Փառուխի թնջուկն ավարտվեց․ նոր սադրանքների սպասումով

Փառուխի թնջուկն ավարտվեց․ նոր սադրանքների սպասումով

Կիրակի հայկական մեդիան վերջապես ուրախ լուր տարածեց՝ որ բանակցություններից հետո ադրբեջանական զորամիավորումները դուրս են բերվել Ասկերանի շրջանի Փառուխ գյուղից։ Այս մասին հայտնել էր Ռուսաստանի ՊՆ-ն։ Բայց ուրախությունը երկար չտեւեց։ Ադրբեջանական պաշտպանական գերատեսչությունից րոպեներ անց հերքեցին այդ լուրը՝ պնդելով, որ շարունակում են մնալ նույն դիրքերում։ Արդյունքում մի ամբողջ գիշեր մարդիկ չգիտեին, թե ինչ է կատարվում։ Պաշտոնական տեղեկություն անգամ Ստեփանակերտի բնակիչները չունեին, որոնք ընդամենը 32 կմ են հեռու Փառուխից։ Երեկ նրանցից մեկը մեզ խնդրում էր իրենց «Տելեգրամ լյավ կանալների» հասցեներ ուղարկել, որ հետեւեն՝ հասկանան, թե ինչ է կատարվում իրենց քթի տակ։
Տպավորություն է, որ Արցախի նախագահն ու կառավարությունը խռովել են բնակչությունից կամ այլեւս չկան։ Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը, որը մինչ այդ արագ արձագանքում էր եւ ֆեյսբուքյան նամակներին էր պատասխանում, երեկ դարձել էր անհասանելի։ Փառուխի գյուղապետ Վարդան Միքայելյանը զանգերին չէր պատասխանում։

Մենք խոցելի վիճակում ենք, այդ պատճառով էլ կոշտ ու վճռական քայլեր չեք տեսնում

«Այո, բավականին գործ արվում է ԱՀ իշխանությունների, հատկապես՝ ՊԲ-ի կողմից, ուղղակի շատ բան չենք ցանկանում հրապարակել: Էն, որ իրենք զոհեր ու վիրավորներ ունեն, դա պատահակա՞ն է, կամ որ չեն կարողանում առաջ գնալ Քարագլխի վրա ու նոր հատվածներ գրավել, դա է՞լ է պատահական»,- հարցնում է Արցախի կառավարության անդամներից մեկը՝ խնդրելով, որ անունը չհրապարակենք։ «Իրականում մենք բավականին խոցելի վիճակում ենք, այդ պատճառով էլ կոշտ ու վճռական քայլեր չեք տեսնում»,- ավելացրեց նա։ Հավանաբար, այստեղ լուրջ են ընդունել նախագահ Արայիկ Հարությունյանի խոսքերը, որ ամբողջ չարիքը Ֆեյսբուքից է գալիս։
Պաշտոնյային, որը ցանկանում է անհայտ մնալ, հարցրինք նաեւ, թե ինչ իրավիճակ է Խրամորթում։ Մեր տեղեկություններով, այնտեղ ադրբեջանական ուժեր են տեղակայված։ 

«Ոչ, չկա նման բան։ Երկու օր առաջ նախագահն էր այնտեղ, երեք օր առաջ՝ ես, ամեն օր գյուղապետի հետ խոսում եմ, նույնիսկ մարտական գործողություններ չեն եղել Խրամորթում»,- պատասխանեց նա։ Այդ դեպքում ինչո՞ւ էիք բնակիչներին էվակուացնում։ «Որովհետեւ Փառուխ գյուղը Խրամորթին մոտ է, ու ադրբեջանական դիրքերը մոտիկ են, ռիսկը մեծ էր, որ կարող է փորձեն Խրամորթ էլ մտնել»։

Երեկ, կեսօրից հետո վերջապես խոսեց Արցախի տեղեկատվական շտաբը, որը Երեւանում է տեղակայված։ Հաղորդեց, որ Փառուխ գյուղն այժմ գտնվում է Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի վերահսկողության գոտում։ «Ի շնորհիվ Արցախի զինված ուժերի խիզախ ջանքերի՝ հայկական կողմին հաջողվել է կասեցնել ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների առաջխաղացումը եւ պահպանել Քարագլուխ լեռան հիմնական մասի հանդեպ տիրապետումը»,- ասվում է հաղորդագրության մեջ, մինչդեռ, ըստ տեղի աղբյուրների, ադրբեջանական զորքը հեռացել է բացառապես ռուս խաղաղապահների ճնշման ներքո։

Փառուխի բախումը 44-օրյա պատերազմից հետո տեղի ունեցած ամենալուրջ ռազմական միջադեպն էր

Իրավիճակը սկսեց լարվել Կանանց միջազգային տոնի օրը՝ Մարտի 8-ին, երբ ադրբեջանցիները պայթեցրին Հայաստանից Շուշիով դեպի Արցախ անցնող գազատարը՝ Ստեփանակերտը մատնելով ցրտի։ Ադրբեջանի ԱԳՆ-ն ժխտում էր մեղադրանքները, պարզ կոչեր անելով՝ հայկական ուժերը դուրս բերել Արցախից։ «Խորհուրդ ենք տալիս Հայաստանին՝ ապահովել եռակողմ հայտարարությամբ իր ստանձնած պարտավորությունների կատարումը, ներառյալ զինուժի մնացած մասի դուրսբերումը ռեգիոնից, դրանով իսկ նպաստելով խաղաղությանն ու անվտանգությանը տարածաշրջանում, ոչ թե չհիմնավորված պնդումներ անել»,- հայտարարել էին Ադրբեջանի ԱԳՆ-ից։ 

Մարտի 24-ին ադրբեջանցիները գրավեցին Ասկերանի շրջանի արեւելյան մասում գտնվող այս գյուղը՝ առանց մի կրակոցի։ Հարեւան Խրամորթ գյուղը, որտեղից էվակուացրին կանանց եւ երեխաներին, սկսեց պատրաստվել ինքնապաշտպանության։ Իսկ Քարագլուխ ստրատեգիական բարձունքի համար փոխհրաձգություն եղավ, որի ընթացքում 14 վիրավոր ունեցանք եւ երեք զոհ՝ Bayraktar-ի կիրառման արդյունքում։ 

Փաստորեն, 44-օրյա պատերազմից 1,5 տարի անց Արցախի ու Հայաստանի երկինքը նորից բաց է թշնամու մահաբեր զենքի առաջ, իսկ պաշտպանության նախարարն օդը փակելու, զենք ներկրելու եւ պաշտպանական կարողություններն ամրացնելու փոխարեն քաղաքական ինտրիգներով ու քարոզարշավով է զբաղված։ Սա Փառուխի գլխավոր դասն է։ Բաքուն իր կորուստների, ինչպես նաեւ Քարագլխի կրակահերթերի մասին չէր խոսում։ Ստեփանակերտում հայտարարվեց ռազմական դրություն, իսկ Երեւանում սկսեցին խոսել նոր պատերազմի մասին։ Շաբաթ օրը՝ մարտի 26-ին, Արցախի ԱԽ-ն դիմել է ՌԴ նախագահին՝ խաղաղապահ զորքն ավելացնելու խնդրանքով։ ՀՀ ԱԳՆ-ն էլ հայտարարեց, որ ռուս խաղաղապահներից սպասում են ավելի ակտիվ գործողություններ։

Անեծքով եւ սիրով՝ Ռուսիայի հանդեպ

Մինչեւ երեկ հայկական երկու պետություններում մարդիկ ռուս խաղաղապահների ակտիվությանն էին սպասում, բայց հակասական էմոցիաներով՝ անեծքով, կասկածանքով կամ մեծ հույսով՝ առ Ռուսիա, որին, ըստ որոշ գնահատականների, Ադրբեջանի միջոցով Թուրքիան փորձում է ստիպել երկրորդ ճակատ բացել։ «Ակնհայտ է դառնում, որ Արցախում տեղի ունեցողը հստակ համակարգվում է Բաքվի կողմից` Փաշինյանի հետ միասին, եւ ուղղված է ռուս խաղաղապահների դուրսբերմանն Արցախից եւ հետագայում 102-րդ բազայի դուրսբերմանը Հայաստանից։ Այս պահին իսկապես ճանապարհ է հարթվում Փառուխ գյուղից դեպի Քարագլուխ բարձունք։ Իսկապես ռուս խաղաղապահներն այնտեղ են։

Ադրբեջանը լկտիաբար խախտում է բոլոր պայմանավորվածությունները եւ անցնում սահմանները։ Խաղաղապահները չեն կարող հարձակվել, թեեւ, անշուշտ, պետք է տեղը դնեն ներխուժած թշնամուն։ Խաղաղապահներն այժմ սպասում են որոշման հենց վերեւից, ընդ որում՝ չի կարելի տրվել հույզերին»,- մարտի 25-ին գրել էր «Ազատագրում» շարժման ղեկավար Միկա Բադալյանը։ Ոմանք էլ կարծիք էին հայտնում, որ Փառուխի եւ հարակից բարձունքի՝ Քարագլխի առումը ռուսների հետ համաձայնեցված է։

«Փառուխի, Քարագլխի եւ Խրամորթի դեպքերն Արցախի մնացորդը փուլային ճանապարհով հայաթափելու ռուս-թուրքական պայմանավորվածությունները նոր միջազգային իրավիճակին համապատասխանեցնելու երկկողմանի համաձայնեցված քայլերն են»,- հայտարարում է քաղաքագետ Ալեքսանդր Քանայանը: «Ուկրաինա ներխուժելուց առաջ Մոսկվան Ադրբեջանին մի շարք զիջումներ է արել, այդ թվում, օրինակ, Լաչինը լրիվ հայաթափելը, ինչն էլ տեղի է ունենում հենց հիմա: Սա այն գինն էր, որ պիտի վճարվեր ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում Բաքվի լոյալության դիմաց: Սա է պատճառը, որ հենց ռուսներն են պահանջել, որ մերոնք դիրքերը լքեն՝ խաբելով, որ դա հայելային է լինելու»,- ՖԲ-ում գրել էր հակառուսական ստատուսներով հայտնի քաղաքագետ Անուշ Սեդրակյանը:

Իսկ Աղասի Ենոքյանը կծու հարց էր ձեւակերպել վիրտուալ տիրույթում․ «Իսկ ինչո՞ւ եք ռուսների մասին միայն վատը մտածում: Չե՞ք կարծում, որ Փառուխը, գազատարը եւ այլն, ընդդիմությանն ուղղված հաստ ակնարկ է, թե он уже отработанный материал, Նիկոլին արդեն կարող եք ռադ անել, էլ մեզ պետք չի»:

Մի ուրիշ անգամ կասեի, որ  Հայաստանը լվացել է ձեռքերը Արցախից

Ինչեւէ, երեկ արցախցիները հաստատում էին, որ Փառուխում միայն ռուսներն են։ «Այս պահին Փառուխում գտնվում են միայն ռուս խաղաղապահները, իսկ ազերները գտնվում են գյուղի ներքեւում՝ մոտ 100-150 մետր հեռավորության վրա»,- «Հրապարակին» հայտնեց Փառուխի գյուղապետի հայրը՝ Արտյուշա Միքայելյանը։ Ո՛չ Արցախում, ո՛չ էլ Հայաստանում այսօր չկա գիտակցում, որ սա վերջին պրովոկացիան էր։

Փառուխյան թնջուկի օրերին ՌԴ նախագահ Պուտինը երկու հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետի հետ։ Փաշինյանը վերջին զրույցի ժամանակ խոսել է ռուս խաղաղապահների գործողությունների հետաքննության մասին, ինչով բարկացրել է Պուտինին։ «Ակնհայտ է, որ եթե վերլուծում ենք, թե ինչ է կատարվում Ռուսաստանի շուրջ, կարող ենք նման ենթադրություն անել, որ փորձում են Ռուսաստանին ներքաշել պրովոկացիաների մեջ, բայց այս թեմաներով որեւէ հրապարակում չենք ցանկանում լինի»,- ասաց Արցախի պատգամավոր, «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը։ Նա նաեւ հայտնեց, որ պայմանավորվածություն կա խորհրդարանական մյուս ուժերի հետ՝ զերծ մնալ լրագրողներին հարցազրույցներ տալուց եւ սահմանափակվել զուտ պաշտոնական լրահոսով։ «Ճիշտ չի լինի, որ մենք լռության մասին համաձայնությունը խախտենք։ Որ ժողովրդի մոտ լրացուցիչ հարցեր չառաջանան, պաշտոնական լրահոսով առաջնորդվենք»,- ասաց նա։ Միակ հարցին, որ նրան տվեցինք՝ հիմա ո՞ւմ է ապավինում Արցախը, Հայաստանի՞ն, Ռուսաստանի՞ն, թե՞ Իրանին, պատգամավորը պատասխանեց․ «Մի ուրիշ անգամ կասեի, որ Հայաստանը լվացել է ձեռքերն Արցախից, բայց հիմա ճիշտ չի խոսելը»։

Բացառված չէ, որ ռուսական կողմը գնա որոշակի ընդլայնման

«Նոր սադրանքների, Ադրբեջանի կողմից նոր ահաբեկչությունների, ագրեսիայի հավանականությունը շարունակում է բարձր մնալ, չնայած այն հանգամանքին, որ թե՛ ռուս խաղաղապահները, թե՛ Արցախի համապատասխան կառույցները փորձում են չեզոքացնել ադրբեջանական հետագա ագրեսիան, սակայն Ադրբեջանը, կարծես, հետեւողականություն է դրսեւորում՝ անընդհատ սարսափի մթնոլորտում պահելով Արցախը եւ դրա միջոցով հասնելու Արցախի հայաթափմանը։ Իրավիճակը բավականին անկանխատեսելի է, եւ հատկապես Ադրբեջանի եւ Թուրքիայի միջամտության պայմաններում ամեն ինչ կարելի է սպասել։

Պատերազմական ժամանակահատվածում արցախցիները շոկը հաղթահարել են, բայց սա միայն արցախցիների խնդիրը չէ։ Հայաստանը պետք է տեր կանգնի իր առաքելությանը՝ Արցախի անվտանգության երաշխավորը լինելու եւ դրանից բխող միջոցառումներ իրականացնելու մասով»,- պահը բնորոշում է ԱԺ պատգամավոր, «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը։ Որքանո՞վ է Արցախի իրավիճակը կախված Ուկրաինայի սպեցօպերացիայի ելքից․ մեր հարցին նա պատասխանեց․ «Ամեն դեպքում, որքան ավելի շուտ պատերազմն ավարտվի, այնքան դա անուղղակի եւ ուղղակի առումով կարող է դրական ազդեցություն ունենալ Արցախում ստեղծված ճգնաժամի վրա»։

Հնարավո՞ր եք համարում, որ ռուսական կոնտինգենտն Արցախում ընդլայնվի։ «Ռուսական խաղաղապահ զորքի համալրման հետ կապված՝ հրապարակային հայտարարություններ արդեն եղել են։ Իրավիճակից է կախված, թե ռուսական խաղաղապահ զորքերն ինչ ռեսուրսների եւ ինչ միջոցների հաշվին տվյալ իրավիճակում առաջացած խնդիրը կլուծեն։ Այնպես որ, այս հարցում բացառված չէ, որ ռուսական կողմը գնա որոշակի ընդլայնման»։
ՀԳ․ Երեկ Ստեփանակերտում վերականգնվեց գազամատակարարումը, եւ սա օրվա երկրորդ լավ լուրն էր։ Բայց ինչի՞ դիմաց։ Արցախում նոր դավադրության են սպասում։