադրբեջանցի քաղաքական գործիչը, ընդսմին, սենսացիոն բացահայտում է արել, ըստ որի` Ադրբեջանի հյուսիսային շրջանների բնակչությունը զանգվածաբար ձեռք է բերում ռուսական անձնագրեր: Նա իշխանություններին կոչ է արել հետաքննել, պարզել, թե ովքեր են ռուսական անձնագիր ձեռք բերել, եւ նրանց առջեւ հստակ խնդիր դնել` կա'մ հրաժարվել ռուսական անձնագրից, կա'մ ենթարկվել Ադրբեջանի միգրացիոն օրենսդրությանը: Այլ կերպ ասած, քաղաքական գործիչն իշխանություններին հորդորում է երկրից արտաքսել նրանց, ովքեր ձեռք են բերել ռուսական անձնագիր: Ադրբեջանի հյուսիսային շրջանները գերազանցապես լեզգիաբնակ են: Անկախությունից ի վեր այդ խնդիրը պարբերաբար իրեն զգացնել է տալիս Ադրբեջանի ներքաղաքական կյանքում, ինչպես նաեւ` ռուս-ադրբեջանական միջպետական հարաբերություններում: Ադրբեջանական կողմը միշտ զգուշանում է, որ Մոսկվայի հետ խնդիրներ ունենալու դեպքում լեզգիաբնակ շրջաններում կարող են սկսվել անջատողական շարժումներ:

Եվ եթե «Հանրապետական այլընտրանք» կուսակցության գործադիր քարտուղարի փոխանցած տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, ապա կարելի է փաստել, որ Ռուսաստանը քայլ է անում Ադրբեջանի հյուսիսային շրջանները «յուրացնելու» ուղղությամբ: Գաղտնիք չէ, որ այդ տեղաշրջանը բուն Ադրբեջանից տնտեսապես եւ քաղաքակրթորեն անջատված է եւ սերտ կապված է Դաղստանի Ինքնավար Հանրապետության հետ: Ավելի վաղ այդ շրջաններում գործել է «Սադվալ» լեզգիական շարժումը, որը հռչակագրել էր Դաղստանի հետ վերամիավորման նպատակ: