Ղարաբաղյան կարգավորման հարցում չպետք է մոռանալ միջազգային խաղացողներին․ Միխայիլ Նեյժմյակով

Ղարաբաղյան կարգավորման հարցում չպետք է մոռանալ  միջազգային խաղացողներին․ Միխայիլ Նեյժմյակով

Ռուսաստանցի քաղաքագետ Միխայիլ Նեյժմյակովը դրական է համարում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում կողմերի պատրաստակամությունը, սակայն գտնում է, որ միայն կողմերի պատրաստակամությունը բավարար չէ։

Ինչպես փորձագետն է ասել ադրբեջանական OXU.az-ի հետ զրույցի ընթացքում, նույնիսկ իրենց երկրների ներսում ղեկավարները զգուշորեն շոշափում են հանրային տրամադրությունները, ինչպիսի քայլ կարելի է որակել Հայաստանի հանրային հեռուստատեսությունում հայտնի ռեպորտաժը հայ-ադրբեջանական խաղաղ գոյակցության մասին, որը լայն արձագանքի արժանացավ եւ «միայն ալարկոտը չմեկնաբանեց այն»։

Սակայն կա եւս մեկ հանգամանք, որը չպետք է աչքաթող արվի։ Խոսքը միջազգային խաղացողների մասին է։ «Ռուս-ամերիկյան հարաբերությունների ներկայիս խնդրահարույց իրադրության պայմաններում Երեւանին մղել լուրջ զիջումների Ղարաբաղի հարցով, կարող է լինել ռիսկային Մոսկվայի համար, քանի որ Միացյալ Նահանգները կարող է օգտագործել այդ առիթը՝ խաթարելու համար ռուսական ազդեցությունը Հայաստանում։

Չպետք է նաեւ անտեսել այն ներքաղաքական իրավիճակը, որը կա Հայաստանում»,- նշել է ռուսաստանցի փորձագետը նկատելով, որ Ղարաբաղյան հարցում զիջման գնալու դեպքում հայաստանյան հասարակության ռեակցիան կարող է լինել շատ կտրուկ եւ Փաշինյանը սա նույնպես պետք է հաշվի առնի։

Հետաքրքիր է այն դիտարկումը, որ արձագանքները, որքան էլ սուր եւ կտրուկ լինեն, հիմա դեռ չեն կարող վնասել Փաշինյանին, քանի որ կողմերը ընդամենը զուսպ այսպես ասած տեսական հայտարարությունների դաշտում են, սակայն մի փոքր կոնկրետացումը կարող է լրջագույն ներքաղաքական խնդիրներ ստեղծել, հատկապես, որ արդեն հիմա խոսվում է հայաստանյան միջավայրում այն մասին, որ բանակցությունները ընթանում են ադրբեջանական սցենարով։