Ընկերներ, Արամ Դանիելյանը միշտ էլ փող ունեցել է. Ալեքսանդր Սիրունյան

Ընկերներ, Արամ Դանիելյանը միշտ էլ փող ունեցել է. Ալեքսանդր Սիրունյան

Դատախազության կողմից ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հերթական հայցադիմումն է ընդունվել վարույթ. պահանջը վերաբերում է Հրազդան համայնքի նախկին ղեկավար Արամ Դանիելյանին: Դատախազությունը 2022թ.-ի սեպտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարան է ներկայացրել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը, որը 2022 թվականի սեպտեմբերի 23-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Նշված հայցադիմումով ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Կոտայքի մարզի Հրազդան համայնքի նախկին ղեկավար Արամ Ռազմիկի Դանիելյանից և վերջինիս փոխկապակցված երկու անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել հետևյալը՝ 

• 11 անշարժ գույք՝ Հայաստանի Հանրապետության տարածքում, մասնավորապես՝ Երևան քաղաքում, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում, 3 տրանսպորտային միջոց, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց նվազագույն շուկայական արժեքները, որն ընդհանուր հաշվարկով կազմում է ավելի քան 653 մլն 399 հազար դրամ,

• մասնակցություններ 2 ՍՊ ընկերությունում,

• 156 մլն 615 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել՝ հիմք ընդունելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի իրավակարգավորումը:

Մենք կապվեցինք Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի հետ: Նա մեզ հետ զրույցում նշեց, որ ինքը չի տիրապետում գործի մանրամասներին` թե ինչու է Դատախազությունը պնդում, թե իր ունեցվածքն ապօրինի ծագում ունի: Մենք զրուցեցինք Արամ Դանիելյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանի հետ: Ի դեպ, Սիրունյանը, գործող իշխանությունների համակիրներից է եւ սերտորեն աշխատում է ՔՊ-ականների հետ: 

Ա. Սիրունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Դատախազության այս հայցադիմումն առնվազն անհասկանալի է. «Դատախազությունը գտնում է, որ Պարոն Դանիելյանն իր գույքը ապօրինաբար է ձեռք բերել, սակայն դա վերջնական որոշում չէ: Շատ փակագծեր բացել չեմ ցանկանում, որովհետև նոր ենք մտնում դատական պրոցեսի մեջ: Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման դեմ պայքարն, ըստ էության, վատ բան չէ, սակայն խնդիրն այստեղ այն է, որ իմ պաշտպանյալը ոչինչ ապօրինաբար ձեռք չի բերել: Թալանը վերադարձնելու օրենքը լավ օրենք է, ես դրան դեմ չեմ, քավ լիցի: Բայց ի՞նչ է անում այժմ Դատախազությունը: Պնդում է, թե 65- ամյա Դանիելյան Արամն իր կյանքի ինչ-որ մի շրջանում փող չի ունեցել: Ընկերներ, նա միշտ էլ փող ունեցել է, սա մեկ, երկրորդ` ո՞նց եք ապացուցելու, որ մարդն իր կյանքի ինչ-որ մի շրջանում փող չի ունեցել, այն դեպքում, երբ նրա հայրը եղել է գյուղապետ, նրանք ապահոված պայմաններում են ապրել: Ներկայացված թվերն իրականությանը չեն համապատասխանում, սուտ թվեր են: Ներկայացվել են ինչ-որ անհասկանալի թվերով հողատարածքներ, սակայն այդպես չէ: Նշված է, թե պաշտպանյալս Սևան քաղաքում անշարժ գույք է ձեռք բերել, սակայն դա անշարժ գույք չէ, «բուդկա» է: Ո՞նց կարելի է «բուդկան» դիտարկել անշարժ գույք: Ոչ տուն է, ոչ առանձնատուն, մի հասարակ «բուդկա», - նշում է փաստաբանը: 

Հարցին, թե իշխանությունն ինչո՞ւ է թիրախավորել Արամ Դանիելյանին, փաստաբանն ասաց. «Այ դա ես չգիտեմ, մենք փորձում ենք քաղաքականությամբ չզբաղվել, որովհետև եթե քաղաքականության մեջ խորանանք, ապա հարց է առաջանում. իսկ ինչո՞ւ այսքան տարվա մեջ ապօրինի գույքի դեմ ընդամենը 18 հայց ներկայացվեց: Եթե մենք խոսում ենք օբյեկտիվությունից, ապա ո՞ւր է Ռոբերտ Քոչարյանի, կամ Սերժ Սարգսյանի դեմ հայցը: Լավ, նրանց էլ մի կողմ թողնենք, որտե՞ղ է Աղվան Հովսեփյանի դեմ հայցը և այդպես շարունակ: Պարոն Դանիելյանի ունեցվածքը պետք է հիմնավորենք օրինական ապացույցներով: Ոչինչ ապօրինի ձեռք չի բերվել», - իր խոսքը եզրափակեց մեր զրուցակիցը: