«Յունիգրաֆ»-ը չկա, իսկ շները շատանում են

«Յունիգրաֆ»-ը չկա, իսկ շները շատանում են

Քաղաքացիները նկատած կլինեն, որ վերջին շրջանում մայրաքաղաքում թափառող շների քանակը կտրուկ ավելացել է։ Կենդանիները մեծ խմբերով շրջում են քաղաքի տարբեր հատվածներում։ Լուսնկարը արված է Երևանի Արաբկիր վարչական շրջանի Նիկողայոս Ադոնց փողոցում։ Ինչպես երևում է, լուսանկարում 7 խոշոր չափի շներ են։

Քաղաքապետարանից հետաքրքրվեցինք, թե ո՞ր կազմակերպությունն է զբաղվում թափառող շներով։ Նախկինում այդ կազմակերպությունը «Յունիգրաֆ Իքս»-ն էր, որը հարցի ամենահեշտ միջոցն էր որդեգրել՝ պարզապես սպանել փողոցային կենդանիներին, և հետաքրքիր է, թե ի՞նչ քաղաքականություն ունի այս մասով նոր քաղաքապետը։ Քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ սպանդին դեմ են, գիտեն ,թե ինչպես պետք է հարցը լուծեն, և մնացել են միայն ընթացակարգային հարցեր․

«Մենք գիտենք, թե ինչպես պետք է լուծել այդ խնդիրը, և պրոցեսը ընթացքի մեջ է, մրցույթ պետք է հայտարարվի՝ այսպիսի ընկերություն ունենալու համար։ Դուք գիտեք, որ «Յունիգրաֆ Իքս»-ը չկա, և նախկինում որդեգրված մոտեցումները ամբողջովին չեղարկվել են, և քաղաքապետն էլ հայտարարել է, որ այլևս կենդանիների սպանդ, թափառող կենդանիների դեմ պայքար առհասարակ չի լինելու։ Պետք է այնպես լինի, որ քաղաքում և՛ մարդիկ իրենց անվտանգ զգան, և՛ կենդանիներն իրենց անվտանգ զգան․ դա կլինի ստերիլիզացում, կենդանիների կացարանների ապահովում, հայեցակարգը էդպիսին է։ Կատարման ժամկետների և կատարող ընկերությունների հետ կապված, դա արդեն ընթացակարգային խնդիր է»։